Հանդիպում հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողների հետ

1. գլխավոր

 2022թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը նախաձեռնել էր հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների հետ հանդիպում, որին հրավիրված էին նաև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը:

Հանդիպման սկզբում պարոն Մակարյանը ողջունեց 2022-2023 ուստարում հեռակա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված շուրջ հինգ տասնյակ առաջին կուրսեցիներին, շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նրանց մաղթեց, որ լինեն ուսումնատենչ, նախաձեռնող և նպատակասլաց, ակտիվորեն մասնակցեն ուսանողական նախաձեռնություններին, այլ խոսքով՝ լիարժեք ներգրավվեն համալսարանական միջավայրում:

Ա.Մակարյանը ուսանողներին համառոտ ներկայացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, կոչ արեց մանրամասն ծանոթանալ ուսանողներին վերաբերող բոլոր փաստաթղթերին, որոնք հիմնականում զետեղված են մասնաճյուղի կայքում տեղադրված «Առաջին կուրսի ուսանողի ուղեցույց»-ում:

Փոխտնօրեն Մ.Օթարյանը նույնպես նախ շնորհավորեց ուսանողներին մասնաճյուղ ընդունվելու առթիվ, ապա ներկայացրեց Ներքին կարգապահական կանոնները, ընդգծեց կարգապահության կարևորությունը ուսումնական գործընթացում:

Այնուհետև Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրսեցիներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը:

Ն.Գրիգորյանը շեշտեց, որ 2022թ. սեպտեմբերին և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված ուսանողներին համար փոխվել է գնահատման կարգը. ներդրվել է գնահատման բազմագործոն համակարգ՝ նպատակ ունենալով մեծացնել դասախոսի ազատությունը և բացառել մեկ բաղադրիչով դրական արդյունարար գնահատականի ձևավորումը: Նշվեց, որ գնահատման համակարգում այսուհետև բավարար է համարվելու 10 միավորը:

Այնուհետև Ն.Գրիգորյանն անդրադարձավ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների գնահատման բաղադրիչներին և դրանց հատկացվող միավորներին:

Ներկայացվեց, թե որ դեպքում է ուսանողը համարվում քննաշրջանը չհաղթահարած, երբ է դասընթացը համարվում առարկայական պարտք, կրեդիտի պարտք, և որ դեպքում է ուսանողը ստիպված լինելու կրկնելու դասընթացը:

Տեղի ունեցավ քննարկում. ուսանողները տնօրենից և փոխտնօրենից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

 

Ա. Վ. Պաշկովը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար կարդաց դասախոսություն

 2022թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության հրավերով ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռուս և համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ալեքսանդր Վիտալևիչ Պաշկովը, ով նաև որպես հրավիրված դասախոս առցանց վարում է «20-րդ դարի ռուս գրականության պատմություն» դասընթացը մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ մ.գ.թ., պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը և բ.գ.թ., դոցենտ Մարատ Զուրաբյանը, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության I-IV, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսերի ուսանողները:

Ա. Վ. Պաշկովը կարդաց «Ժամանակակից ռուս գրականություն. պոստմոդեռնիզմից մինչև նոր ռեալիզմ» թեմայով դասախոսություն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար:

Դասախոսության ընթացքում Ալեքսանդր Վիտալևիչ Պաշկովը բացահայտեց ժամանակակից գրողների երկերի ուսումնասիրությանը վերաբերող արդիական հարցեր (Զախար Պրիլեպին, Բորիս Ռիժիյ, Թիմուր Կիբիրով, Սաշա Սոկոլով), անդրադարձավ 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի մշակութային ամենաազդեցիկ երևույթներին՝ գրական հոսանքներին (պոստմոդեռնիզմ, նեոռեալիզմ, նոր ռեալիզմ):

Ա. Վ. Պաշկովի դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում:

Ծավալվեց ակտիվ քննարկում՝ ռուսական պոստմոդեռնիզմի և նոր ռեալիզմի ներկայացուցիչների կողմից ճշմարտության որոնման շուրջ:

Հանդիպումից հետո կազմակերպվեց Ա. Վ. Պաշկովի այցելությունը Իջևանի և ընդհանրապես Տավուշի մարզի տեսարժան վայրեր:

Տրվեցին վկայականներ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչներին

1. գլխավոր. IMG_6234 2022թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի անձնակազմը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը:

Ս.թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են պարտադիր ատեստավորման  ենթակա  ուսուցիչների վերապատրաստումներ, որոնցում ընդգրկված են եղել Տավուշի և Գեղարքունիքի մարզի 10 դպրոցների շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ:

110 ժամ տևողությամբ վերապատրաստումներն անցկացվել են հետևյալ մոդուլներից.

  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն – 10 ժամ,
  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ – 20 ժամ,
  • Տարիքային հոգեբանություն – 10 ժամ,
  • Համընդհանուր ներառում – 10 ժամ,
  • Գնահատում – 15 ժամ,
  • Դիրքորոշում և արժեք – 10 ժամ,
  • Առարկայի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ,
  • Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ – 5 ժամ:

 Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ նրանց շնորհավորելով վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ փոխհամագործակցության համար, կարևորելով իրականացված վերապատրաստումների դերը թե՛ ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների, մասնավորապես՝ աշակերտակենտրոն մոտեցումներով ու նորարարական մեթոդներով դասավանդման հմտությունների զարգացման և թե՛ փորձի փոխանակման հարցում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերապատրաստում անցած բոլոր ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Հայրապետյանը՝ գոհունակություն արտահայտելով բարձր մակարդակով կազմակերպված վերապատրաստումների և կառուցողական ջերմ մթնոլորտի, իրենց վերապատրաստած առաջատար ու արհեստավարժ մասնագետների տրամադրած հիմնարար գիտելիքների և առաջավոր փորձի համար:

Զբոսաշրջության ոլորտի գործատուների և միջազգային փորձագետի հետ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ում

1. գլխավոր

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (ԵՊՀ ԻՄ)՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը («ԳոԹուԴիլի»)՝ ի դեմս Անի Ավանեսովայի, հոկտեմբերի 21-ին կնքեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով նպաստելու Դիլիջանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը կրթության, փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը իրականացնելու համատեղ միջոցառումներ, զբոսաշրջության ոլորտի գիտահետազոտական և կրթական նախագծեր, ուսանողների համար գործնական դասընթացներ և այլն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «ԳոԹուԴիլի»-ի ղեկավար Անի Ավանեսովան, զբոսաշրջային պրոդուկտների զարգացնող Անի Հովհաննիսյանը, “Farmer to Farmer Armenia” ծրագրի ղեկավար Մակրիտա Ավջյանը և միջազգային ծրագրերի կառավարման մասնագետ, տուրիզմի և հյուրընկալության ոլորտի մասնագետ, տուրիզմի կառավարման դասախոս և խորհրդատու Ջոն Հիֆըրը:

ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրերն անցկացրին «Ագրոտուրիզմի ներուժը և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., պրոֆեսոր Գ.Հովհաննիսյանը, ամբիոնի դասախոսներ, «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեության ուղղությունները, մասնավորապես նշվեց, որ “GoToDili DMO”-ն (Destination Management organization)՝ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը, զբաղվում է Դիլիջան համայնքի՝ որպես զբոսաշրջային ուղղության մարքեթինգով, ճանաչելիության բարձրացմամբ, զբոսաշրջային հոսքերի կառավարմամբ, նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծմամբ, զբոսաշրջության ապակենտրոնացմամբ և այլ գործառույթներով, որոնք ուղղակիորեն կապված են ուղղության վերարժեքավորման և լավագույն դիրքավորման հետ զբոսաշրջային շուկայում:

Ընդգծվեց, որ կազմակերպությունը սկզբունքորեն է վերաբերվում տեղացիների հետ աշխատանքին, ինչպես նաև կայուն զբոսաշրջության հիմնաքարերից մեկը համարում է համայնքների կրթության մակարդակի բարձրացումը:

Ներկայացվեց, որ GoToDili -ի և “Farmer to Farmer Armenia” ծրագրի համագործակցության շնորհիվ Դիլիջան հրավիրվեց ԱՄՆ-ից զբոսաշրջության փորձագետ Ջոն Հիֆըրը, ով ունեցավ մի շարք հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ և աշխատեց Թեղուտ, Հաղարծին, Հովք, Գոշ, Աղավնավանք և Խաչարձան համայնքների մի շարք շահառուների հետ՝ վերջիններիս կարողությունները զբոսաշրջության ոլորտում ուժեղացնելու նպատակով: «Որպես կայուն, հասանելի և ինստիտուցիոնալ տուրիզմը խրախուսող կազմակերպություն և ունենալով արդեն իսկ ստորագրված փոխհամագործակցության հուշագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ կազմակերպեցինք փորձագետ Հիֆըրի այցը համալսարան, որն ուղեկցվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններին վերաբերող կարճատև դասընթացով», – նշեց հիմնադրամի ներկայացուցիչը:

 

Տեղի ունեցավ տնօրենության նիստ

1. գլխավոր. IMG_5960

 2022թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:

Նիստում քննարկվեցին 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպմանը, առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքներին, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների և պրակտիկաների կազմակերպմանը, ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքին, 2021-2022 ուստարում ուսանողների և դասախոսների վերհանված խնդիրների և կարիքների լուծումներին, բակալավրի հեռակա ուսուցման ուսանողների իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր: Հաստատվեցին որոշ տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերը:

2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին նշվեց, որ առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 19: Այս կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից հիշեցման կարգով նամակներ են ուղարկվել ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դեկաններին և գործավարներին, որ ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում պետք է հաստատել հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացնել ուսանողներին: Չորրորդ շաբաթվա ընթացքում բոլոր ամբիոնները բաժին են ուղարկել առկա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաների և այդ թեմաներն ընտրած ուսանողների ցանկը՝ ամբիոնների համապատասխան նիստի արձանագրության քաղվածքներով:

Բաժնի կողմից հավաքագրվել են նաև հեռակա ուսուցման համակարգի հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների տվյալները, ինչպես նաև ամբիոններից պահանջվել է, որ ամբիոնների համապատասխան նիստերում քննարկեն հեռակա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաները:

