Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

2016թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության  25-ամյակին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:

Մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ, քայլերթով շարժվեցին դեպի հրապարակ, հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

Այնուհետև այցելեցին Իջևանի մշակույթի տուն, որտեղ տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

Մշակույթի տան դիմաց ԵՊՀ ԻՄ-ի ակտիվ ու շնորհալի ուսանողները հանդես եկան ազգային պարերի կատարումներով՝ արժանանալով ներկաների հիացմունքին ու խրախուսանքին: 

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

 

_________________________________

1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:

Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը: Մինչև Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է 26 պետություն:

Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի: 2017 թվականի ապրիլին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

________________________________

Այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 21-ին, համայն հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության 25-ամյակը:

Շնորհավո՛ր տոնդ, մեր 25-ամյա Հայաստան:

Թո՛ղ մեր նախնիների՝ իրականություն դարձած դարավոր   երազանքը՝ մեր անկախությունը, երբևէ չխաթարվի, թո՛ղ այդ անկախությունը կերտած մեր ավագ սերնդի սուրբ գործի շարունակողն ու արժանի հետնորդը լինի նոր սերունդը, նրա եռանդուն ջանքերով ամրապնդվի հայրենի պետականությունը, ծաղկի ու շենանա մեր պետությունը…   

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

2016թ. սեպտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Նախ ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանը՝ շնորհավորելով բոլորին այս համահայկական տոնի առթիվ, գիտականորեն արժևորելով անկախության գաղափարը՝ իբրև հայի տեսակի շարունակության, ժողովրդի հարակայության, պետականության ամրապնդման, երկրի հզորացման գլխավոր նախապայման:

Տնօրենը կատարեց պատմական համառոտ ակնարկ, ներկայացրեց անկախության հռչակման նախադրյալները, գործընթացը, հռչակագրին հաջորդած փոփոխությունները: 

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Ներկայացվեց, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ 25 տարի առաջ, հայ ժողովուրդը, հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով, բռնեց անկախության ուղին:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (վերջինս անվանվում է Հանրապետության օր): Սակայն իրադրությունները տարբեր էին. 1991թ., ի տարբերություն 1918 թվականի, հիմնական սպառնալիքը գալիս էր ոչ թե արևմուտքից՝ Թուրքիայից, այլ արևելքից և հյուսիսից, այսինքն՝ Ադրբեջանից և հոգեվարք ապրող Խորհրդային Միությունից:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին պետք է անցկացվեր ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Ինչպես Սահյանը կասեր. «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «Ո՛չ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛… Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները»:

Հանրապետության հրապարակում 1991թ. սեպտեմբերի 21-ին տոն էր՝ ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Որպես պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը, ինչպես և դրոշը, Առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, տարբեր երկրներում ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները, ունենար իր դրամական համակարգը։
Իբրև պետական լեզու՝ հայերենով պիտի կատարվեր հանրապետության ամբողջ ներքին գործավարությունը: 

Այնուհետև «25-ամյա անկախություն. ձեռքբերումներն ու բացթողումները» թեմայով զեկուցում կարդաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանը՝ ընդծելով այս տարիների ընթացքում մեր ունեցած գլխավոր ձեռքբերումները (Արցախյան պատերազմում արյան գնով տարած հաղթանակը, սահմանադրական բարեփոխումները և այլն) և կորուստները, առաջնային խնդիրները (միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը և այլն): Խնդիրների լուծման  ճանապարհին պրոֆեսորը կարևորեց այնպիսի գործոններ, ինչպիսիք են պատրաստակամությունն ու լավատեսությունը:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Անկախության տոնի խորհուրդը գեղարվեստորեն մեկնաբանվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված գեղեցիկ միջոցառմամբ:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Մասնաճյուղի շնորհալի ուսանողները հանդես եկան պարային, գրական-երաժշտական չքնաղ կատարումներով:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Հայրենասիրական հոգեբուխ բանաստեղծություններով ու երգերով («Քայլ առաջ», «Զգույշ խոսիր Հայաստանում», «Հայ ենք մենք», «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» և այլն) ներկայացան Նինա Հարությունյանը, Մելինե Իսկանդարյանը, Սյուզի Այվազյանը, Աննա Դավթյանը:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

«Մեր պապերի ամեն մի հաղթանակ նշանավորվել ու վկայակոչվել է խրոխտ պարով» գաղափարի գիտակցումով ազգային խրոխտ պարեր պարեց մեր շնորհալի ուսանողներից կազմված պարախումբը, պարեց և ցույց տվեց, որ մեր մեջ ապրում է հաղթական ոգին:

Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումը եզրափակեց Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ մասնավորապես նշելով. «Անկախություն… մեր պապերի նվիրական ու դարավոր երազանքը, որին հասան նրանք՝ անցնելով պատմության խոչընդոտ ուղիներով և կտակեցին  մեզ` անկախության սերնդիս՝ ոչ թե այն վատնելու, այլ պահելու ու պահպանելու, այն բազմապատկելու նպատակով…

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Շնորհավորում ենք համայն հայությանը՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, մաղթում հարատևություն, հզորություն, ամուր կամք և տոկունություն` դիմագրավելու դարի մարտահրավերներին, ապրելու և արարելու…»:

Մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

 

Հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետում

2016թ. սեպտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա ուսումնական պրոցեսին, ֆակուլտետում գործող մասնագիտություններին, ամբիոններին, արվեստանոցներին  վերաբերող մի շարք հարցեր:

Տնօրենը ըստ գործող մասնագիտությունների («Կիրառական արվեստ» և «Դիզայն») ներկայացրեց ֆակուլտետի ձեռքբերումներն ու բացթողումները, հեռանկարները, առկա խնդիրները, առաջարկեց դրանք լուծելու ուղիները:

16-09-16-2

 Ուսանողները՝ մասնավորապես առաջին կուրսեցինեը,  ստացան ուսումնառության հետ կապված անհրաժեշտ խորհուրդներ ու ցուցումներ:

Բարձր կուրսերի ուսանողներին ուղղված դիտարկումները հիմնականում վերաբերում էին կուրսային ու ավարտական աշխատանքների կառուցվածքային, բովանդակային, թեմատիկ որոշ խնդիրների, դրանց իրականացման հետ կապված տեխնիկական հարցերի:

16-09-16-1

Դարձյալ ընդգծվեց, որ  մասնաճյուղի ղեկավարությունը պատրաստակամ է աշխատանքները լավագույնս իրականացնելու համար ուսանողներին տրամադրելու անհրաժեշտ աջակցություն:

Հանդիպման վերջում Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Մ.Մելքումյանը ֆակուլտետի ուսանողների շրջանում հայտարարեց իր նախաձեռնած մրցույթի մասին:

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ

2016թ. սեպտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Ա. Առաքելյանը հանդիպեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների՝ ՈՒԽ-ի նախագահի, կառույցի ֆակուլտետային ներկայացուցիչների, կուրսերի ավագների հետ: 

Հանդիպմանը մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ֆակուլտետների դեկանները, տնօրենի օգնականը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակին վերաբերող ուսումնական, կազմակերպչական, կարգապահական և այլ բնույթի հարցեր:

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ուսանողական խորհրդի  ներկայացուցիչների հետ

Ուսանողական խորհրդի նախագահը առաջին կուրսեցիներին ծանոթացրեց ՈՒԽ-ի ֆակուլտետների ներկայացուցիչների, հանձնաժողովների նախագահների հետ, ներկայացրեց իրենց աշխատանքային ծրագիրը, խնդիրները, ուսանողներին իրենց աշխատանքներում ներգրավելու ուղիները:

Տնօրենը ուսանողներին հորդորեց լինել ակտիվ, ուսումնատենչ, նպատակասլաց, կազմակերպել ու մասնակցել ուսումնագիտական միջոցառումների, տարաբնույթ մրցույթների:

Առաջին կուրսերի ավագներին  ներկայացվեցին այն հիմնական խնդիրները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել (օրինակ՝ հետևողական լինել անվանական կրթաթոշակների հարցում և այլն): 

Ուսանողները վարչական անձնակազմի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ճամփորդական տեսանյութի մրցույթ ուսանողների համար

 lights-camera-action

 
Ճամփորդական տեսանյութի մրցույթին, որն անցկացնում է InternationalStudent.com-ը , մասնակցել կարող են աշխարհի ցանկացած երկրից այն ուսանողները, որոնք 18 տարեկան են կամ ավելին:

Եթե դուք այժմ սովորում եք ոչ ձեր հայրենի երկրում, տեսանյութում կարող եք պատկերել ցանկացած ճամփորդություն: Իսկ եթե դուք ձեր հայրենի երկրում եք սովորում, մրցութային տեսանյութը պետք է պատկերի որևէ օտար երկիր ուսումնական ճամփորդությունը:

Գլխավոր մրցանակը 4 հազար դոլար է: Սահմանված են նաև Լսարանի, ինչպես նաև երկրորդ կարգի մրցանակներ:

Ներկայացվող տեսանյութի տևողությունը պետք է պակաս լինի 5 րոպեից: Գնահատման հիմնական չափանիշներն են՝ տեսանյութի յուրօրինակությունը, հետաքրքրության աստիճանը, գեղարվեստականությունը և որակը: Նախորդ տարիների մրցանակակիր տեսանյութերը կարող եք դիտել այստեղ

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 14-ն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ

Աղբյուրը՝ http://www.media.am