ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ 2018-19 ուստարվա II կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 11-ից

45209161_1941500952594829_2054352131204317184_o

Սիրելի՛ համալսարանականներ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2019թ.  փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մարտի 11-ից:

Առկա ուսուցման համակարգում 2018-19 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը կտևի հունվարի 8-26-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը:

Առկա ուսուցման համակարգում նույն կիսամյակի քննաշրջանի լուծարքային շրջանը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 6-28-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ մարտի 4-29-ը:

Մաղթում ենք բոլորիս հաջող ուսումնական գործընթաց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

big_1502456341_8992795

 2019թ. փետրվարի 19-ին լրանում է հայ մեծագույն գրող, բանաստեղծ և ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:

Այս առթիվ 2019թ. ապրիլի 27-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:

Անհրաժեշտ է զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը մինչև 2019 թվականի ապրիլի 1-ն ուղարկել  ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանին (էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):

Մասնակցության հայտի ձևը տե՛ս այստեղ:  

Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Հոդվածներին առաջադրվող պահանջները

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2 սմ բոլոր կողմերից, տառատեսակը` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 9 էջ` ներառյալ գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող բուհը կամ կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը:

Ապա բաց է թողնվում մեկ տող, և տրվում է հիմնական տեքստը:

Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգացված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Տպագրվելիք հոդվածների վերջնական տարբերակները գիտաժողովի կազմակերպիչներին ուղարկելու վերջնաժամկետը  2019 թ. ապրիլի 8-ն է:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային hասցեին` avagyan.vachik@yandex.com:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանին (հեռ.՝ 093-884-254, էլ. հասցե՝ karine.pogosyan.76@mail.ru), փոխդեկան Վ.Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, էլ. հասցե՝ vahanagha@yandex.ru), հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանին (հեռ.՝ 094-577-567, 099-577-567, էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):   

 

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վահան Աղաբաբյանի հետ

2. Վահան Աղաբաբյան 2019թ. հունվարի 21-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2007թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

Ծնվել եմ 1982 թվականի դեկտեմբերի 8-ին Տավուշ աշխարհի հրաշալի անկյուններից մեկում՝ Կողբ գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:

Ավանդապաշտ ու արժանավոր հայ գյուղացու ընտանիքի զավակ եմ: Ծնողներս հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: 2009 թվականին ամուսնացել եմ: Կինս՝ Հասմիկը, Ջավախքից է՝ արմատներով Վահան Տերյանի տոհմից: Միասին սովորել ենք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010 թվականին ծնվել է որդիս՝ Նարեկը:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

Շատ երազանքներ եմ ունեցել: Երբեմն ցանկանում էի դառնալ զինվորական, երբեմն՝ բժիշկ: Հետագայում այդ երկու մասնագիտությամբ էլ սովորեցի, բայց հասկացա, որ իմը գրքերի աշխարհն է:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

Դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ընտրել, թե ինչ մասնագիտությամբ սովորեմ: Տարբեր կրթական հաստատություններում կիսատ-պռատ սովորելուց հետո 2003 թվականին գտա իմ «մեծ» սերը: Ընդունվեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատը, 2009-ին՝ նույն մասնագիտության մագիստրատուրան: 2010-13 թթ. սովորել եմ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2013թ. պաշտպանել եմ գիտական ատենախոսություն «Սերո Խանզադյանի պատմվածքներն ու վիպակները» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017թ. ԲՈՀ-ի կողմից ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

Իմ երիտասարդ կյանքի գրեթե կեսը կապված է մասնաճյուղի հետ: Այնտեղ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնց հետ պատիվ ունեմ այսօր աշխատելու: Հիշում եմ նրանց յուրաքանչյուր դասը՝ փորձելով «գողանալ» ամենից հաջողված մեթոդները: Հետագա տարիներին՝ այլ բուհերում սովորելու ընթացքում, երբեք չեմ դժվարացել, քանի որ ունեցել եմ բակալավրական հիանալի կրթություն:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

Աշխատել եմ տարբեր օղակներում: Եղել եմ ԵՊՀ ԻՄ-ի կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի ավագ մասնագետ, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, դեկանի տեղակալ: Բայց ամենակարևորը դասախոսական աշխատանքն է: Այսօրվա երիտասարդները շատ խելացի են, շատ զարգացած, և ինձ համար հաճելի ու պատասխանատու է յուրաքանչյուր դասաժամը: Հիմնականում դասավանդում եմ «Արդի հայ գրականություն» և «Հայ գրականության պատմություն»:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

