Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ս.թ. սեպտեմբերի 5-ից մասնաճյուղում կմեկնարկեն ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Ուս. վերապ. հայտ. նկարը Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացվեն 2023թ. սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Վերապատրաստումները տեղի կունենան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝ ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094104107 կամ 094 40 60 32:

«Գլոբալ խաղաղություն. հայեցակարգ և հետազոտություններ» թեմայով բանախոսություն

Հայտ. նկ. (2) 2023թ. հունիսի 2-ին՝ ժամը 11:00-12:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Գլոբալ խաղաղություն. հայեցակարգ և հետազոտություններ» թեմայով բանախոսությունը, որը կազմակերպել են ԵՊՀ ԻՄ-ն ու Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (գլխամասը՝ Սիդնեյ, Ավստրալիա):

Այն կվարի Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի դեսպան, սոցիոլոգ, կոնֆլիկտաբան Լուսինե Հակոբյանը:

Բանախոսության ընթացքում կներկայացվեն գլոբալ խաղաղության էությունը, ցուցիչները, միտումները, տարբեր երկրների ու տարածաշրջանների վարկանիշները, ինչպես նաև խաղաղության կապը կառավարման ռեժիմների, մարդու իրավունքների, ռեսուրսների բաշխվածության, դիմակայունության և այլ գործոնների հետ:

Անդրադարձ կկատարվի նաև «Գլոբալ խաղաղության ինդեքս 2022» և «Դրական խաղաղության ինդեքս 2022» զեկույցներին:

«Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հրավեր

Ցուցահանդեսի հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ, հայրենակիցներ, 2023թ. մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա «Մունետիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ծրագրի նախաձեռնող խումբը, մասնակից երիտասարդները, հյուրեր և այլ արվեստասերներ ողջ Հայաստանից:

Ողջ էքսպոզիցիան բաղկացած կլինի հայրենաճանաչողական ծրագրի ընթացքում ստեղծված աշխատանքներից, որոնցում բազմաթիվ են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների  գործերը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ինչպես գեղանկարչական և գրաֆիկական, այնպես էլ բատիկ աշխատանքներ: Ծրագրին միացել են նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել է նոր թեմատիկ աշխատանքներով:

Բոլորին սիրով հրավիրում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ դիտելու «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը:

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները

Հեռ.-ընդուն.-հայտ.-նկ.

 Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. մայիսի 10-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները.

  • Մոնիկա Գերասիմի Մարդանյանը («Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 2-րդ կուրս),
  • Մանե Վահանի Փիրումյանը («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիր, 4-րդ կուրս),
  • Իննա Հրայրի Հարությունյանը («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Նարա Արմենի Մելքումյանը («Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 4-րդ կուրս)։

Մրցույթի մանրամասները՝ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԲԱՆՈՒԳՈՐԾ ԷՔՍՊՈ-2023»-Ը

ԲանՈՒԳործ

 Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին:

Էքսպոյի շրջանակում համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները:

Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝

  • «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
  • ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն,
  • տարատեսակ աշխատարաններ և խաղեր,
  • ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
  • տոնական համերգ:

Միջոցառման գլխավոր գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը:

Միջոցառման մասին պատմող հոլովակը կարող եք տեսնել ստորև: