Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

2015թ. ապրիլի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ուղիղ հարյուր տարի առաջ, այդ օրը` 1915թ. ապրիլի 24-ին, մի գիշերվա ընթացքում բանտարկվեցին ու աքսորվեցին հայ լավագույն մտավորականները, քաղաքական գործիչները, արվեստագետները, հրապարակախոսներն ու գրողները:

Աքսորյալների մեծ մասը զոհ գնաց թուրք պաշտոնյաների, քուրդ ցեղապետների և գյուղերից ու քաղաքներից գումարված անհամար խուժանի խոշտանգումներին: Դեր Ձորի անապատում փռվել էին ծերերի, անմեղ մանուկների և կանանց անշունչ մարմինները…

Գրիչն անզոր է նկարագրելու այն խոշտանգումները, որոնց ենթարկվեցին Գր. Զոհրապը, Դ. Վարուժանը, Սիամանթոն, Ռ. Սևակը, Թլկանտինցին, Երուխանը և այլ մեծանուն մարդիկ:

Եվրոպական տերությունների աչքի առաջ տեղի էր ունենում Մեծ եղեռնը` 20-րդ դարի առաջին ազգասպանությունը:

Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն էր իր հայրենի բնօրրանում կոտորվում:

«Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը բացող «Մահվան տեսիլք» բանաստեղծության մեջ Սիամանթոն ուրվագծում է այդ կոտորածի իրական պատկերը.

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս,
Եվ բարբարոսներն արյուններով կը դառնան,
Մեռելներուն և ոգեվարներուն վրայեն,
Ագռավներու բազմություններ կ’անցնեն վեհեն,
Արյունոտ բերաններով ու գինովի քրքիջներով…

Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Կոտորածը ոչ միայն դառնում է ասելիքը խտացնող բառ-խորհրդանշան, այլև ստանում կենսական բովանդակություն: Քանի որ հայերին ստրկացնելը, նրանց ոգին ու միտքը սպանելը պարզապես անհնարին էր, թուրք-բորենիները որոշեցին ֆիզիկական բնաջնջման միջոցով հասնել հարցի լուծման արյունոտ վերջաբանին, որը նրանց այդպես էլ չհաջողվեց:

Ժողովրդի մի մասը հերոսական կռիվներով ու մաքառումներով փրկվեց կոտորածներից՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում և Ռուսաստանի զանազան քաղաքներում, իսկ մյուս մասը սփռվեց աշխարհով մեկ ՝ ստեղծելով հայկական սփյուռք: Քչերը փրկվեցին:

Դա փրկություն էր, որը ոչ թե ուրախություն էր ծնում, այլ ափսոսանք: Ափոսանք մարդկային կորստի, որ գալիս է ամենազազրելի հանցանքից՝ եղեռնից:

Այնուամենայնիվ Հայաստանը՝ առանց հայերի, իսկ հայը արցունքի ծովից ժպտաց:

Եվ այսօր` 2015թ. ապրիլի 24-ին, հայն ապրում է՝ հիշելով իր հարյուրամյա ցավը, տագնապն ու սարսափը, Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման պահանջով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ակտիվ ուսանողները պատրաստել էին հարյուրամյա Հայոց ցեղասպանության «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի խորհրդանիշ-անմոռուկներ և պաստառներ:

Միջոցառմանը ներկա համալսարանականներն իրենք այդ անմոռուկները փակցրին պաստառներին:

Այնուհետև բոլորը` մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, բազում քաղաքացիներ միահամուռ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: