Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ

#ARstudio2019թ. մարտի 26-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Դիզայն» մասնագիտությունների ուսանողներ: Դահլիճի ձևավորումն ապահովել էին «Դիզայն» II կուրսի ուսանողուհիներ Նոննա Ալավերդյանն ու Դիանա Դալլաքյանը, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհի Էլմիրա Կոստանյանը:

ՀՀ Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, մեծագույն հայ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-ցերեկույթը «Բոհեմ» երգի  փայլուն կատարմամբ  բացեց «Դիզայն» III կուրսի ուսանող Գուրգեն Դալյանը:

Ապա միջոցառման ընթացքում ֆրանսերենով և հայերեն թարգմանությամբ ներկայացվեց Շառլ Ազնավուրի կենսագրությունը: Մասնավորապես նշվեց, որ թեև մեծն հայորդին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն անդառնալիորեն կապված է եղել իր մայր հողին՝ Հայաստանին. առաջին անգամ Ազնավուրը Հայաստան էր ժամանել 1963թ., այնուհետև 1988-ին: Այդ աղետալի դեպքից հետո շուրջ 30 տարի Ազնավուրն իր մարդասիրական օգնությունն է հասցրել Հայաստանին:

Հնչեցին Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից՝ «Մայրիկ (La Mamma)», «Ես և դու (Moi et toi)», «Սիրո մի կյանք (Une vie d’amour)», «Քեզ համար, Հայաստան (Pour toi Arménie)» երգերը, ինչպես նաև որպես բանաստեղծություն դաշնամուրի նվագակցությամբ  ներկայացվեցին «Ես ոչինչ չեմ մոռացել (Je n’ai rien oublié)», «Ես սպասում եմ քեզ (Je t’attends)» և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նրանք ընկան (Ils sont tombés)» երգերը:

Մասնակիցները միջոցառման ընթացքում ընդգծեցին այն գաղափարը, որ Ազնավուրը, ով, Միսաք Մանուշյանի խոսքով ասած, դարձավ Հայաստանի պատիվը և Ֆրանսիայի փառքը, միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Վերջում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բարձր մակարդակով անցկացված միջոցառման համար:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում