Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

2015թ. հուլիսի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները գիտաժողով անցկացնելու նպատակով այցելեցին Գեղարքունիքի մարզ` պատանի երկրապահների ճամբար, որտեղ ընդգրկված էին երիտասարդ և պատանի երկրապահներ` հանրապետության տարբեր վայրերից ու Արցախից:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Պատանի երկրապահներն ուսումնամարզական վարժանքներ և հրամանատարասերժանտական դասընթացներ են անցնում Գեղարքունիքի մարզում, որը պատահական չէ ընտրված:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Գեղարքունիքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սահմանամերձ մարզ է, որի բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, այսօր էլ ներգրավված է հայրենիքի շենացման գործում:

Մարզում կա Երկրապահի 2625 անդամ, «Երիտասարդ երկրապահի» մարզային կառույցում հաշվառված են 368 հոգի, «Պատանի Երկրապահ»-ում ընդգրկված են 1372 պատանի և աղջիկ: Մարզում գործում են վեց (Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Վարդենիկի) տարածքային բաժանմունքներ:

Այցի ընթացքում նախ ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` մասնավորապես նշելով. «Այս դաստիարակված սերունդը ստեղծելու է այն ազատ, անկախ, միասնական Հայաստանը, որը մեր բոլորիս երազանքն է: … Շնորհակալություն ձեզ, կրկին շնորհակալություն Երկրապահին, այն մարդկանց, որոնք իրենց ուսերին են տարել այս տարիների ընթացքում մեր երկրի հզորացումը… Մենք կարող ենք ասել, որ, հանձինս պատանի երկրապահների, Հայաստանում ստեղծվել է մի մեծ համալսարան, մի կրթական համալիր, որի պատերի ներսում դաստիարակվում է այս հերոսական սերունդը: Փա՛ռք ու պատիվ ձեզ»:

Ապա մասնաճյուղի ներկայացուցիչները պատանի և երիտասարդ երկրապահների համար անցկացրին գիտաժողով, քննարկեցին հայրենասիրության, անկախության և այլ թեմաներ:

Գիտաժողովի մասնակիցները ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից արժանացան հուշամեդալների և պատվոգրերի:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպեցին նաև փոքրիկ երաժշտական միջոցառում` «Հայ ենք մենք», «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Գետաշեն» և այլ ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Ակումբականներին ակտիվ ձայնակցեցին և պատանի երկրապահներն ու նրանց ղեկավարները: