Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով բաց դաս

1․ գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 12-ին «Կրթության հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց բաց դաս՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով:

Բաց դասը վարում էր ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը, մասնակցում էին «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Հարությունյանը:

Դասի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ուսումնառության համընդհանուր ձևավորման (ՈՒՀՁ) էությունը, սկզբունքները և դասը ՈՒՀՁ եղանակով պլանավորելու ռազմավարությունները:

Բաց դասին ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ խնդիրներն ու հարցերը՝ «Ի՞նչ է ուսումնառության համընդհանուր ձևավորումը», «Որո՞նք են խթանող կրթական միջավայրի սկզբունքներն ու չափանիշները», «Ինչու՞ են կարևոր կրթության գործընթացի խելամիտ հարմարեցումները», «Աշակերտների կողմից նյութի ընկալման եղանակները», «Հոգեբանի դերն ու գործառույթները դասը ՈՒՀՁ սկզբունքներով պլանավորելու և խելամիտ հարմարեցումներ առաջարկելու գործընթացում», «Համատեղ դասավանդման էությունը», «Համատեղ դասավանդման մոդելները», «Հոգեբանը որպես համատեղ դասավանդման մասնակից»:

«Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասի ընթացքում իրականացվեցին գործնական աշխատանքներ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց ուսանողների կողմից դասի յուրացումն ու ամրապնդումը: Ուսանողները բավականին ակտիվ մասնակցեցին առաջադրված հարցերի քննարկմանը՝ արտահայտելով հետաքրքիր ու ստեղծարար մտքեր և գաղափարներ:

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. դեկտեմբերի 9-ին առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով: Նիստը նախագահում էր տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:

Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկված որոշակի փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շահակիցների կարիքների վերհանման և գնահատման, ԵՊՀ ԻՄ մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգերը:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականին և 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2022-2023 թթ. կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշներին, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը հրատարակման երաշխավորելուն վերաբերող հարցեր:

Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի՝ հանգամանորեն ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքները (առկա և հեռակա ուսուցում) և նախորդ երեք տարվա արդյունքների համեմատական վերլուծությունը:

Ներկայացված արդյունքների համաձայն՝ 2023-2024 ուստարում նկատելի է դիմորդների ընդհանուր թվի նվազում, ինչպես նաև ընդունելության քննությունների նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թվի որոշակի նվազում՝ նախորդ երեք ուստարիների (2020-2021, 2021-2022, 2022-2023)  համեմատությամբ: Առկա ուսուցման համակարգում ավելի է խորանում դպրոցների շրջանավարտների գիտելիքների և ընդունելության քննությունների համար նախատեսված պահանջների միջև տարբերությունը, իջնում է դիմորդների գիտելիքների մակարդակը: Այդ ամենի հետևանքով ավելի մեծ թվով դիմորդներ չեն հաղթահարում նվազագույն շեմը: Հեռակա ուսուցման համակարգում իրավիճակը պայմանավորված է ընդունելության քննությունների կազմակերպման ձևի փոփոխությամբ ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հանձնարարվող քննական առաջադրանքների բարդությամբ: Ավելի մեծ վնաս են հասցնում նաև ոչ պետական բուհերի հետ անհավասար և անազնիվ մրցակցային պայմանները, որոնք իրականացնում են առանց քննությունների ընդունելություն՝ դրանով գրավելով մեծաքանակ դիմորդներ:

ԵՊՀ ԻՄ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հաշվետու ֆինանսական տարվա մուտքերը (եկամուտները) կազմում են 404.160,6 մլն. ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը) կազմում են 438.992,3 մլն. ՀՀ դրամ: Նախորդ ֆինանսական տարվանից մնացորդը կազմել է 43.170,8 մլն. ՀՀ դրամ:

Մուտքերի 58%-ը (234.498,0 մլն. ՀՀ դրամ) վճարովի ուսուցման ծառայություններից է, 27%-ը (109.340,0 մլն. ՀՀ դրամ) պետական ֆինանսավորումից է: Ելքերի 79.3%-ը (348.054,0 մլն. ՀՀ դրամ) «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ելքերի 2.2%-ը (9.860,0 մլն. ՀՀ դրամ) ուղղվել է ուսանողների կրթաթոշակներին, 7.1%-ը (31.500 մլն. ՀՀ դրամ)՝ Երևանից ժամանող դասախոսներին տեղափոխելու համար նոր միկրոավտոբուսի ձեռքբերմանը:

ԵՊՀ ԻՄ 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) ներկայացնելիս նշվեց, որ վերջինիս հոդվածների ցուցանիշները կազմվել են 2023 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: Նոր բյուջեով նախատեսվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի որոշակի բարձրացում, աշխատակիցների առողջության ապահովագրության փաթեթով նախատեսվող ծառայությունների կտրուկ ավելացում, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների մասնաշենքի վերանորոգման պետական սուբվենցիոն ծրագրին մասնակցություն, կենտրոնական մասնաշենքի ջեռուցման համակարգի արմատական վերափոխում և բակային տարածքի հիմնանորոգում, Կիրառական արվեստի ֆակուլտետի գույքի համալրում և այլ գործողությունների ֆինանսավորում: Նշված ծրագրերի իրականացմանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Մայր բուհը:   

Մասնաճյուղի գիտխորհրդի անդամների կողմից 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) արժանացավ հավանության, և որոշվեց այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:

Հաջորդիվ ներկայացվեց ԵՊՀ ԻՄ շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2022-2023 թթ. հարցման արդյունքների և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը:

Նշվեց, որ ուսումնասիրության նպատակն է պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ: 5-բալային սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:

Հարցման արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ։

Վերջին 3 տարվա համեմատ այս տարվա հարցումների՝ շահակիցների կողմից տրված գնահատականների միջինը զգալիորեն աճել է: Օրինակ, մեր շրջանավարտների տեսական գիտելիքների իմացությանը 4 և 5 գնահատականներ է տվել հարցմանը մասնակցած 63 շահակիցներից 55-ը (87.30%- ը), մասնագիտական պատրաստվածությանը՝ 53-ը (84.12%-ը), և մասնագիտական խոսքին՝ 52-ը (82.53%-ը), որը բավականին բարձր ցուցանիշ է:

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների հաղորդակցվելու (միջին գնահատականը՝ 4․30), կազմակերպչական որակների (միջին գնահատականը՝ 4.22), քննադատական-վերլուծական  (միջին  գնահատականը՝  4.01) և տարբեր իրավիճակներում  արագ  և  ճիշտ  կողմնորոշվելու  կարողությունների  (միջին գնահատականը՝ 4.01)՝ 2023 թ․ հարցման արդյունքները նախորդ տարիների համեմատ աճել են:

Մեր գործատուներն ընդհանուր առմամբ բավարարված են մասնաճյուղի շրջանավարտների մարդկային և անձնային որակներից և դա արտահայտել են հիմնականում 4 և 5 գնահատականներով:

Հարցմանը մասնակցած 63 գործատուներից 63-ը (100%-ը) իրենց կազմակերպությունում մասնաճյուղի հեղինակությունը գնահատել է 4 և 5 գնահատակններով: Այդ ցուցանիշը վերջին տարիների համեմատ էականորեն աճել է, մասնավորապես նախորդ տարվա համեմատ միջին գնահատականը աճել է 0.36 միավորով: Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 59-ը (93.65%-ը). այս ցուցանիշը ևս աճել է նախորդ տարիների համեմատ:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2022-2023 և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը կտրամադրի ֆակուլտետներին, մասնագիտական ամբիոններին և ուսանողներին (ՈՒԳԸ և ՈՒԽ)՝ ներկա գործընթացներում քննության առարկա դարձնելու արտաքին շահակիցների առաջարկները և կարծիք-գնահատականները՝ ուղղված կրթական ծրագրերի կատարելագործմանը:

Գիտխորհրդի անդամներին ներկայացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշների լրակազմը, որն ընդգրկում է մասնաճյուղի՝ վերջին 5 տարիներին գրանցած արդյունքները և դրանց դինամիկան, փաստում է մասնաճյուղի ձեռքբերումների և խնդիրների մասին: ԳԱՑ-ում յուրաքանչյուր ցուցանիշի համար գրված վերլուծությունում ներկայացված են ձեռքբերված արդյունքները, նրանց հիմնավորումները, իսկ խնդիրների դեպքում՝ պատճառները:

Վերջին 2 տարիների ԳԱՑ-երի (ԳԱՑ 2017-2022 և ԳԱՑ 2018-23) լրակազմը տարբերվում է նախորդ ԳԱՑ-երից: Մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի գնահատման պահանջները բավարարելու և մասնաճյուղի նախանշած ձեռքբերումները մանրամասն ներկայացնելու համար ՄԿՈԱ բաժնի կողմից վերանայվել և նոր արդյունքներով համալրվել են գործունեության բոլոր 6 ոլորտները (Ընդունելություն և համակազմ, Ուսումնական գործընթաց, Ռեսուրսներ և կառավարում, Ենթակառուցվածքներ, Գիտություն և նորարարություն, Արտաքին կապեր և միջազգային համագործակցություն)․ ավելացվել են 4 նոր ցուցանիշներ (4.11, 6.1.1, 6.1.2, 6.5) և  35 նոր արդյունքներ:

ԳԱՑ-ում ավելացվել են նաև 2 նոր ոլորտներ (Որակի կառավարում և Հասարակական պատասխանտվություն)՝ 6 ցուցանիշներով և 24 արդյունքներով: Ընդգծվեց, որ ներառված նոր արդյունքներից շատերի համար 2021-2022 և 2022-2023 ուստարիների համար մասնաճյուղը ձեռք է բերել որոշակի արդյունքներ:

Գիտխորհրդի նիստում բաց քվեարկությամբ՝ սահմանված կարգով, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ. Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը երաշխավորվեց հրատարակման:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Էլեկտրոնային կառավարման հզորացում՝ ի նպաստ էլեկտրոնային ժողովրդավարության և ներառական որոշումների կայացման» դասընթացը

1.գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլեկտրոնային կառավարման հզորացում՝ ի նպաստ էլեկտրոնային ժողովրդավարության և ներառական որոշումների կայացման» խորագրով դասընթացը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի և աշխատակազմի 3 տասնյակ ներկայացուցիչներ:

Դասընթացը վարեցին «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ, ի.գ.թ. Սուրեն Քրմոյանը և համահիմնադիր Մերի Շերոյանը:

Սույն դասընթացը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում «Թվային Հայաստան» ՀԿ նախաձեռնությունն է, որի կազմակերպմանն աջակցում է նաև «Կողբ» հիմնադրամը: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից, հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

Այն միտված էր մասնակիցներին ապահովելու Հայաստանում էլեկտրոնային ժողովրդավարության և կառավարման ոլորտում առկա էլեկտրոնային գործիքների, իրավական կարգավորումների, վերջիններիս տեսական և գործնական կիրառման գիտելիքներով, ինչպես նաև զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:

Ինտերակտիվ քննարկումների և դասընթացի միջոցով տրամադրված գիտելիքների շնորհիվ մասնակիցները բացահայտեցին Հայաստանում էլեկտրոնային կառավարման և ժողովրդավարության գործիքների միջոցով ներառական որոշումների կայացման, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում ակտիվ և արդյունավետ ներգրավման միջոցները:

 

Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

ԵՊՀ ԻՄ  (12) Այսօր՝ 2023 թ. դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի նույն օրը ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41 րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Հայաստանը մինչև այսօր շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պետք է պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար. չէ՞ որ ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2019 թվականից սկսած՝ Հայաստանում դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից բոլորիս ցանկանում ենք անվտանգ և դիմակայուն պետություն, բոլոր դժվարությունները հաղթահարելու ամուր կամք և տոկունություն, խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և ամենայն բարիք:

Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում մասնաճյուղում

1․ գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և «Պատմություն» մասնագիտության I-IV կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում:

2012 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես Պատմաբանի օր:

Այդ առիթով մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էռնեստ Խանումյանը՝ շնորհավորելով պատմաբաններին մասնագիտական տոնի առթիվ: Նա կարևորեց անցյալում մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերն ու կյանքի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա մարտահրավերներն ու ճիշտ կազմակերպել մեր պատմության վաղվա օրը: Պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման ուղին, ուսումնասիրելու մարդկության անցյալը, վերստեղծելու պետության, ժողովուրդների և անհատների կյանքի պատկերը անցյալում, ներկայում և ապագայում:

Մասնագիտական օրվան նվիրված զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Վանուհի Խուդավերդյանը և Թամարա Մկրտչյանը:

Այնուհետև ելույթ ունեցան և շնորհավորական խոսքով հանդես եկան Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները՝ պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը: Շեշտվեց, որ պատմական գիտության գործառույթները պայմանավորված են ժամանակակից իրականության վրա պատմական փորձի և գիտելիքների ազդեցությամբ: Հենց դրանց համախմբությամբ էլ որոշվում է պատմական գիտության արժեքը, այն, թե դրա միջոցով որքանով են լուծվում հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները, որքան է դրա սոցիալական պահանջվածությունը: Իհարկե, մարդկանց կողմից իրենց անցյալով հետաքրքրվելն ամբողջապես պայմանավորված չէ միայն դրա հասարակական ազդակներով: Պատմության նկատմամբ հետաքրքրությունը կարող է պայմանավորված լինել նաև զուտ գիտականության պահանջով, անցյալի իրողությունները վեր հանելու, դրանք ճանաչելու ձգտումով, այսինքն՝ ճշմարտության բացահայտման մղումով: Անցյալի փորձն ուսումնասիրելը օգնում է իմաստավորել ներկան և կանխատեսել ապագան:

Ընդգծվեց, որ պատմական գիտելիքներն ավելի ակտիվ են թափանցում հասարակական կյանքի մեջ: Ընդլայնվում են դրանց գործունեության ոլորտները, հետազոտության օբյեկտները, դիֆերենցացումը (տարբերակումը): Դա իր հերթին հանգեցնում է պատմական գիտության գործառույթների ընդլայնմանը: Միևնույն գործառույթը տարբեր տարածաժամանակային պայմաններում կարող է ունենալ միանգամայն հակառակ դեր: Օրինակ՝ պատմության դաստիարակչական գործառույթը նացիզմի ժամանակաշրջանում օգտագործվել է սեփական նպատակների համար: Դրանից անշուշտ չի հետևում, որ պատմությունը պետքական չէ: Պարզապես դրա գործառույթները պետք է դիտարկել միասնականության մեջ՝ առաջնային համարելով գիտականությունը:

Ելույթներից հետո քննարկվեցին պատմության՝ գիտաճանաչողական, կանխատեսման, դաստիարակչական և հասարակական հիշողություն լինելու գործառույթները: