Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 28-ամյա բանակ

Հայոց բանակի 28-ամյակի նկար

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր: 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

28 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն…

Փա՛ռք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի քա՛ջ զիվորներ, որ զգոնությամբ, պատվով ու պատասխանատվությամբ հսկում եք մեր սահմանները, պաշտպանում հայրենի հողի ազնիվ մշակին ոսոխի նենգ գնդակից, պահպանում մանկան արդար քունն ու մեծի անդորրը, երկրի խաղաղությունը…

Շնորհավո՛ր ձեր տոնը և խորին շնորհակալությու՛ն ձեզ, մեր սիրելի՛ զինվորներ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…

 

ԵՊՀ ԻՄ-ը ստացել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության թույլտվություն

Մագ.-ի թուլտվութ. նորութ. նկար

Ուրախ ենք տեղեկացնել մեր շահակիցներին, որ 2020թ. հունվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է մագիստրոսի կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ՝ 011301.00.7 «Ընդհանուր մանկավարժություն» (011301.04.7 – «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») մասնագիտության գծով ընդունելություն կատարելու թույլտվություն:

Ուսուցումը կիրականացվի 1.5 տարի տևողությամբ, սովորողների համար նախատեսվող սահմանային 25-ական տեղերով:

Ծրագիրը գերազանց հնարավորություն է ստանալու մանկավարժի որակավորում մասնաճյուղի ցանկացած մասնագիտության բակալավրական կրթական ծրագրի շրջանավարտների, ինչպես նաև տարածաշրջանի դպրոցների՝ արդեն դասավանդող ուսուցիչների համար: Ըստ հայտագրված դիմումների քանակի՝ կարող են ձևավորվել տարբեր մասնագիտացումներով խմբեր (օրինակ՝ աշխարհագրություն, մաթեմատիկա, հայոց լեզու և այլն):

Դասընթացները կվարեն Մայր բուհի, մասնաճյուղի և հանրապետության այլ բուհերի առաջատար մանկավարժներ:

Ըստ կրթական ծրագրի՝ կդասավանդվեն «Ընդհանուր մանկավարժություն», «Ընդհանուր հոգեբանություն», «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ», «Տարիքային մանկավարժություն», «Դասավանդման մեթոդիկա (ըստ մասնագիտ. առարկայի)», «Կրթական տեխնոլոգիաներ», «Ուսուցման տեսություն» և այլ առարկաներ:

Առաջիկայում ծրագիրը կտեղադրվի ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին:

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

Կիր. արվ. նիստի հայտ. նկար

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում /առանց լուծարքային շրջանի/ (զեկուցող՝ Ա.Մարգարյան):
  2. 2019-2020 ուստարվա 2-րդ  կիսամյակի նախապատրաստական աշխատանքների  քննարկում (զեկուցող՝ Ա.Մարգարյան):
  3. Ընթացիկ հարցեր:

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

IMG_1815 (2) (1)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., մասնաճյուղի երախտավոր, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և նրա ձեռքբերումներին մասնակցող Անուշավան Հայկարամի Մակարյանին ծննդյան 60-ամյակի առթիվ՝ մաղթելով երջանկություն, անսպառ եռանդ, աշխատանքային ձեռքբերումներ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ:

Ավելի քան երկու տասնամյակ՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրումից ի վեր, Ա.Մակարյանն իր աշխատանքային բարձր կուլտուրան՝ մեծ պատասխանատվությունը, նորովի  մտածելակերպն ու վերլուծական խոր հմտությունները, թիմային արդյունավետ աշխատանք կատարելու կարողությունները, փոխանցել և շարունակում է փոխանցել մասնաճյուղի աշխատակիցներին, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում…

Ամփոփվեց «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համայնքապետարանում» ծրագիրը

1. գլխավոր

2020թ. հունվարին ամփոփվեց 2019թ. նոյեմբերի 18-ին մեկնարկած «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համայնքապետարանում» ծրագիրը, որը մշակել և համակարգել են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի ներկայացուցիչ, «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը և մասնաճյուղի շրջանավարտ Ալիխան Բալդրյանը՝ «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Ծրագիրը նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար և նպատակ ուներ բարձրացնելու փորձաշրջանների ինստիտուտի դերն ու նշանակությունը համայնքում:

Ուսանողների շրջանում անցկացված հարցման հիման վրա որոշվեց կյանքի կոչել ծրագիրը:Մասնակիցների ընտրությունն իրականացվեց 2 փուլով՝ ուսանողների կողմից լրացված առցանց հայտերի ուսումնասիրություն և հարցազրույցների փուլ:

Հարզազրույցների փուլը հաղթահարեցին սահմանափակ թվով ուսանողներ՝  Մարգարիտ Թամրազյանը («Պատմություն» 3-րդ կուրս), Անի Բարխուդարյանը («ՕԼԳ» 3-րդ կուրս), ՆելլիՂալթախչյանը («ԻԿՄ» 3-րդ կուրս), Իրա Վարդանյանը («Ֆինանսներ» 2-րդ կուրս), Դիանա Քոչարյանը («ՔԿԳ» 3-րդ կուրս), Քրիստինե Փաշինյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), ովքեր հնարավորություն ունեցան փորձաշրջան անցնելու Իջևանի համայնքապետարանի երեք՝ Քաղաքաշինության, Ֆինանսական, Կրթության և մշակույթի բաժիններում:

2019թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համյքապետարանում» ծրագրի հարցազրույցի փուլը հաղթահարած ուսանողների հանդիպումը Իջևան համայքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում պարոն Ղալումյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ուսանողները ծանոթացան  համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ապա սկսվեց փորձաշրջանը:

Ս.թ. հունվարի 15-ին ամփոփվեց ծրագիրը, համակարգողները հանձնեցին     պատվոգրեր ծրագրի մասնակիցներին, շնորհակալագրեր համայնքապետարանի աշխատակիցներին և Իջևան համայքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: Կողմերը փաստեցին, որ ծրագիրը հաջողված է, և ցանկություն հայտնեցին այն շարունակելու:

Առաջիկայում նախատեսվում է ծրագրի մասշտաբների ընդլայնում. ձեռք է բերվել համաձայնություն Տավուշի մարզպետարանի հետ: