Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշի՝ Պ․Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի սաների այցելությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխ. 2023թ. մայիսի 26-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի՝ Պ․Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի այս տարվա շրջանավարտները՝ ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, նույն բաժնի տեսուչ Ա.Սարգսյանի և քոլեջի կուրսղեկ Ռ․Զուրաբյանի  ուղեկցությամբ:

Քոլեջի շրջանավարտները նախ շրջայց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ծանոթացան համալսարանական առօրյային, ֆակուլտետներին, իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, տեղեկատվություն ստացան մասնաճյուղի տարածքում գործող ուսումնագիտական կենտրոնների, ուսանողական կառույցների մասին, ապա ունեցան հանդիպում-քննարկումներ:

Ելնելով քոլեջի շրջանավարտների հետաքրքրություններից՝ հանդիպում կազմակերպվեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա․Մարգարյանի և դասախոս Ս․Սաֆարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերի առանձնահատկություները, աշխատաշուկայի հնարավորությունները:

Ապա քոլեջի սաները հանդիպեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․Դավթյանի հետ, ով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտներին ներկայացրեց հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում նախընտրած մասնագիտությամբ ուսումը շարունակելու ընթացակարգը:

Հավակնորդ շրջանավարտները պարոն Դավթյանին մեծ հետաքրքրությամբ լսեցին և նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք գլխավորապես վերաբերում էին ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին, դրանց ներկայացման ժամկետներին, մրցույթի կազմակերպմանը, առարկայական տարբերություններին, ժամանակացույցին, վճարաչափերին: