Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների ճանաչողական այցը Աշոտ Երկաթի բերդ

2017թ. ապրիլի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I-III կուրսերի ուսանողները “Ijevan Tour”-ի կազմակերպիչների և իրենց դասախոսների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Աշոտ Երկաթի բերդ, ուսումնասիրեցին տեղանքը և ծանոթացան ամրոցի անչափ հետաքրքիր պատմությանը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը Աշոտ Երկաթի բերդ

Մասնավորապես ներկայացվեց, որ Տավուշի բերդը IX-X-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատունի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրել է նրանց դիմադրությունը և գրավել Տավուշի բերդը։

Գրավոր աղբյուրներում բերդն առաջին անգամ հիշատակվել է X դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին։ XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։

Այժմ այն գտնվում է ոչ լավ վիճակում։ Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերն անհայտ են։

Մեր ուսանողների ճանաչողական այցը Աշոտ Երկաթի բերդ

 

Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել: Փոխարենը ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողները ձեռք բերեցին բերդի պատմական աղբյուրներին, ամրոցի շինությանը վերաբերող գիտելիքներ, տեղանքի ուսումնասիրման հմտությունններ: