Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ֆինանսական օգնություն

ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ֆինանսական օգնություն

Արվեստ Հայաստան հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:

Արվեստի նախագծերի ֆինանսական օգնությունը հասցեագրված է արվեստագետներին եւ արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ ներառյալ մեդիա, թվանշային, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ, պերֆորմանս եւ հանրային արվեստներ: Ծրագիրը բաց է ինչպես ուսանողների, այնպես էլ կայացած արվեստագետների համար:

Դրամաշնորհները հանդիսանում են հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման ծախսերի հատուցման ձև: Ընդ որում նախագծերի հետազոտական փուլը կարող է ավարտված լինել մինչ Դրամաշնորհի մրցույթին դիմելը, իսկ արվեստի գործի ստեղծումը սույն ծրագրով Դրամաշնորհ ստացած նախագծի ավարտից առաջ պարտադիր պայման է:

Ծրագրի նպատակները

աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, ոգևորել արվեստագետներին՝ հետամուտ լինելու իրենց արվեստային գործունեությանն ու մասնագիտական զարգացմանը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի աշխուժացմանը:

Մասնակցությունը

Ֆինանսական օգնության ծրագրին կարող են դիմել անհատ արվեստագետներ եւ արվեստային խմբեր (համատեղ աշխատող երկու եւ ավելի արվեստագետներ): 

Մասնակցության պայմանները.

լինել հայաստանաբնակ կամ ներկայացնել հայկական սփյուռքը,
ստեղծել արվեստի գործը Հայաստանում, չհանդիսանալ Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության ծրագրի շահառու/ներ նույն օրացույցային տարում,
նախկինում ԱՀ հիմնադրամի շահառու/ներ հանդիսանալու դեպքում տրամադրած լինել ծրագրի պայմանները բավարարող հաշվետություն:

Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության չափը

Առաջարկվող ֆինանսական օգնությունը համարժեք է 4.500 ԱՄՆ դոլարին: Այնուհանդերձ, տրամադրվող գումարը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր` ըստ արվեստագետի ակնկալած գումարի, որը կախված է նախագծի պահանջներից:

Դիմորդը կարող է ստանալ պահանջվող գումարը ոչ ամբողջությամբ: ԱՀ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում որոշելու ֆինանսական օգնության վերջնական չափը:

Ֆինանսական օգնությունը տրվում է հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման նպատակով: Արվեստի նախագծով հետազոտական աշխատանքի ֆինանսավորմանը դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել, թե ինչով այդ աշխատանքը կնպաստի ստեղծվող արվեստի գործի գաղափարի, ինչպես նաեւ արվեստագետի արվեստային գործունեության զարգացմանը:

Հայտադիմումը կարող է ներառել կամ չներառել հետազոտական աշխատանքի բաղադրիչ, մինչդեռ պարտադիր նախապայման է արվեստի գործի ստեղծումը:

Դիմումների ընթացքը

Հիմնադրամի Խորհրդի անդամները հավասարապես գնահատում են ԱՀ Հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացված բոլոր հայտադիմումները:

Առաջին փուլում Հիմնադրամի աշխատակազմն ուսումնասիրում է հայտադիմումները, կից փաստաթղթերը եւ հաստատում դրանց վավերականությունը:

Երկրորդ փուլում Հիմնադրամի Խորհրդի անդամները կստանան բոլոր վավերական հայտադիմումները, դրանց կից փաստաթղթերը, այլ հնարավոր փաստաթղթեր: Խորհրդի անդամները կքննարկեն դիմումները ֆիզիկական եւ առցանց հանդիպումների ընթացքում՝ ընտրելով հաջողակ հայտադիմումներն ըստ Գնահատման չափանիշների (տես ստորեւ) եւ ֆինանսավորման հնարավորությունների: Հընթացս Խորհրդի անդամները կարող են պահանջել հավելյալ տեղեկություններ:

Բոլոր դիմորդները կտեղեկանան արդյունքների մասին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ կետով նախատեսված գրաֆիկի:

Հայտադիմումների գրաֆիկը

Բաց մրցույթ #3
հունվարի 10 — մարտի 12, 2018 (23:55 AMT)

Լրացված հայտադիմումները (հայերենով կամ անգլերենով) ուղարկվում են հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ grants@foundationaa.com:

Աղբյուրը՝ http://foundationaa.com