Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց քննարկում

1. գլխավոր

  2020թ․ հունիսի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանի և ՄԿՈԱ բաժնի կողմից կազմակերպվեց կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց հանդիպում, որի նպատակն էր մասնակիցներին տրամադրել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման վերաբերյալ խորհրդատվություն:

Մասնաճյուղի գիտխորհուրդն իր ապրիլյան նիստում որոշում էր կայացրել առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դասընթացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք: Դրա նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները, զարգացնել մասնագիտական գրականությունից և տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, տվյալներ հավաքագրելու և վերլուծելու նրա հմտությունները, հետազոտելու և եզրակացություններ կատարելու կարողությունները, նպաստել նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Առցանց քննարկման ընթացքում Ա.Մակարյանը նախ ներկայացրեց հետազոտական բաղադրիչի ներդրման ուղղությամբ ամբիոններոմ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես նշվեց, որ ամբիոններում հանգամանորեն քննարկվել են հետազոտական աշխատանքների ներդրման հետ կապված խնդիրները, նշվել են հետազոտությունների հիմնական ուղղությունները, ընտրվել են մասնագիտական այն դասընթացները, որոնց խնդիրների շրջանակներում կիրականացվեն ուսանողների հետազոտությունները։ Սահմանված ժամկետներում ամբիոնները կազմել և ներկայացրել են նոր ուսումնական պլանները, ապա անցել են կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հետազոտական բաղադրիչից բխող պահանջներին համապատասխան սկսել են վերանայել կրթական ծրագրերի և ընտրված դասընթացների նպատակները, խնդիրները, կրթական վերջնարդյունքները։

Պարոն Մակարյանը ՄԿՈԱ բաժնին հանձնարարեց անհրաժեշտ նյութերով և խորհրդատվությամբ աջակցել կրթական ծրագրերի ղեկավարներին, խորհուրդ տվեց վերջնարդյունքների ձևակերպման համար ուղղորդվել Բլումի տաքսոնոմիայից բխող գործողությունների բայերով, ունենալ հստակ ձևակերպված վերջնարդյունքներ և մինչև հունիսի 30-ը ՄԿՈԱ բաժին ներկայացնել վերանայված կրթական ծրագրերը։

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց լինել հետևողական, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը հետազոտություն պարունակող դասընթացները վարող դասախոսները վերանայեն իրենց առարկայական պորտֆոլիոները, մասնավորապես՝ դասընթացի վերջնարդյունքները, դրանց համապատասխան ընթացակարգերը, հետազոտության թեմաները և առաջադրանքները, ինքնուրույն աշխատանքների շրջանակներում իրականացվող նախագծերը, կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, գրականության ցանկը և այլն։

Որոշվեց մինչև հունիսի 30-ը նորից հանդիպել, կազմակերպել բաց քննարկումներ, գործընկերներին աջակցության շրջանակներում ներկայացնել կատարված աշխատանքները և հաջող մոտեցումները։