ԿԲԴՎ բաժինը կազմակերպել է 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկումներ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները: Սեպտեմբերին բաժնի կողմից կազմակերպվել է նաև ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ նախ քննարկվել են ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները, ապա ներկայացվել է հետազոտական աշխատանք պատրաստելու կարգը, մեթոդները: Նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել նաև նոյեմբերին:

2022-2023 ուստարվա առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ դրանք կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանն իրականացվելու է 2022թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում, և դրանց մասին տեղեկացվել է դասախոսներին և ուսանողներին: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են նախապատրաստական այլ անհրաժեշտ աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ուսումնական պարապմունքները կսկսվեն ս.թ. նոյեմբերի 1-ից, մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն նոյեմբերի 15-ից:

Մասնաճյուղում 2022-2023 ուստարվա պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին նշվեց, որ առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակ­տիկա (առկա ուսուցման համակարգում` 4 ման­կավարժական, 1 մասնագիտական, 4 ուսումնական, հեռակա ուսուցման համակարգում` 2 մանկավարժական, 1 մասնագիտական, 1 գիտաման­կա­վարժական): Առկա ուսուցման պրակտիկաներն ընթացքի մեջ են:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի մանկավարժական պրակտիկաներն իրականացվում են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում: 3-րդ կուրսերի մանկավարժական պրակտիկաները կազմակերպվել են՝ ընդգրկելով կիսամյակի ողջ ընթացքը (շաբաթական մեկ օր), իսկ 4-րդ կուրսերի մանկավարժական պրակտիկաները կազմակերպվել են նախքան հանրակրթական դպրոցներում աշնանային արձակուրդները, 3 շաբաթ տևողությամբ և կիրականացվեն արձակուրդների ավարտից հետո ևս 3 շաբաթ տևողությամբ:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մասնագիտական պրակտիկան կազմակերպվել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում` ընդգրկելով կիսամյակի ողջ ընթացքը (շաբաթական մեկ օր):

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ուսումնական պրակտիկաները կազմակերպվել են մասնաճյուղում և  դասացուցակում եղել են արտահայտված:

Հեռակա ուսուցմամբ նախատեսված պրակտիկաների կազմակերպման համար կատարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքի կապակցությամբ դեկանները նշեցին, որ ամբիոնային նիստերում քննարկվել են դրանք, իրականացվել են անհրաժեշտ շտկումներ և փոփոխություններ, որոշ ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում արդեն հաստատվել, մյուսներում առաջիկայում կհաստատվեն դրանք: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն ընդգծեց, որ գործընթացի պատասխանատուները հետևողական լինեն, որ ավարտական աշխատանքների թեմաները լիովին համապատասխանեն մասնագիտություններին, կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, այդ հարցում կարևորեց նախնական անոտացիաների պատրաստման անհրաժեշտությունը:

2021-2022 ուստարում ուսանողների և դասախոսների վերհանված խնդիրների և կարիքների լուծումների վերաբերյալ նշվեց, որ 2021-2022 ուստարում Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը տարբեր մեխանիզմներով վերհանել է դասախոսների և ուսանողների մի շարք կարիքներ և խնդիրներ: Դրանք բավարարելու և լուծումներ գտնելու նպատակով բաժինն այդ խնդիրները տրոհել և խմբավորվել է ըստ պատասխանատվության և ընթացիկ ուստարվա սկզբին ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Ստորաբաժանումները կազմել են ներառված խնդիրների լուծման իրենց ծրագրերը՝ համապատասխան քայլերով, ակնկալիքներով և ժամկետներով հանդերձ:

Հավաքագրված խնդիրների մեծ մասը վերաբերում է ամբիոններին, որոնց պատճառների հստակեցման, դրանց հնարավոր լուծման համար ամբիոնները նախատեսել են ուսանողների և դասախոսների հետ անցկացնել հանդիպում-քննարկումներ: Ա.Մակարյանը առաջարկեց կազմակերպել հանդիպումներ ամբիոնների վարիչների և կրթական ծրագրերի ղեկավարների հետ՝ խնդիրների լուծման առաջարկվող քայլերը հստակեցնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Իրենց գործունեությանն առնչվող խնդիրների լուծման ծրագրեր են ներկայացրել նաև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը, Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժինը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը և Ուսումնամեթոդական վարչությունը:

ՄԿՈԱ բաժինն այդ ծրագրերի իրականացման արդյունքները, համեմատելով նոր հավաքագրված խնդիրների հետ, կամփոփի ընթացիկ ուստարվա վերջում, և ուսանողների ու դասախոսների բավարարվածության դինամիկան թույլ կտա պարզելու, թե որքանով են այդ ծրագրերը եղել արդյունավետ:

ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքի մասին նշվեց, որ 15 նախկին ուսանողներ դիմել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի հեռակա ուսուցման համակարգում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողների վերականգնման դեպքում առաջացած առարկայական տարբերություններով պայմանավորված  կրեդիտների քանակները և նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ որոշվեց վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի 15 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները: