Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի 28 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝ Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի գործակցությամբ

1. գլխավոր

2020-2021 ուստարվա համար Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ սահմանել է 100.000-ական ՀՀ դրամի չափով մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես անապահով ընտանիքների 28 ուսանողի, որից 3 ուսանողի կրթաթոշակ տրամադրել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Կրթաթոշակին արժանանալու համար 2020թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

Հանձնախումբը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Արժանապատիվ Տեր հայրեր՝ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, Տավուշի թեմի գլխավոր հաշվապահ Լուսինե Խաչատրյանի, Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր պատասխանատու Ռուբեն սարկավագ Արզումանյանի և ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Էրինե Ղարայանի մասնակցությամբ, ընտրեց 28 ուսանողներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացած ուսանողներին ու խորին շնորհակալություն ենք հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, թո՛ղ Աստված առատորեն օրհնի նրանց հայրենանվեր գործունեությունը և համատեղ բարի գործերը՝ ուղղված Հայոց աշխարհի ու մասնավորապես Տավուշի մարզի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը:

2. տեքստի ներքևում