Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավոր 2023թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 3 հարցերով:

Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կազմակերպման ընթացքին, պրոֆեսորադասախոսական համակազմի տարակարգերի աշխատողների համար պաշտոնների անձնագրերի վերանայմանը, մասնաճյուղում 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքին, ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքին վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 32 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15: Հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կազմակերպման ընթացքը նորմալ է, խնդիրներ չեն արձանագրվել:

Հաջորդիվ ներկայացվեց, որ վերանայվել են պրոֆեսորադասախոսական համակազմի տարակարգերի աշխատողների համար պաշտոնների անձնագրերը: Ըստ այդմ՝ հստակ ամրագրվել են դասախոսի, ասիստենտի, դոցենտի, պրոֆեսորի և ամբիոնի վարիչի պաշտոններին առաջադրվող պահանջները՝ բարձրագույն կրթություն, մասնագիտական և մանկավարժական հմտությունների տիրապետում (մասնագիտական ունակություններ, դասավանդման/մանկավարժական և հետազոտական ունակություններ), աշխատանքային պարտականություններ՝ իրենց դրույթներով հանդերձ:

Մասնաճյուղում 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքի վերաբերյալ նշվեց, որ հաշվետու կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է իրականացնել 13 պրակ­տիկա, որոնցից 8-ը՝ առկա ուսուցման համակարգում (4 մանկավարժական և 4 ուսումնական), 5-ը՝ հեռակա ուսուցման համակարգում (2 մանկավարժական, 2 մասնագիտական, 1 գիտամանկավարժական): Մինչև այժմ կազմակերպվել են առկա ուսուցման պրակտիկաները, իսկ հեռակա ուսուցման պրակտիկաների անցկացման համար իրականացվում են  նախապատրաստական աշխատանքներ:

Մյուս հարցի հետ կապված՝ ներկայացվեց, որ 2023-2024 ուստարվա ավարտական աշխատանքների թեմաները ամբիոններում շտկվել և բերվել են վերջնական տեսքի, որոշ ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում դրանք արդեն հաստատվել են, որոշներում էլ կհաստատվեն առաջիկայում:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանի մեջ լրացուցիչ հարցեր ավելացնելու մասին առաջարկներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ԵՊՀ ԻՄ ընդունելուն և հետագա ուսումնառությունը շարունակելուն, ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը:

Առաջին ընթացիկ հարցի մասին նշվեց, որ տնօրենության անդամների կողմից առաջարկվել է ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանում ավելացնել լրացուցիչ հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում են ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխման (ռոտացիայի) արդյունքներին, տնօրենության նիստերի որոշումների կատարողականին, ուսանողների վարձավճարների չափերին և զեղչերին, ԵՊՀ ԻՄ աշխատակիցների վերապատրաստման գործընթացի պլանավորմանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ատեստավորման գործընթացի կազմակերպմանը, e-learning համակարգում ծագած խնդիրներին, կամընտրական առարկաների դասընթացների կազմակերպման հարցերին, 2024-2025 ուստարվա  ընդունելության նախնական արդյունքներին և խնդիրներին:

Հաջորդ ընթացիկ հարցի կապակցությամբ նշվեց, որ ս.թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ ընդունվելու և մասնաճյուղում հետագա ուսումնառությունը շարունակելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 15 ուսանող: ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում է Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդունելության գործընթացը: Նոյեմբերի 1-ից առարկայական տարբերությունների հանձնման I փուլն է:

Վերջին հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման համակարգի 14 նախկին ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Մասնաճյուղում կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» համադպրոցական ինտելեկտուալ խաղը

1․ Գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» խորագիրը կրող համադպրոցական  ինտելեկտուալ խաղը: Այն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

Ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ունի բարձրացնելու համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակը, նպաստելու կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը:

Խաղին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 9 դպրոցներ՝ Կայանավանի, Ազատամուտի, Այգեհովիտի, Գանձաքարի, Գետահովիտի միջնակարգ դպրոցները և Դիտավանի, Իջևանի թիվ 3, 4 և 5 հիմնական դպրոցները: Ներկա էին մասնակից դպրոցների սաները, ուսուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամները:

Խաղն ամփոփվեց Մ․Մարտիրոսյանի անվան Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմի (Խորեն Եգանյան, Սյուզան Մելքումյան, Սիրուշո Մեհրաբյան, Տիգրան Հովսեփյան, Սամվել Դավթյան) հաղթանակով: Հաղթող թիմը ստացավ խրախուսական նվեր (Ռ․ Ջ. Պալացիոյի «Հրաշքը» գիրքը) և արժանացավ պատվոգրի:

Ամենակտիվ և թիմային խաղ ցուցաբերած Այգեհովիտի միջնակարգ դպրոցի թիմը (Նվեր Ղևոնդյան, Արևիկ Սիմոնյան, Էմմա Շահնազարյան, Դավիթ Օհանյան, Մանե Համզյան) արժանացավ շնորհակալագրի և խրախուսական հուշանվերի:

Մասնակից բոլոր դպրոցները ստացան մասնակցության հավաստագրեր:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին   ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությանը, գեղարվեստական և տեխնիկական մասի ապահովման համար՝ Ուսանողական խորհրդին և պարգևատրեցին շնորհակալագրով:

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

ԵՊՀ ԻՄ  (6) 2023թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ ուսանողների հանդիպումը:

Հարկային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ն իրականացնում է հանդիպումներ տարբեր համալսարանների ուսանողների հետ՝ իրազեկելու հարկային համակարգում մեկնարկող բարեփոխումների մասին: Հանդիպումների շարքը մարզերում կմեկնարկի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանի գլխավորությամբ ուսանողներին և շրջանավարտներին կներկայացնեն Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, իրականացվող բարեփոխումները և հարկային ու մաքսային ոլորտներում աշխատանքի հնարավորությունները և հեռանկարները:

Հանդիպումը նախատեսված է Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» («Ֆինանսներ (ըստ ոլորտի)»), Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն») և Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների և շրջանավարտների համար:

Մասնաճյուղում իրականացվեցին 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները

1․ գլխավոր 2023թ. հոկտեմբերի 12-13-ը ԵՊՀ ԻՄ-ում անցկացվեցին 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25 տեղ: Մասնաճյուղում առաջին տարին ներդրված «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունվելու համար ստացվել էր 15 դիմում, իսկ արդեն երրորդ տարին գործող «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 20 դիմում:

Ըստ գործող կարգի՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 2 մագիստրոսական ծրագրերից 1-ական դիմորդ, մյուսները հանձնել են ընդունելության քննություն:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գարիկ Աշոտի Սիրոյանը: Քննությանը մասնակցել է 12 դիմորդ (2 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Առավել գոհացնող են «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննության արդյունքները: Քննությանը մասնակցել է 18 դիմորդ (1 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 7-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ»:

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի դիմորդների պատրաստվածության բարձր մակարդակի մասին մեզ հետ զրույցում փաստեց նաև քննական հանձնաժողովի նախագահը՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր, մ.գ.դ., ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը. «Քննությանը մասնակցած դիմորդները դրսևորեցին պատրաստվածության բարձր մակարդակ՝ ցույց տալով, որ ընտրած մասնագիտության գծով տիրապետում են ձևավորված որոշակի կարողությունների և մոտիվացված են աշխատելու մանկավարժության բնագավառում»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

1․ Գլխավոր

 2023 թվականի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի II, Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի I, «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի I և III կուրսերի հավաքական թիմերը:

Խաղերը կայացան օլիմպիական մրցակարգով:

Հանդիպեցին «Զբոսաշրջություն» III և «Ֆինանսներ» I կուրսերի թիմերը: Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Զբոսաշրջություն» III կուրսի թիմը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» II կուրսի հավաքական թիմն էլ 2:0 հաշվով հաղթեց «Զբոսաշրջություն» I կուրսի թիմին:

Առաջին տեղը գրավեց «Զբոսաշրջություն» III կուրսի թիմը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» II և «Ֆինանսներ» I կուրսերի թիմերը:

Մրցանակակիրները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և փոխանցիկ գավաթով: