Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

2016թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական կառույցների անդամները:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ  Ս. Ա. Առաքելյանը նիստի ընթացքում ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2015-2016 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. Մասնաճյուղի՝ 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2011-2016թթ. գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Ընդգծվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը  իր գործունեության ավելի քան քսան տարիների ընթացքում նպաստում է  ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին, մատուցում խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, իր կազմակերպած գիտաժողովներում, ինտելեկտուալ խաղերում, բանավեճերում, ցուցահանդեսներում, գրական-գեղարվեստական նախաձեռնություններում, վերապատրաստման դասընթացներում ընդգրկում ոչ միայն համալսարանականներին, այլև Տավուշի մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային, ռազմական ոլորտների ներկայացուցիչներին, մարզի բնակիչներին:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Լինելով մշտապես ռազմական իրավիճակում գտնվող մարզի միակ բարձրագույն կրթօջախը` նա հաջողությամբ իրականացնում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետ, այլև հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի պատրաստելու իր առաքելությունը:

Նվաճելով իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի  շարքում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ:

Ներկայացվեցին հաշվետու` 2015-16 ուստարում մասնաճյուղի գրանցած կարևորագույն ձեռքբերումները: 

Նշվեց, որ, մասնաճյուղը, արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, պարբերաբար համալրում է մասնագիտությունների ցանկն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Այժմ մասնաճյուղում ներդրված են կրթական վերջնարդյունքներով ձևակերպված 15 կրթական ծրագրեր: Արդարացված ներդրում եղավ առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: Հաշվի առնելով մարզում տարրական դասարանների ուսուցիչների մեծ պահանջարկը՝ մասնաճյուղը հաշվետու ուստարում իրականացրել է նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելություն, իսկ 2017-18 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և  «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով՝ ընդլայնելով դիմորդների մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Հաշվետու ուստարվա կարևոր ձեռքբերումներից է  բակալավրի կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ի՝ որպես մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի ներդնումը, որի միջոցով մասնաճյուղն ակնկալում է ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

Կրթական ծրագրերի արդյունավետության անհրաժեշտ պայմանը բավարար քանակով դիմորդների առկայությունն է, որին ուղղված են մասնաճյուղի ընդունելության մարքեթինգային գործընթացները` պարբերաբար ընդլայնվող ակտիվ գովազդարշավով:

Շեշտվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-17 ուստարում մասնաճյուղում սովորում են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա  ուսուցմամբ 1718 ուսանողներ, նրանցից 1564-ը՝ վճարովի:

Մասնաճյուղը 2015-16 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ տվել է 189,  իսկ հեռակա ուսուցմամբ՝ 161 շրջանավարտներ, նրանցից գերազանցության դիպլոմով ավարտել է 21-ը: Պետք է փաստել, որ մասնաճյուղի շրջանավարտներին հանձնվում է միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) դիպլոմի հավելված:

Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 119 ուսանող (այդ թվում՝ 3-ը արտամրցութային): Պետական և ներբուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 139 ուսանողների, որոնցից անվանական կրթաթոշակ է ստացել 12 ուսանող: 2015-16 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել են 336 ուսանողներ, այդ թվում՝ 152-ը առկա:

Գիտխորհրդի նախագահը նշեց, որ իրենց ուսումնառությունից և կրթական միջավայրից բավարարված ուսանողներ ունենալու նախապայմանը կրթական ծրագրերի իրականացման պահանջներին բավարարող համալսարանական ենթակառուցվածքներն են: 

Որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականներից է մասնաճյուղում ներդրված որակի ներքին ապահովման համակարգը: Այդ համակարգի գործառույթների շրջանակներում իրականացվել է որակի շարունակական բարելավմանը միտված փաստաթղթային հենքի համալրում, վերանայում և ներդնում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել են 5 քաղաքականություններ, 13 կանոնակարգեր, մի շարք ուղեցույցներ և ձևաչափեր և այլն:

Հաշվետու ուստարում իրականացվել են բազմաբնույթ խորհրդատվական աշխատանքներ,  ներքին և արտաքին շահակիցների շրջանում անց են կացվել պլանավորված 6 հարցումներ, կազմվել է արտաքին և ներքին շահակիցների առաջարկությունների և կարծիքների փաթեթ, կատարվել է դրանց վերլուծություն, իրականացվել է 2011-15թթ. ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության վերլուծություն:

2015 թվականին՝ 3-րդ անգամ, իրականացվել է մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատում, կայքում հրապարակվել է համապատասխան զեկույցը: Արդեն հինգ տարի է մասնաճյուղը գնահատում է իր ձեռքբերումները` հանրությանը ի ցույց դնելով իր գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները և դրանց վերլուծությունը: Հաշվետու ուստարում նույնպես համալրվել և վերլուծվել են այդ ցուցանիշները 2011-16թթ. համար, կազմվել է համապատասխան հաշվետվություն և հրապարակվել:

