Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայ կամավորական ցանց» կազմակերպության հավաստագրեր հանձնվեցին մասնաճյուղի մի խումբ ուսանողների

1. գլխավոր  2023թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անգլերենի ռեսուրս կենտրոնում «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի մի խումբ ուսանողների հանդիսավոր կերպով հանձնվեցին այլընտրանքային առցանց դասընթացների մասնակցության հավաստագրեր: Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը և ուսանողներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության համագործակցության շնորհիվ մեր ուսանողները շարունակում են ստանալ այլընտրանքային կրթություն:

Մասնաճյուղի գործընկեր AMVN հասարակական կազմակերպության լեզվակիր մասնագետների կողմից 2022-2023 ուստարում կազմակերպվել են խոսակցական հմտությունների զարգացման առցանց դասընթացներ անգլերենով և ռուսերենով մասնագիտացող ուսանողների համար:

Դասընթացներին ակտիվորեն մասնակցած և դրանք հաջողությամբ ավարտած ուսանողները ստացան AMVN կազմակերպության համապատասխան հավաստագրեր: Ուսանողները մեծ գոհունակություն հայտնեցին դասընթացների բովանդակության և դասընթացավարների կողմից ներկայացված նյութերի օգտակարության մասին և շեշտեցին, որ դրանք նպաստել են իրենց խոսակցական հմտությունների կատարելագործմանը:

ԵՊՀ ԻՄ գործընկեր AMVN կազմակերպությունն աջակցում է ֆակուլտետի ուսանողներին նաև ընդգրկվելու կամավորական աշխատանքներում: Այդպիսի աշխատանքներից մեկն էլ մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության՝ 2022-2023 ուստարվա շրջանավարտ Լիդա Առաքելյանի կամավոր մասնակցությունն էր Անի Մանուկյանի «Հաղթեցին ապրելով» գրքի թարգմանության գործընթացին: Լիդան նշում է, որ կամավորությունն օգնեց իրեն համալսարանում ստացած գիտելիքները խորապես կիրառել գործնականում, ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատություններ կատարել հայերենի և անգլերենի միջև, հասկանալ թարգմանության գործընթացի ընդհանուր բնույթը և դրա հետ կապված բազմաթիվ նրբություններ, բացահայտել իր ներուժը և փորձ ձեռք բերել: Լիդան անչափ շնորհակալ է մասնաճյուղի գործընկեր AMVN կազմակերպությանը՝ համալսարանում ուսանելու տարիներին իրեն և մյուս ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում

1. գլխավոր  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկաների կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը ս.թ. հոկտեմբերին կազմակերպել է հանդիպումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական 34 դպրոցների 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Հանդիպումները նպատակ ունեին ներկայացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրատուրայի ընդունելության մասնագիտությունները, կրթական ծրագրերը, ընդունելության կարգը, շարժունության հնարավորությունները, տեղեկատվություն հաղորդելու ընդունելության նախապատրաստական դասընթացների կազմակերպման վերաբերյալ, շոշափելու շրջանավարտների կարիքները և նախատրամադրվածությունը:

ՊԿՇՀ բաժնի կազմակերպած հանդիպումներին մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․Դավթյանը, Պրակտիկաների կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ․Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա․Սարգսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա․Մարգարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․Աղաբաբյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ․Չոբանյանը և ուսանողներ:

Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացան 2024թ․ ընդունելության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցային կապերը խորացնելու նպատակով դպրոցների պատասխանատուներին առաջարկվեց աշակերտների մասնակցությամբ ճանաչողական այցեր կազմակերպել մասնաճյուղ, նրանց հետաքրքրությունը խթանելու համար նախապես համաձայնեցված թեմաներով և ժամանակացույցով իրականացնել ակնարկային դասախոսություններ, թեմատիկ քննարկումներ ու գործնական պարապմունքներ:          

 

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ

1․ գլխավոր 2023թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչական խումբը՝ կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ուսումնական ծրագրերի համակարգողներ Արուս Հակոբյանը և Լիլիթ Պողոսյանը:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի ուսանողների հետ նախատեսված հանդիպման մանրամասները:   

Ներկայացվեց, որ հարկային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը նախաձեռնել է համալսարանների ուսանողների հետ հանդիպումների շարք, որի նպատակն է ուսանողներին իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և պրակտիկա ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերի և ուղիների մասին:

Այս ձևաչափով առաջին հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» և Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ և շրջանավարտներ:

Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ համակարգում առկա ծրագրերը և հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:

Արթուր Հակոբյանը ներկայացրեց իր փորձը՝ կենտրոնանալով ՊԵկ հարկային ոլորտին վերաբերող գործառույթների վրա, իսկ Լիլիթ Պողոսյանն անդրադարձավ Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին:

ՊԵԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պետական համակարգում աշխատելու կարևոր շարժառիթներից է պետականամետ գործունության իրականացումը և պետության զարգացման գործում սեփական ներդրման գիտակցումն ու պատասխանատվության ստանձնումը:

Սիրով շնորհավորում ենք…

gg

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ., ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա առաջատար և արհեստավարժ մասնագետ Գագիկ Սերգեյի Գալստյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Պարոն Գալստյանին մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, անձնական և աշխատանքային նորանոր ձեռքբերումներով և ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներով լի երկար տարիների կյանք, ամենայն բարիք:  

Գիտաճանաչողական այց Երևանի թանգարաններ՝ կիրառական արվեստի հին և ժամանակակից նմուշներին ծանոթանալու նպատակով

1.. գլխավոր ԵՊՀ ԻՄ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները տնօրենության աջակցությամբ ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ավետիս Գրիգորյանի ուղեկցությամբ «Թանգարանային գործ» առարկայի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 17-ին այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուսանողները ծանոթացան թանգարանային ֆոնդերում պահվող կիրառական արվեստի նմուշներին, հավաքածուների համալրման և պահպանման եղանակներին:

Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, հնագետ Մարիամ Սարիբեկյանն ուսանողներին ծանոթացրեց Հայկական լեռնաշխարհի քարեդարյան ժամանակաշրջանի պատմությանը՝ ներկայացված տարբեր գտածոներով՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, կիրառական արվեստի նմուշներ: Այնուհետև ինտերակտիվ ուղևորություն կատարեցին դեպի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջան, անտիկ աշխարհ և միջնադար: Ուսանողները հատկապես մեծ տպավորություն ստացան 19-20-րդ դդ․ ազգագրական հավաքածուների բաժնում, որտեղ ներկայացված էին արծաթյա և ոսկյա բազմաթիվ զարդեր, կենցաղային առարկաներ և ազգային տարազի նմուշներ:

ԵՊՀ ԻՄ ուսանողներն ականատես եղան նաև թանգարանում գործող «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, ծանոթացան գորգագործության գաղտնիքներին և Հայաստանի տարբեր բնակավայրերում գործված բազմաթիվ բարձրարժեք նմուշների:

Ուղևորության հաջորդ կանգառը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ ուսանողները ծանոթացան Երևան քաղաքում գտնվող երեք նշանավոր հնավայրերի (Էրեբունի ամրոց, Թեյշեբաինի ամրոց և Շենգավիթ բնակատեղի) պեղումներով հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին և արվեստի շքեղ նմուշներին: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են վերոնշյալ 3 հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներով հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և միջնադարյան ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 13 հազար հնագիտական առարկաներ: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Վանի թագավորության պատմությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը, որմնանկարչությունը, խեցեգործությունը, մետաղագործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցնները:

Վերջում ուսանողներն այցելեցին «Արին բերդ» բլրի բարձունքին գտնվող Էրեբունի բերդաքաղաքի ավերակներ, որտեղ դասախոսը ներկայացրեց վերջին տարիներին կատարվող պեղումների արդյունքները, ինչպես նաև թանգարանի ստեղծման և այս օրերին նշվող «Էրեբունի-Երևան 2805» տոնակատարությունների պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանին՝ ԵՊՀ ԻՄ ուսանողներին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հյուրընկալելու և տպավորիչ շրջայցի համար: