Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

2015թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի հետ համատեղ այցելեց մարզի դիրքեր` առաջնագիծ` այնտեղ, որտեղից հիրավի սկսվում է հայրենիքը:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Այցելության նպատակն էր ոգևորելու, ամանորյա տրամադրություն հաղորդելու մեր զինվորներին` գիշեր-ցերեկ մեր սահմանը զգոն հսկող, հայրենի հողը սրբորեն պաշտպանող մեր քաջ տղաներին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Առաջնագծում ակումբականներն ու ՀԵՀ-ի ներկայացուցիչները նախ մանրամասն ծանոթացան զինվորների առօրյային, նրանց հետ ունեցան հայրենասիրության թեմայով ոգեշունչ զրույց, ապա երգեցին ու նվագեցին նրանց համար:

Երիտասարդները զինվորներին այցելել էին նվերներով, գրքերով և, որ ուշագրավ է, իրենց հետ տարել էին մարզի սահմանամերձ գյուղերի աշակերտների` զինվորներին ուղղված սրտաբուխ ու հուզիչ նամակները, որ սիրո, հավատի, քաջալերանքի ուժեղ, անմիջական, պարզ ու զգացմունքային խոստովանություններ էին:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

«Սահմանին ապրող երեխան,- հատկանշում է ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կ.Իսկանդարյանը,- տարբեր է մյուս երեխաներից (թո՛ղ ինձ ներեն սահմանից հեռու ապրողները)… Այստե՛ղ խաղաղություն են ուզում Ձմեռ պապիկից, այստե՛ղ զինվորին ուրիշ ձև են սիրում, այստե՛ղ երեխաները զենքերը տարբերում են կրակոցների ձայներով, այստե՛ղ հողը ապրելով են ամրացնում, այստե՛ղ հայրենիքը պահողներ են մեծանում…»:

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

Սպասվում են նաև զինվորների` աշակերտներին ուղղված պատասխան-նամակները:

Այցելության վերջում զինվորական անձնակազմը շնորհակալություն հայտնեց նման քաջալերող այցելությունների, փոխանցված ջերմության ու հոգատարության համար, իսկ երիտասարդները խոստացան, որ նման այցելությունները հաճախակի կլինեն։ 

Ամանորի նախաշեմին տավուշցիները ոգևորում են մեր զինվորներին

 «Տավուշ»  ռազմահայրենասիրական ակումբը,  ինչպես տարին սկսել էր զինվորի կողքին, այդպես էլ ավարտեց`զինվորիի համար հնարավորինս թիկունք դառնալով և նրան աջակցելով։