Բոլոր գործընթացներում ներգրավված են եղել ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և արտաքին շահակիցներ:

Զեկուցողը փաստեց, որ այժմ մասնաճյուղում դասավանդում են հիմնական և համատեղությամբ 121 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.5%), 37 դոցենտ (31%), 49 ասիստենտ և 32 դասախոս (67%), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 65 թեկնածու, ընդ որում՝  գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50%-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 48 է:

Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը 2015-16 ուստարում կազմել է 19.57, իսկ 2016-17 ուստարվա համար այն հավասար է 20.24-ի: Դասախոսների միջին տարեկան ուսումնական բեռնվածության համահամալսարանական միջինը հաշվետու ուստարում կազմել է 815.9 ժամ (2016-17 ուստարում այն կազմում է 900.7 ժամ):

Հատկանշվեց, որ վերջին 5 ուստարիների ընթացքում թեկնածուական թեզ պաշտպանած 27 դասախոսներից 21-ը հիմնական աշխատողներ են, այդ թվում 16-ը երիտասարդ, իսկ 10-ը՝ մասնաճյուղի շրջանավարտներ են: Հաշվետու ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ:

Դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավարժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցումների միջոցով:  2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.54-ից:

Մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն (նպատակ 3): ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումների գործընթացների, իրադարձությունների, կազմակերպված միջոցառումների, հարցազրույցների, անհրաժեշտ հայտարարությունների, ուսանողական կյանքին և միջավայրին վերաբերող նորությունների լուսաբանումը, տեղեկատվության մատչելիությունն ապահովվում է  մասնաճյուղի ինտերնետային կայքի միջոցով (եռալեզու տարբերակի իրականացումն ընթացքի մեջ է), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի և խմբի միջոցով, նաև  մասնաճյուղի մասին տեղեկատվություն ու նկարագրություններ են տպագրվում տարբեր տեղեկագրքերում, ժողովածուներում և կայքերում, մասնավորապես «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթում, “1TV.AM”, “HAYNEWS.AM”, “TESANKYUN.AM”, “CIVILNET.AM”, “LURER.COM” Հայ Առաքելական Ուղղափառ  Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի   «Հայարտուն» կենտրոնի կայքերում և այլն:

Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում իրենց անփոխարինելի տեղն ունեն ուսանողական ինքնավարության կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ): Հաշվետու ուստարում ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և սպորտային շուրջ 35 միջոցառումներ և հանդիպումներ, մասնակցել են ԵՊՀ ուսանողական ձեռնարկումներին: ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, մասնագիտական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, շարադրությունների մրցույթներ, մարզի դպրոցականների համար օլիմպիադաներ: Նրա անդամները մասնակցել են 2 գիտաժողովների, նաև բիզնես-թրեյնինգի դասընթացների:

Պարոն Առաքելյանը նշեց, որ ուրաքանչյուր տարվա ավարտին մասնաճյուղը գնահատում է  իր ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կատարում վերլուծություններ և դրանց հիման վրա պլանավորում հաջորդ տարվա իր ֆինանսական գործունեությունը, որը նպատակ ունի խնայողությունների հաշվին բարելավել ուսումնական գործընթացները, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, ավելացնել և զարգացնել նյութատեխնիկական բազան:

 Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում ԵԿՄ վարչության կողմից «Հայաստանի երկրապահ» մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄի՝ Քառօրյա պատերազմին մասնակցած հետևյալ ուսանողները.

  1. Եգանյան Գրիգոր Ռուբենի (առկա ուսուցման համակարգ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության  I կուրս),
  2. Խաչատրյան Տիգրան Հենրիկի (առկա ուսուցման համակարգ, «Կիրառական արվեստ» մասնագիտության II կուրս),
  3. Աբազյան Վահագն Վիկտորի (հեռակա ուսուցման համակարգ, «Պատմություն» մասնագիտության II կուրս),
  4. Մատինյան Սեյրան Հովհաննեսի(հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  5. Տոֆանյան Ռաֆայել Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  6. «Փաշինյան Գրիգոր Թոռնիկի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  7. Թամրազյան Հայկ Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ,«Սերվիս» մասնագիտության II կուրս),
  8. Մանուչարյան  Սարիբեկ  Ժորայի (հեռակա ուսուցման համակարգ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրս):

 

Պատվոգրեր տրվեցին ԼՂՀ զինված ուժերում ծառայած՝ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բոլոր ուսանողներին:

Անբասիր աշխատանքի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ալբերտ Հովհաննիսյանը ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Սերվիս» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ նրանց ընտանիքներին մաղթելով խաղաղություն, բարօրություն, երջանկություն, հաջողություն և ամենայն բարիք:

Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Գիտխորհրդի ընդլայնված նիստի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: