Կայացավ Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված քննարկում

1. գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 28-ին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի, «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության, Իջևանի տարածաշրջանային քոլեջի հետ համատեղ իրականացրեց քննարկում՝ նվիրված Զբոսաշրջության համաշխարհային օրվան:

Քննարկմանը մասնակցում էին նաև Իջևանի տարածաշրջանային քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը («Տավուշի մարզի զբոսաշրջային ռեսուրսները»), «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Գ.Ալեքսանյանը («Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»), «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Լաուրա Ուլիխանյանը («Գյուղական զբոսաշրջություն») և Իննա Ենգիբարյանը («Էկոզբոսաշրջություն»):

Նրանք իրենց ելույթներում անդրադարձան աշխարհում զբոսաշրջության զարգացման միտումներին, տարբեր երկրների փորձին, այնուհետև քննարկումը տեղափոխվեց տեղական մակարդակ. անդրադարձ կատարվեց Տավուշի մարզին, մարզում զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացմանը, առկա փորձին, հիմնախնդիրներին, լուծման ուղիներին: Քննարկումը բխում  էր Տավուշի զբոսաշրջության զարգացման հայեցակարգից:

Անցկացվեց արդյունավետ քննարկում, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս կազմակերպել նման միջոցառումներ, իրականացնել փորձի փոխանակում:

«Զբոսաշրջությունն արդի մասնագիտություն. կրթություն և աշխատատեղ» խորագրով հանդիպման հրավեր

 Եվրոպական համալսարանը սիրով հրավիրում է մասնակցելու 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, Եվրոպական համալսարանում կայանալիք «Զբոսաշրջությունն արդի մասնագիտություն. կրթություն և աշխատատեղ» խորագրով հանդիպմանը՝ ոլորտի կրթական և գործարար հատվածների ներկայացուցիչների միջև, Զբոսաշրջության պետական կոմիտեի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում կդիտարկվի զբոսաշրջության և հյուրընկալման ոլորտի կրթության արդիականության և աշխատաշուկայի պահանջների հիմնախնդիրը: Տեղի կունենան ելույթներ, մտքերի փոխանակում, ոլորտում ձևավորված իրավիճակի քննարկում:

Օրակարգով նախատեսված հարցերն են՝

  1. ՀՀ զբոսաշրջության և հյուրընկալման ոլորտում առկա աշխատատեղերը և գործատուների կողմից ներկայացվող հիմնական պահանջները:
  2. Բուհերում տրվող զբոսաշրջային կրթության առավելությունները և թերությունները. «բուհ – աշխատաշուկա» կապի ներկայիս վիճակը:
  3. Ուսանողների պրակտիկայի կազմակերպման առավել արդյունավետ ձևաչափերը ՀՀ պայմաններում:
  4. Ոլորտի համար պատրաստվող երիտասարդ կադրերի խրախուսումը՝ ստացված բարձրագույն կրթությանը համարժեք աշխատանքի տեղավորվելու հարցում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտաթերթը և մինչև 02.10.2019  ուղարկել  gor_manasyan@mail.ru  էլեկտրոնային փոստի հասցեին:

Եվրոպական համալսարան, Զբոսաշրջության և սպասարկման ամբիոն

Հասցե՝ Երևան, Դավիթ Անհաղթ, 10

 Հեռ.՝ + 374 99 114359

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված քայլերթին և պաշտոնական հանդիսությանը

1. գլխավոր 2019թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից մեկնարկեց համալսարանի 100-ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան պաշտոնական հանդիսություն և համերգ, որոնց հրավիրված էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակ ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի գլխավորությամբ:

Քայլերթին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, հրավիրյալ հյուրեր 21 երկրներից, ՈՒԽ անդամներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ և ԵՊՀ օրհներգերով մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որից հետո ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազգի մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի՝ 20-րդ դարի կյանքի ընթացքում (ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս հետևյալ հղումով):

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր ելույթում ընդգծեց. «Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն մշտապես միջազգային հանրությանը և համաշխարհային քաղաքակրթությանը ներկայանալու է որպես հզոր գիտակրթական ու մշակութային կառույց, մարդկային կապիտալի արժեքավոր ու մտավոր ներուժի անհուն շտեմարան» (ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթը տե՛ս հետևյալ հղումով):

Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիմանն իր ելույթում շեշտեց, որ թեև համալսարանն իր գործունեությունը սկսել է ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում կարողացել է ավելացնել ուսանողների և ֆակուլտետների թիվը, բացել նոր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ (Պրահայի Կարլի համալսարանի ռեկտորի ելույթի մասին տե՛ս հետևյալ հղումով՝):

Տոնական համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյան և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:

Հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, «Դիմակահանդես» դրամայից, Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից: Հնչեց նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը, որի մենակատարն էր Հայկ Կազազյանը: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, իսկ տոնական համերգի հանդիսավարներն էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների այցը Շիրակի պետական համալսարան

20190925152027_IMG_2841 2019թ. սեպտեմբերի 25-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Արտաքին կապերի բաժնի աշխատակից, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Արա Ազատյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ):

Այցելության նպատակն էր Շիրակի պետական համալսարանում մասնակցել  «Ներառական կրթություն» խորագրով սեմինարին, որը կազմակերպել էին «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցները և ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ներառական կրթությանը, դրա դժվարություններին, կոնֆլիկտային իրավիճակներին և դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Թեմայի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց ՇՊՀ-ի դասախոս և սոցիալական աշխատող Էլվիրա Զարգարյանը:

Ելույթ ունեցավ ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Կարինե Սահակյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը և կարևորելով նմանատիպ քննարկումները երիտասարդների միջև:

Ներառական կրթության վերաբերյալ սեմինարի ժամանակ կազմակերպվեցին նաև թիմային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները:

Նշենք նաև, որ հանդիպումն անցկացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովին

1. գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 23-25-ին Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կայացավ «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների աշխատողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։ Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրեր ներդնելուն, նորարար տեխնոլոգիաներով գրադարանային առօրյան հագեցնելուն և գրավիչ դարձնելուն։

 «Գուգլի ամպային տեխնոլոգիաները գրադարանավարի առօրյա աշխատանքում», «Սմարթ գրադարանի ձևավորում Ամազոնի տեխնոլոգիական լուծումներով» թեմաների շրջանակներում բանախոս Ավետիկ Պետրոսյանն ընդգծեց, որ ժամանակակից գրադարանների վերաձևման և նորարար գաղափարների իրացման համար անհրաժեշտ է հետևել տեխնոլոգիական զարգացման միտումներին, և գրադարանների փոխակերպումն այդ ճանապարհին ուղղակի բացառում է այլընտրանքը։

«Օնլայն համայնքների հետ աշխատանք, մոդերացիա», «Կայքերի ու սոցցանցային օգտահաշիվների անվտանգություն», «Լուսանկարչության հիմունքներ» թեմաների շրջանակներում բանախոս Արթուր Պապյանը նշեց, որ ժամանակակից գրադարանն առանց սոցհարթակների և էլեկտրոնային լուծումների չի կարող բավարարել  մերօրյա ընթերցողի պահանջները, և գրադարանային հանրույթը պետք է օգտագործի հնարավորությունները՝ սոցիալական հարթակներում նոր ընթերցող գտնելու և գրադարանը գրավիչ դարձնելու համար։

«Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցը գործունեության մեջ։ Ձեռքբերումներ և խնդիրներ», «Digital Humanities. Ներածություն», «Տվյալների շտեմարանների կառուցման սկզբունքները (փոքր գրադարանի օրինակով)» թեմաների շրջանակներում բանախոսներ Տիգրան Զարգարյանն ու Հովհաննես Կիզողյանն անդրադարձան Հայաստանի գրադարանային համայնքի խնդիրներին ու մատենավարման տեխնոլոգիական նորագույն լուծումներին։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակցիները ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Լիա Միլլերի հետ ունեցան հանդիպում, որի ընթացքում քննարկեցին Հայաստանի գրադարանների զարգացման ուղիներն ու միտումները։

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն իր ելույթում աշխատաժողովի մասնակիցիներին ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի նորարար ձեռքբերումները, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, նպատակները, բաց և մատչելի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորություններն ու վիճակագրությունը։ Վ.Պողոսյանը նշեց, որ այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալ ՀՀ գրադարանային միջավայրի խնդիրներին, այլև կանխատեսել զարգացման միտումներ, որոնցում գրադարանային յուրաքանչյուր աշխատակցի դրակատարումը գերակա է։