Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը

 2017թ. հունիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողները:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

 

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա ընթացքում ամբիոնների կատարած աշխատանքները, ամփոփիչ ատեստավորման և ավարտական աշխատանքների պաշտպանության և գարնանային քննաշրջանի արդյունքները,  ինչպես նաև Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի՝ «Անգլերենը արվեստի ֆակուլտետի ուսանողների համար» մեթոդական ձեռնարկը տպագրության երաշխավորելու հարցը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ներսիսյանը ամփոփիչ ատեստավորման և ավարտական աշխատանքների պաշտպանության վերաբերյալ նշեց, որ հանձնաժողովների նախագահները հիմնականում բարձր են գնահատել շրջանավարտների ցուցաբերած գիտելիքները: Վերջիններիս դիտարկումները քննարկվել են համապատասխան ամբիոնների նիստերում, կատարվել անհրաժեշտ հետևություններ:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Այնուհետև ֆակուլտետի հինգ ամբիոնների վարիչները ընդհանուր գծերով ներկայացրին իրենց ամբիոնների տարեկան գործունեությունը: Նրանք նշեցին, որ կատարվել է մեծ ծավալի գիտամանկավարժական աշխատանք, կազմակերպվել են միջոցառումներ, մրցույթներ, քննարկումներ: Ամբիոնների վարիչների կողմից հաճախակի իրականացվել են դասալսումներ: Զեկուցողները հատկապես կարևորեցին այն փաստը, որ Մասնաճյուղում ստացած ուսումնառությունից շրջանավարտների բավարարվածության՝ այս տարվա հարցման արդյունքները բավականին գոհացնող են:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցող Վ.Աղաբաբյանը ներկայացրեց քննաշրջանի կազմակերպական աշխատանքների ընթացքի մասին: Նշվեց, որ գարնանային քննաշրջանի ընթացքը եղել է պատշաճ կազմակերպված և գտնվել է դեկանատի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդգծվեց, որ տարեցտարի բարձրանում է ստուգարքներին և քննություններին ուսանողների պատրաստվածության մակարդակը: Նշված ժամանակահատվածում ֆակուլտետի առաջադիմությունը կազմել է 90.46%: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ առարկայի նյութը մաս-մաս յուրացնելով, կիսամյակի ընթացքում պարբերաբար միջանկյալ քննություններ հանձնելով՝ ուսանողը եզրափակիչ քննությանը ներկայանում է պատշաճ գիտելիքներով:  2016-2017 ուստարվա ձմեռային քննաշրջանին մասնակցել են 325 ուսանողներ:  Միայն գերազանց գնահատականներ է ստացել 37 ուսանող, գերազանց և լավ` 101, խառը գնահատականներ` 149, իսկ միայն բավարար` 7 ուսանող:  31 ուսանողներ չեն կարողացել հանձնել քննությունները և իրենց ուժերը կփորձեն լուծարքային շրջանում: Զեկուցողը նշեց, որ մեկ անբավարար է ստացել 22 ուսանող, երկու անբավարար՝ 6, իսկ երեք և ավելի՝ 3 ուսանող: Նրանց մի մասը անբավարար պատրաստվածության պատճառով չի ներկայացել ստուգարքներին և քննություններին:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Պետք է փաստել, որ քննաշրջանը կազմակերպվել է պատշաճ կերպով, քննություններն ու ստուգումներն իրականացվել են ժամանակացույցի համաձայն:

Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ նախագահողը նշեց, որ Ս. Աբրահամյանի կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք: Գրքի ստեղծմանը մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Ս. Հովհաննիսյանը: Ընտրված տեքստերը համապատասխանում են մասնագիտության պահանջներին: Բաց քվեարկությամբ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները կողմ քվեարկեցին ձեռնարկը երաշխավորության ներկայացնելուն:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա բավարար համարեց կատարված աշխատանքները և նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել միջառարկայական կապերին, ոչ մասնագիտական կուրսերում դասավանդվող առարկաներին: