Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Լիաննա Բեգինյանի հետ

6. Լիաննա Բեգինյան

 2019թ. փետրվարի 26-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2002թ. շրջանավարտ, Ուսումնամեթոդական վարչության մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լիաննա Գրիշայի Բեգինյանի հետ:

– Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1980 թվականի նոյեմբերի 6-ին Իջևան քաղաքում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Մեր ընտանիքը սովորական հայկական ընտանիք էր, թաղամասի ընտանիքների նման: Ծնողներս երբեք հետաքրքրված չեն եղել գիտությամբ: Ես դեռ փոքր եմ եղել, երբ հայրս տեղափոխվել ու հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, մայրս շատ դժվարությունների միջով է անցել մինչև մենք` ես և քույրս,  կինքնուրույնանայինք: Ամուսնացել եմ 2005 թվականին, ունեմ մեկ դուստր և մեկ որդի, դուստրս՝ տասներկու տարեկան է, որդիս` ութ: Ամուսինս երկար ժամանակ աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում, այժմ զբաղվում է մասնավոր գոր­ծունեությամբ:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Հիշում եմ՝ փոքր հասակում, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես պատասխանում էի` դերասան, մեծանալով հասկացա, որ  հեռու եմ դերասան լինելուց:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 1998-2002 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ստանալով պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան: 2002-2004 թթ. սովորել եմ ԵՊՀ մագիս­տրատուրայում և ստացել պատմության մագիստրոսի աստիճան: 2005-2014 թթ. եղել եմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ: 2014 թվականին պաշտպանել եմ «Հուղարկավորության  և հիշատակի ծեսերն ու սովորույթները Տավուշում արդի փուլում. ավանդույթներ և նորույթներ» թեմայով գիտական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Ես համակարծիք եմ Ձեզ հետ, Հասմի՛կ, երբ նախորդ հարցազրույցում ասում եք, որ Մայր բուհի մասնաճյուղի գոյությունը Իջևանում փրկության իսկա­կան աղբյուր էր այն երիտասարդների համար, ովքեր հնարավորություն (նյութական և այլ) չունեին Երևանում սովորելու, բայց մեծ ցանկություն ունեին ուսում ստանալու: Իմ դեպքում ևս այդպես էր (1990-ականներին քչերը կարող էին ուսում ստանալ Երևանում), մասնաճյուղը մեծ դեր է խաղացել իմ հետագա գործու­նեության համար: ԵՊՀ ԻՄ-ում ուսանելու տարիներին է, որ հասկացա, թե ինչ մասնագիտացում կուզենայի ունենալ, բազում առարկաների մեջ ինձ գրավեց ազգագրությունը: Դեռ փոքր հասակից ես հետաքրքրված էի այն արարո­ղություններով, որոնք կատարվում էին իմ շուրջը, հաճախ էի ամռան գիշերներին բարձրանում մեր տան կտուրը և նայելով լուսավորված քաղաքին՝ փորձում հասկանալ, թե ինչպես են մտածում մարդիկ: Ինչ խոսք, ես շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին իրենց վերաբերմունքի և փոխանցած գիտելիքների համար: Մշտապես ասում եմ, որ ես թերևս չզբաղվեի գիտությամբ, եթե սեր և վստահություն չտեսնեի նրանց աչքերում: Նրանց շարքը համալրելը մեծ պատասխանատվություն է:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Դեռ ուսանելու տարիներից սկսել եմ իրականացնել մանկավարժական գործունեություն. 2001-2002 թթ. զբաղվել եմ ուսուցչությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, 2005 թվականից որոշ ժամանակ աշխատել եմ ԿԱԻ Տավուշի մասնաճյուղում որպես մասնագետ, նույն՝ 2005 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, 2015 թ.-ից ասիստենտ եմ, 2018թ. սեպտեմ­բերից նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչն եմ:    

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Սիրում եմ այն գրքերը, որոնք վերաբերում են աշխարհի ժողովուրդներին, իսկ ավելի շատ սիրում եմ հեքիաթներ (Հովհ. Թումանյան, Գրիմ եղբայրներ, Շարլ Պերո, Անդերսեն և այլք):

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Մասնագիտական գրականություն միշտ եմ կարդում, գեղարվեստական գրականություն ոչ միշտ է ժամանակս թույլ տալիս, կարդացածս վերջին գեղարվեստական գիրքը եղել է ամերիկացի գրող և հասարա­կական գործիչ Թեոդոր Դրայզերի «Հանճարը»:

  Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Ամենից հաճախ լսում եմ դասական երաժշտություն, կդժվարանամ առանձնացնել սիրած երգ, քանի որ սիրելի երգեր շատ ունեմ. դրանք իտալական, ֆրանսիական, ռուսական և հայկական երգեր են, որոնք լսում եմ՝ ելնելով տրամադրությունից և իրավիճակից, սակայն մշտապես կարող եմ լսել Կոմիտասի «Հոլ արա, եզո» կատարումը:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

– Սիրում եմ հայկական բոլոր այն ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանը, Հրաչյա Ներսիսյանը և Սոս Սարգսյանը, արտասահմանյան ֆիլմերից այն ֆիլմերը, որոնք ուսուցողական են (օրինակ՝ «Աստվածային լույս» ֆիլմը), վերջին տարիներին թերևս նախընտրում եմ դիտել կատակերգություններ:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Ինձ միշտ գրավել է գեղասահքը, կարծում եմ այն շատ դժվար մարզաձև է:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Ուսանելու տարիներից առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Երևանի նկատմամբ, հանգստություն եմ զգում, երբ քայլում եմ նրա լուսավորված փողոցներով, շատ սիրում եմ Գառնին. այն ուրիշ արժեք է հայի համար: Հայաստանից դուրս կցանկանայի տեսնել Նեմրութ լեռը, լինել Հունաստանում և Իտալիայում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Բարոյականությունը, զսպվածությունը, լավատեսությունն ու կյանքի ձգտումը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Ես երբեմն առաջնորդվում եմ ժողովրդական խոսքերով, դրանք հարուստ կենսափորձի արդյունք են: Օրինակ՝ դրանցից մեկը, որին ես հետևում եմ, մեզ ասում է.  «Ոտքդ վերմակովդ մեկնիր», խորհուրդ է տալիս չկտրվել իրականությունից ու ճիշտ գնահատել ունեցածդ  հնարավորությունները:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Թեև կան բաներ, որոնց սկզբունքորեն դեմ եմ, սակայն երբեք չեմ ասում՝ երբեք, որպեսզի կյանքն ինձ հակառակում չհամոզի, պարզապես աղոթում եմ, որ Աստված ինձ ու իմ ընտանիքին փորձությունների չենթարկի:

Ինչի՞ց եք վախենում:

– Ես սիրում եմ ասել` «վախենում են նրանք, ովքեր վախենալու բան ունեն», իսկ մարդը վախենալու բան ունի, եթե դա կապված է ծնողի, սիրելիի, երեխայի կամ մեկ այլ մարդու հետ, ով հոգեհարազատ է: Վախերով հանդերձ՝ ես փորձում եմ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ դպրոցական տարիներիս համար, որ անցան մութ ու ցուրտ պայմաններում: Նույնչափ ափսոսում եմ, երբ բնակության վայրը փոխում են կամ կյանքից հեռանում են այն մարդիկ, որոնց սիրում, գնահատում կամ կարևորում եմ:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Անցյալում ունեցած դժվարությունները և ապագայի նկատմամբ հավատը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Մայրանալը, այն կնոջ ամենամեծ ձեռքբերումն է:

  Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Կարծում եմ՝ աշխատասիրությունը և պատասխանատվության զգացումը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Խորհուրդներ շատ եմ լսել, բայց կարևորում եմ հատկապես դասախոսիս` Սիմոն Հմայակյանի տված խորհուրդը: Մի անգամ ինչ-որ առիթով նա ինձ ասաց. «Լիաննա՛, փոխի՛ր միջավայրդ, եթե քեզ լավ չես զգում»: Այդ օրվանից ես հետևում եմ նրա խորհրդին, իսկ երբեմն էլ մարդկանց ուղղակի ջնջում եմ հիշողությունիցս: Ի դեպ, մի քանի օր առաջ նրա ծննդյան օրն էր, և ես, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը ու փոխանցել հարգանքներս:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, ­որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄի ուսանողներին):

– Մեր ուսանողներին խորհուրդ կտամ, որ ճիշտ օգտագործեն իրենց ուսանողական տարիները, զբաղվեն ինքնակրթությամբ և կարևորեն ազգային ու ընտանեկան արժեքները:

Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: