Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_8963

2020թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Հարություն Համբարձումյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

 

Հուշագրով ամրագրվեցին համագործակցության մի շարք ուղղություններ կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում:

 

Երկկողմ համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, փառատոներ, մրցույթներ, օլիմպիադաներ, գիտական կոնֆերանսներ, կլոր սեղաններ, դասախոսություններ և այլ գիտակրթական ու մշակութային միջոցառումներ:

 

Համատեղ նախագծեր, փաստաթղթեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ, ստեղծել փորձագիտական խմբեր և կազմկոմիտեներ:

 

Համագործակցության զարգացմանն է ուղղված նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցչության հիմնումը ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ փակցվեցին կենտրոնի գործունեությունը լուսաբանող պաստառներ, դասավորվեցին կենտրոնի կողմից մասնաճյուղին նվիրաբերված ռուսալեզու գրքեր:

 

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ կայացավ հանդիպմանը, որին մասնակցեցին ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, իրավախորհրդատու Ն.Նազարյանը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ.Համբարձումյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության լավ փորձը Շիրակի և Լոռու մարզերում, կենտրոնի համագործակցությունը մարզային բուհերի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, ուսանողների և դասախոսների շարժունության, ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները:

ԵՊՀ ԻՄ-ի կողմից 5.5 միլիոն լրացուցիչ դրամ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին

Նորութ. նկարը

2020թ. սեպտեմբերի 27-ից՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացավ Հայաստանից ու աշխարհի չորս ծագերից ողջ հայությունը՝ այս վճռական պահին յուրաքանչյուր ներդրումի կարևորության քաջ գիտակցումով:

 

Համազգային դրամահավաքից անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին սեպտեմբերի 29-ին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ԻՄ-ը դարձյալ միացավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին և այս անգամ փոխանցեց 5.500.000 ՀՀ դրամ:

 

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան հզոր պատգամին ապավինելով և արդարության հաղթանակին հավատալով՝ հաղթելու ենք:  

 

Մասնաճյուղը միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին

ԵՊՀ-ԻՄ-նկ.

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաստատակամորեն կասեցնում է թշնամու առաջխաղացման փորձերը: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցուցաբերում են ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

 

Այս վճռական պահին համայն հայությունը համախմբվել, դարձել է բռունցք՝ միասնությամբ հասնելու հերթական հաղթանակին, որի կերտման գործում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս, ամենի մի հայի անմնացորդ նվիրումն ու ներդրումը՝ լինի ֆիզիկապես, հոգեպես, թե նյութապես:

 

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից սկսվել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավը:

 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 8-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ նախագահ Ա.Սարգսյանի հանդիպումը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզի տարբեր ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պարոն Ա.Սարգսյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, նրանց հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ հետաքրքրություններ, մտահղացումներ ու կարիքներ ունեն:

Նախագահը նշեց, որ մարզի զարգացման, շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար նպատակահարմար կարող է լինել մասնագիտությունների ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնապահությունը, անասնաբուժությունը, անտառային տնտեսության կառավարումը և այլն:

Պարոն Սարգսյանը ուսանողներին տվեց արժեքավոր խորհուրդներ՝ հայրենիքը ճանաչելու և սիրելու, սկզբունքային լինելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Դիմելով ուսանողներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն, ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ: Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:

Նախագահը նաև ուսանողներին ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներից, այնտեղ ապրող տոկուն, ստեղծագործ ու աշխատասեր մարդկանցից իր ստացած ջերմ ու դրական տպավորությունները. «Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում: Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը, որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:

Ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկը և հետևելով ձևավորված ավանդույթին՝ ՀՀ նախագահը տիկնոջ հետ մասնաճյուղի այգում ծառ տնկեց:

Այնուհետև նախագահ Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը և հյուրերը դիտեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների բացօթյա ցուցադրությունը:

Ա.Մակարյանը տնօրենության անունից ՀՀ նախագահին նվիրեց մասնաճյուղի շրջանավարտների ավարտական աշխատանքներից «Տիրամայրը մանուկի հետ» մանրանկարը (ուսանող՝ Արինա Դավթյան, ղեկավար՝ Լ.Ֆլջյան):