Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկման արդյունքների վերլուծություն

2015-16 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում կազմակերպվեց «Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում այն շրջանավարտների հետ, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և նպատակադրվել են կրթությունը շարունակել Մայր բուհի մագիստրատուրայում:

Մասնակիցները լրացրել են հարցաթերթը և առաջադրված հարցերի վերաբերյալ  բանավոր արտահայտել իրենց կարծիք-գնահատականը:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

 

Շրջանավարտներին առաջադրվել են այսպիսի հարցեր. 1. Ընդունվելիս ի՞նչ ակնկալիքներ ունեիք Իջևանի մասնաճյուղից և որքանո՞վ արդարացան դրանք: 2. Բակալավրական կրթության շրջանակներում, ըստ Ձեզ, մասնաճյուղը կարողացա՞վ տալ բավարար գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր մասնագիտությամբ աշխատելու համար: 3. Գնահատման գործող համակարգը, Ձեր կարծիքով, կարողացա՞վ լիարժեք բացահայտել Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: 4. Որո՞նք են այն շարժառիթները, որոնք Ձեզ մղում են ուսումը շարունակելու մագիստրատուրայում: 5. Ընդհանրապես ի՞նչ պատկերացում ունեք մագիստրոսական կրթության, նրա նպատակների ու հնարավորությունների մասին: 6. Ցանկություն ունե՞ք հետագայում զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ:

ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ Է.Կյուրեղյանն իրականացրել է քննարկման արդյունքների վերլուծություն, որի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները միահամուռ էին այն հարցում, թե մասնաճյուղը բակալավրական կրթության շրջանակներում կարողացել է իրենց տալ բավարար գիտելիքներ և հմտություններ՝ տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար:

Նրանց գերակշիռ մասը մասնաճյուղ է ընդունվել այն նպատակով, որ պետք է ստանա որակյալ բարձրագույն կրթություն և դառնա լավ մասնագետ և խոստովանում են, որ իրենց ակնկալիքները լիովին արդարացել են:

Ըստ որոշ շրջանավարտների՝ առկա է խզում ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների միջև, մի մասն էլ կարծում է, որ գործնական պարապմունքներն ու պրակտիկաները լիարժեք չեն:

Շրջանավարտները հիմնականում բավարար պատկերացում ունեն մագիստրոսական կրթության մասին և մոտիվացված են: Գերակշիռ մասը համոզված է, որ կրթական այդ մակարդակում ձեռք են բերելու ավելի խորը և կայուն գիտելիքներ, գիտահետազոտական որակներ:

Հատկանշական է և ուրախալի, որ 20 ապագա մագիստրոսներից 11-ը ցանկություն ունեն զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ, ընդ որում՝ չթաքցրեցին իրենց մտադրությունը՝ հնարավորության դեպքում դասավանդել սիրելի մասնաճյուղում:

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ցանկանում եմ ավելի զարգացնել գիտելիքներս ու հմտություններս, իմ մասնագիտությամբ լավ աշխատանք գտնել, մրցունակ դառնալ աշխատաշուկայի համար, ինքնուրույն լիարժեք կյանքով ապրել, ինչի համար համոզված եմ, որ մագիստրոսական կրթությունը անհրաժեշտ պայմաններից մեկն է». հիմնականում նման բնույթի էին շրջանավարտների պատասխանների մեծ մասը:

Առանձին ուշադրության են արժանի գնահատման համակարգի վերաբերյալ շրջանավարտների անկեղծ պատասխանները: Առանձին մասնագիտությունների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին արտադրական պրակտիկայի և գնահատման գործող համակարգի արդյունավետության մասին:

Նկատելի էր, որ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներն ավելի գոհ էին գործող գնահատման համակարգից, քան հումանիտար մասնագիտություններինը: Վերջիններից շատերը հավաստում էին, որ թեստային գնահատման եղանակը լիարժեքորեն չի բացահայտում ուսանողների գիտելիքները, այն դնում է սահմանների մեջ: Նույնիսկ կարծիք եղավ այն մասին, թե թեստերը ավելի են ուսանողին բթացնում: Ասվում էր, որ ազատ շարադրանքն ավելի մեծ հնարավորություն է տալիս գիտելիքները դրսևորելու: Պարզ է մի բան. եթե կանոնակարգը թույլ է տալիս, կարելի է ավելի ճկուն վերաբերվել գնահատման համակարգին, տարբերակված մոտեցում ցուցաբերել գնահատման մեթոդի ընտրության հարցում:

Ուսումնական տարվա վերջում ՄԿՈԱ բաժնի կողմից անցկացվում է մասնաճյուղի շրջանավարտների համատարած հարցում, որի արդյունքները համադրելով վերոնշյալ քննարկման արդյունքների հետ՝ կարելի է հիմնավոր պատկերացում կազմել մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարավածության վերաբերյալ: