Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և շնորհակալություն հայտնեց հյուրերին փորձի փոխանակման և Մայր բուհի հետ համագործակցության սերտ կապեր հաստատելու համար. «ԵՊՀ-ի և գործընկերների անունից պետք է նշեմ, որ հայաստանյան կրթական համակարգում կարևորվում է բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության գործընթացը: ՀՀ բարձրագույն կրթական համակարգում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել. մենք շատ խնդիրներ ենք հաղթահարել, բարդ, հետաքրքիր, բայց և միաժամանակ կորուստներով ու ձեռբերումներով լի ճանապարհ ենք անցել: Այսօր արդեն այդ ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նույնպես կարևորեց միջոցառումը և նշեց, որ աշխատաժողովը թույլ կտա համալսարանական ինքնավարության և ֆինանսական կայունության նոր համակարգը Հայաստանում ճիշտ նախագծել ու արդյունավետ դարձնել:
«Ցավոք, մեր երկրում պետական ֆինանսավորումը կրթական, ինչպես նաև այլ բնագավառերնում մեծ թիվ չի կազմում, և հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը՝ անիրատեսական է մոտ ապագայում սպասել այդ ցուցանիշների էական բարձրացմանը: Ուստի շատ կարևոր է այլընտրանքային տարբերակներ գտնել բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության կայացմանը նպաստելու համար»,- ասաց Կարինե Հարությունյանը:
Ինքնավարությունն ու ֆինանսական կայունությունն անհրաժեշտ նախապայմաններ են համալսարանների առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու հարցում, ուստի բուհական կառավարման և ֆինանսավորման ոլորտներում բարեփոխումները բարձրագույն կրթական համակարգի արդիականացման կարևոր բաղադրիչներ են:
Եվրոպական համալսարանների ասոցիացիան, որը հանդիսանում է նախագծի ընդհանուր համակարգողը, ընդգրկուն գործունեություն է ծավալում բուհական ինքնավարության և ֆինանսավորման բնագավառներում՝ եվրոպական տարածաշրջանի բուհերի՝ նշված ոլորտներում առկա իրավիճակը բնութագրող տվյալների հավաքագրմամբ, վերլուծմամբ և հաջողված մոդելների նախանշմամբ: «ATHENA» նախագիծը նշված գործունեության բաղկացուցիչ մասն է՝ միտված Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխմանը, զարգացմանն ու արդիականացմանը: Նախագծի նպատակն է եվրոպական առաջատար փորձի ներկայացմամբ աջակցել նշված ոլորտի բարեփոխման համակարգային քաղաքականության մշակմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
«ATHENA» հայաստանյան աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մեկտեղելու բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան շահառուներին (մասնավորապես բուհերի և ոլորտով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներին) և քննարկելու հանրապետությունում համալսարանական ինքնավարությանն ու ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:
Հաշվի առնելով Հայաստանում բուհական ինքնավարության ու ֆինանսավորման ներկա վիճակը՝ աշխատաժողովը նպատակ ունի նաև շահառուների միջև երկխոսության միջոցով ձևակերպել կառավարման, ինքնավարության և ֆինանսավորման բարեփոխումների հնարավոր ուղենիշները:
«ATHENA» ծրագիրն իրականացվում է «TEMPUS»-ի ֆինանսավորմամբ, Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA-European Universties Association) ընդհանուր համակարգմամբ և Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի բուհերի մասնակցությամբ:
Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA) կառավարման, ֆինանսավորման և հանրային քաղաքականության բաժնի վարիչ Թոմաս Էսթերմանն իր խոսքում նախ կարևորեց «TEMPUS» ծրագրի դերը Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում, որից հետո ներկայացրեց EUA-ի կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված եվրոպական բուհերին ինքնավարության և ֆինանսավորման հարցերում աջակցությանը:
«Նմանաբնույթ միջոցառումների միջոցով փորձում ենք զարգացնել դասավանդման և հետազոտական աշխատանքների ուղղությունները, որպեսզի համալսարանները կարողանան լավագույնս իրականացնել իրենց դերը հենց այս ճյուղերում: Կարևոր է ուսումնասիրել և նախանշել նաև այն ճանապարհներն ու մեթոդները, որոնց միջոցով բուհերը կկարողանան իրականացնել իրենց առաքելությունը»,- նշեց Թոմաս Էսթերմանը և հավելեց՝ քանի որ «ATHENA» ծրագիրը նախատեսված է 2012-2015 թթ. համար, ուստի պետք է անել հնարավորինը տվյալ ժամանակահատվածում հեռանկարային ծրագրեր ունենալու և ցանկալի արդյունքներ գրանցելու համար:
Աշխատաժողովի մասնակից միջազգային փորձագետները հայաստանյան մասնակիցների հետ քննարկեցին բարձրագույն կրթության արդիականացման ճանապարհին առկա մարտահրավերները և հնարավորությունները: Նրանք ներկայացնում էին Ավստիրայի հետազոտության և գիտության նախարարությունը, Գրացցի տեխնոլոգիական համալսարանը, Իտալիայի Տրենտոյի համալսարանը և Նորվեգիայի բուհերի ընկերակցությունը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ԿԳՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ՀՀ այլ բուհերի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովում ելույթներով հանդես եկան նաև Նորվեգիայի բուհերի ընկերակցության գլխավոր քարտուղար Օլա Սթեյվը, Ավստրիայի գիտության և հետազոտության հարցերի նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Էլիզաբեթ Ֆրայսմութը, Ավստրիայի Գրացցի տեխնոլոգիական համալսարանի ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վերահսկման վարչության պետ Մանուելա Գրոսսը և Իտալիայի Տրենտոյի համալսարանի ֆինանսական վարչության պետ Ալեքս Պելլականին:
Փորձագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինքնավարության և ֆինանսավորման բարելավման ուղղությամբ իրենց երկրների և հաստատությունների անցած ճանապարհը:
Բանախոսներն իրենց երկրների համալսարաններում ներդրած բարեփոխումների համակարգի հաջողված օրինակներով ներկայացրին ինքնավարության և ֆինանսավորման գործընթացները:
EUA-ի կառավարման, ֆինանսավորման և հանրային քաղաքականության բաժնի վարիչ Թոմաս Էսթերմանը հանդես եկավ ծավալուն զեկույցով հայաստանյան բուհերի կողմից նախապես իրականացված հետազոտության հիման վրա՝ գնահատելով մեր երկրի բուհական համակարգի ինքնավարությունը կազմակերպչական, ֆինանսական, ակադեմիական և աշխատակազմի համալրման ոլորտում:
Ծրագրի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն, գործընկերներն են ԿԳՆ-ն, ՀՊՃՀ-ն, ԳՊՀ-ն, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:
Աղբյուրը` www.ysu.am