Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

1. գլխավոր

2021թ. մարտի 5-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (ի դեմս «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի տնօրեն Արմինե Ներսիսյանի) միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Կնքված հուշագրով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը օժանդակելու Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության զարգացմանը կրթության բոլոր մակարդակներում և ստեղծելու ընդհանուր հարթակ ուսանողների համար մանկավարժական և հոգեբանական տեսական գիտելիքներ ձեռքբերելու և դրանք «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում գործնականում կիրառելու համար:

 

Հուշագիրը նպատակաուղղված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ուսանողների իրազեկվածությունը ներառական սկզբունքների (հավասար հնարավորություններ, միջավայրային մատչելիություն, կրթության հասանելիություն) վերաբերյալ:

 

Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:

 

Մասնավորապես «Հույսի կամուրջ»-ը պատասխանատու է՝

  1. մշակել և անցկացնել լրացուցիչ 5-օրյա դասընթաց մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար՝ «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» թեմայով,
  2. համալրել ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը ներառական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ գրքերով և ձեռնարկներով,
  3. «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում ստեղծել հարթակ, որը կարող է գործել նաև առցանց՝ ապահովելու ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական պարապմունքների, կլոր-սեղան քննարկումների, փորձի փոխանակման միջոցառումներ,
  4. Համագործակցելով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի հետ՝ խթանել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներառական դպրոցների և համալսարանի միջև սերտ համագործակցություն՝ համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատասխանատու է՝

  1. Ապահովել արդյունավետ համագործակցությունը ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև,
  2. Մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նրանց համաձայնությամբ թույլատրել իրականացնել «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» լրացուցիչ դասընթացը,
  3. Որոշել ԵՊՀ ԻՄ-ում պատասխանատու անձ, ով սերտ կհամագործակցի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ հուշագրի շրջանակներում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը տե՛ս այստեղ:

Մեր ուսանողը՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն

1. գլխավոր

2021թ. փետրվարի 27-28-ը «Դինամո» մարզադահլիճում կայացավ սամբոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Արցախի, Երևանի լավագույն մարզիկները:

 

+98 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Բեկնազարյանը և դարձավ առաջնության հաղթող՝ նվաճելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու ուղեգիր և պարգևատրվելով ոսկե մեդալով ու պատվոգրով:

 

Մինչև ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն դառնալը Գրիգոր Բեկնազարյանը 2019թ. դեկտեմբերի 5-8-ը մասնակցել է դպրոցականների՝ Եվրոպայի սամբոյի առաջնությանը՝ 11 հոգանոց խմբում գրավելով 5-րդ տեղը:

 

2020թ. ՀՀ սամբոյի պատանիների առաջնությունում 87+ կգ քաշային կարգում    գրավել է առաջին տեղը՝ դառնալով ՀՀ չեմպիոն:

 

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ սամբոյի պատանիների հավաքականը պիտի մեկներ Բուլղարիա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ մեկնումը չեղարկվեց:

 

Նույն թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայում կայացավ սամբոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի թիմը Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով չմասնակցեց:

 

2021թ. մարտի կեսից կկայանան ՀՀ սամբոյի հավաքականի մարզումները Ծաղկաձորում, իսկ ապրիլի 10-15-ը Գրիգոր Բեկնազարյանը հավաքականի կազմում Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողին՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ,  և առաջիկա առաջնություններում մաղթում ենք փայլուն հաղթանակներ:

 

 

Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհուն

1. գլխավոր

2021թ. հունվարի 25-ին, համաձայն հաստատված ավանդույթի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2020 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:  

Մասնակիցներին ուղղված շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, Մ. Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Հաշվի առնելով «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մեջ իր ցուցաբերած բարձր առաջադիմությունը, կարգապահությունը և ակտիվությունը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից լավագույն ուսանողի թեկնածու էր առաջադրվել 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարենի Կարապետյանը

Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Լիանա Կարապետյանին շնորհվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Լիանա Կարապետյանին՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին կտրամադրվեն «Ռեստարտ Իջևան» կազմակերպության անվանական կրթաթոշակներ

Ռեստարտի հետ հուշագրի նկարը

2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության (ի դեմս գործադիր տնօրեն Մելինե Գևորգյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը նպատակաուղղված է աջակցելու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ նրանց տրամադրելով անվանական կրթաթոշակներ:

 

Երկկողմ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հարցերի շուրջ.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցային կապերի ձևավորում,
  2. աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  3. անվանական կրթաթոշակների տրամադրման հարցում չափանիշների սահմանում,
  4. ուսանողների նախնական/վերջնական ընտրության կազմակերպում,
  5. անվանական կրթաթոշակների փոխանցման կազմակերպում:

Համագործակցության շրջանակներում ներկա պահին նախատեսվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով 15 ուսանողի տրամադրել ամենամսյա ֆինանսական աջակցություն:

 

Մասնաճյուղի կողմից ներկայացված անվանական կրթաթոշակի հավակնորդների ցանկից «Ռեստարտ Իջևան» կազմակերպությունը կիրականացնի ուսանողների վերջնական ընտրություն և կկազմակերպի սահմանված գումարի փոխանցում:

 

ԵՊՀ ԻՄի և «Ռեստարտ Իջևան»-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը տե՛ս այստեղ:

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: