Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քեզ սրբորեն կոչել մայրենի, քեզանով ենք մենք դարեդար հառնել… Ու թե քեզ դավենք, ուրեմն չունենք հող ու հայրենիք…». մասնաճյուղում կայացավ մայրենիին նվիրված միջոցառում

1. գլխավոր

2021թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  մայրենի լեզվին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:

 

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի անդամները, ուսանողներ:

 

Միջոցառման մասնակիցները՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողները, հանդես եկան մայրենի լեզվին նվիրված ոգեշունչ բանաստեղծություններով ու էսսեներով (Սիրանուշ Սարդարյան. «Հրեշտականման լեզու»), ներկայացրին մայրենիին նվիրված տոնի նախապատմությունը, թե ինչպես 1999թ. նոյեմբերի 17-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից  փետրվարի  21-ը հռչակվեց  որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Հայաստանում այն նշվում է 2005 թվականից:

 

Լեզվին նվիրված ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին ոսկեղենիկ հայերենի մասին հայ և համաշխարհային մեծերի ասույթները, ցուցադրվեցին հայոց այբուբենի և լեզվի մասին տեսահոլովակներ:

 

Իրենց ելույթներում ուսանողներն ընդգծեցին, որ հիրավի «լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը…» (Հովհ. Թումանյան): Դարեր ի վեր սառնորակ աղբյուրի նման սնող ամրակուռ մայրենին մշտապես ծարավը հագեցնող անցորդներին է նվիրել իր խորքերում խնամքով փայփայած հրաշակերտ ադամանդներ. շնորհաշատ, գիտուն, խորամիտ անհատների միջոցով գալիք սերունդներին է ավանդել գիտական, պատմամշակութային հսկայական հարուստ ժառանգություն:

 

Միջոցառման վերջում մայրենի լեզվի արժևորման խոսքով հանդես եկան  Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Վ.Ավագյանը և ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Կ.Պողոսյանը՝ մատաղ սերնդին պատգամելով սիրել, փայփայել և անաղարտ պահել մեր մայրենին՝ «հնաբառ, մեսրոպատառ, աղբյուրի պես ջինջ ու կայտառ, մոր նման
միշտ տուն կանչող, մայր հողի պես միշտ կանաչող» լեզուն հայոց…