Գիրքը իմ կյանքի անբաժան ուղեկիցն է: Շատ գրքեր, ավելի ճիշտ, շատ սիրելի հեղինակներ  ունեմ: Սիրում եմ Հ.Թումանյան, Վ.Տերյան, Ե.Չարենց, Հր. Մաթևոսյան: Ընդհանրապես բոլոր գրքերն էլ հաճույքով եմ կարդում: Յուրաքանչյուրը մի նոր աշխարհ է, նոր կյանք ու փիլիսոփայություն:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

Մ.Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

Տրամադրությունից կախված՝ լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն: Սիրում եմ հեղինակային, ժողովրդական, ազգագրական երգեր: Ամենասիրելի երգը Վ.Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգն է:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

«Մենք ենք, մեր սարերը»:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Երկար տարիներ հաջողությամբ զբաղվել եմ ֆուտբոլով: Հիմա էլ եմ մեկ-մեկ խաղում, բայց արդեն «վետերանների» թիմում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Իմ ծննդավայրը: Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ երբեմն զարմանում ես Աստծո արարչագործության վրա: Արտերկրում հիմնականում սիրում եմ հանգստանալ Գանձայում՝ Փարվանայի ափին: Աշխարհում երևի չկա այլ վայր, որտեղ երկիրն ու երկինքն այնքան մոտ լինեն իրար, թվում է՝ երկնքում ես:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

Կզարմանաք, բայց մարդու մեջ գնահատում եմ հենց Մարդ լինելու հատկանիշը: Շատ եմ հարգում խոսքի և գործի մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Առաջնորդվում եմ պարզ, հասարակ կենցաղավարությամբ: Ես գործի մարդ եմ: Ծնողներիցս ժառանգել եմ աշխատասիրություն: Սիրում եմ աշխատել… շատ աշխատել: Երևի հենց դա է կյանքի իմ կարգախոսը: Իսկ կարգախոսներ, որպես այդպիսիք, չունեմ:

Ի՞նչ երբեք չեք անի:

Երևի երբեք օդապարիկով չեմ թռչի:

Ինչի՞ց եք վախենում:

Բարձրությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

Ափսոսում եմ, որ մեր ժամանակը սահմանափակ է, իսկ համաշխարհային գրականությունը՝ անսահմանափակ:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

Խղճի ձայնը: Եթե որոշում կայացնելուց հետո քո ներքին դատավորը բավարարված է, ուրեմն՝ կայացրածդ որոշումը ճիշտ էր:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Որդուս ծնունդը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

Աշխատասիրությունը, դժվարին իրավիճակներում չհանձնվելու կարողությունը: Երբեմն թվում է, թե տարբերակներ չկան, բայց, որպես կանոն, լավագույն տարբերակները այդ ժամանակ են ծնվում:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

Յուրաքանչյուրս էլ շատ խորհուրդներ ենք ստանում: Դժվար է պատկերացնել՝ խորհրդատուն ինչ խորհուրդ կտար, եթե հայտնված լիներ հենց նույն իրավիճակում, որում դուք եք:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

Իսկ ահա մեր ուսանողներին խորհուրդ կտամ օգտագործել յուրաքանչյուր պահը: Անընդհատ սովորել: Այսօր աշխարհն անասելի արագ է զարգանում: Միայն դիպլոմի առկայությունը դեռևս բավարար պայման չէ հաջողակ կյանք ունենալու համար: Պետք է ավելի շատ փորձեն զարգացնել գործնական հմտությունները և բավարարեն աշխատաշուկայի պահանջներին:

Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

ԿԱՅԱՑԱՎ «ՏԵՍԱԿԱՆԻ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ  

DSCN5468

 2019թ. հունվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Տեսականի ու գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկումը, որը վարում  էր ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դասախոսներ:

Տիկին Ա.Սարհատյանը նախ մասնակիցներին ներկայացրեց տվյալ դասի նպատակը, այն է՝ վերլուծել, համեմատել ու գնահատել տեսական և գործնական դասերը՝ իրենց առավելություններով ու թերություններով, հստակեցրեց քննարկվելիք հարցերի շրջանակը:

Մասնավորապես նշվեց, որ առարկայական գրեթե բոլոր դասընթացներն ունեն և՛ տեսական՝ դասախոսությունների, և՛ գործնականի ժամեր։ Դասախոսությանը հաջորդում են գործնականի ժամերը, որոնք  ուսանողներին դասախոսության ժամի պասիվ, հաճախ անտարբեր-անհույզ ունկնդրության վիճակից հանելու, նրան աշխատեցնելու, խոսեցնելու, ակտիվացնելու, դասին ներգրավելու առաջնահերթ նպատակ պիտի ունենան։ Տեսականն ու գործնականը գոյություն չունեն առանց մեկը մյուսի. տեսությունը գործնականում է դառնում հասկանալի, իմաստավորված և ավելի է ամրապնդվում ուսանողի հիշողության մեջ։

«Տեսականի ու գործնականի միջև, սակայն,  չինական պարիսպներ չկան, և չի կարելի դնել, – հատկանշեց Աիդա Սարհատյանը. – նրանց տարրերը անհրաժեշտաբար կարելի է գործածել միասին՝ դասախոսության ժամին գործնական միջոցներ կիրառելով, գործնականի ժամին չհասկացված ինչ-որ հարցի մասին նորից դասախոսության միջոցին դիմելով»:

Ներկայացվեց, որ գործնականի ժամին՝

  • թեմայի ընկալումը դառնում է առավել հետաքրքիր,
  • մեծանում են ուսանողի ուշադրությունն ու ներգրավվածությունը դասապրոցեսին,
  • զարգանում են ուսանողի ինքնուրույն և ստեղծագործական կարողությունները, մտահորիզոնը, աշխարհայացքը, կապը արվեստների և գրականության հետ, խոսքի մշակույթը, տրամաբանությունը,
  • հղկվում են ուսանող-ուսանող և ուսանող-դասախոս միջանձնային հարաբերությունները,
  • ակտիվանում են միջառարկայական և ներառարկայական կապերը,
  • ուսանողների կողմից կիրառվում են տեղեկատվական և տեխնոլոգիական արդի միջոցներ,
  • թեմայի շուրջ ծավալվում են տարակարծություններ, բանավեճեր, քննարկումներ՝ ազատ ու անկաշկանդ, առանց սեփական կարծիքի համար դիտողություն ակնկալելու, առանց գնահատվելու անհանգստության,
  • թեմատիկ նյութը հարստանում է ուսանողների հետազոտական ուսումնասիրություններից բխած նոր տեղեկատվությամբ,
  • ստացած գիտելիքները արագ չեն մոռացվում, բացառվում են անգիր անելու և գրագողության հնարավորությունները և այլն:

Դաս-քննարկման ընթացքում բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանի և քննարկմանը մասնակցող դասախոսների կողմից բերվեցին մի շարք դասերի օրինակներ, ընդգծվեցին տեսականի և գործնականի համադրման, ինչպես նաև վերջինիս լայն, բազմակողմանի  հնարավորությունները:

«Երիտասարդների զարգացում» ծրագիր («Կյանքի հմտություններ», «Բիզնես հմտություններ» դասընթացներ)

31698745_10156353348303485_8406509625553190912_n

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է Տավուշի մարզի 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագրի շրջանակներում անցկացվող «Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» թեմաներով դասընթացներին:

«Երիտասարդների զարգացում» ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը ՀՀ-ում վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդներ:

2019թ. ընթացքում Տավուշի 300 երիտասարդներ կանցնեն հետևյալ դասընթացները.

«Կյանքի հմտություններ» (1-2 օր, 6 ժամ)

* Ինքնաճանաչում և ինքնազարգացում,

* Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում,

* Հետադարձ կապի հմտություններ,

* Աշխատանք փնտրելու և դիմելու հմտություններ:

«Բիզնես հմտություններ» (2-3 օր, 12 ժամ)

*  Նախագծերի կառավարում,

*  Ժամանակի կառավարում,

*  Ֆինանսական գրագիտություն,

*  Բիզնես պլան,

*  Բանակցությունների հմտություններ,

*  Վաճառքի հմտություններ:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի դասընթացավարների և կրթօջախի վերապատրաստված դասախոսների կողմից:

«Կյանքի հմտություններ» դասընթացի ժամանակ յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ ՄԵՆԹՈՐ (գործատուներ, ձեռներեցներ, ՀԿ ներկայացուցիչներ, դասախոսներ և այլն)։

«Բիզնես հմտություններ» դասընթացից հետո կենսունակ բիզնես գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու “Armenia StartUp Cup” մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող հանձնաժողովի անդամներին։

ԱՌԱՋԻԿԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ՝

ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 29-30 հունվարի 2019թ.,

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 5 փետրվարի 2019թ.:

Հաջորդ դասընթանցերը կկայանան ս.թ. ապրիլին և հունիս-հուլիսին:

Շտապե՛ք գրանցվել:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/forms/5gZHplYgJTlL0Q1h2

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/qE9X3W

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-22-82-72 հեռախոսահամարով: