Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://aegmm.org/archives/399

Գիտական դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Գիտական դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2017թգիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2017թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` help@ansef.org

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`ansef.herokuapp.com մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2017 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 30 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի   կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների   բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին: 

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Աղբյուրը՝ http://armacad.info

Մասնաճյուղի աշխատակից Էմիլ Մկրտումյանին տրվեց շնորհակալագիր

Մասնաճյուղի աշխատակից Էմիլ Մկրտումյանին տրվեց շնորհակալագիր

2016թ. հունիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 3-րդ մասնաշենքի պարետ Էմիլ Լիպարիտի Մկրտումյանի հետ  կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվեց:

Մասնաճյուղում բարեխիղճ և արդյունավետ աշխատելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից Է.Մկրտումյանին հանձնվեց շնորհակալագիր:

Ամառային ծրագիր – Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, 11-22 հուլիս 2016, Երևան

Ամառային ծրագիր - Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, 11-22 հուլիս 2016, Երևան 

«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2016 թվականի ամառային ծրագրի ընդունելություն:

Այս տարվա թեման է «Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները»:

Այն մեծապես կանդրադառնա արխիվային աշխատանքի մեթոդներին տարբեր ոլորտների դիտանկյունից:

Ծրագիրը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 11-22-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների` հատկապես ազգագրություն, մշակութային մարդաբանություն, մշակութաբանություն, սոցիոլոգիա, պատմություն, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները:

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք հնարավորություն կունենան միանալ կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև:

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը: Դասախոսություններն ու սեմինարները կներառեն հետևյալ թեմաները.

  • Դաշտային աշխատանք և արխիվային աշխատանք։
  • Եկեղեցին և կրոնը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում։
  • Ստալինյան բռնաճնշումների սոցիալ-քաղաքական ազդեցությունը Հայաստանում։
  • Պատմության ընկալումը գենդերային տեսանկյունից։
  • Մշակույթը, ճարտարապետությունը և առօրյան Խորհրդային Հայաստանում։

Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:

Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները անգլալեզու գրախոսվող ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից:

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:

Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները:

Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (resume) և լրացված հայտադիմումի ձևն ուղարկեն info@armhei.org էլ.փոստին մինչև 2016 թվականի հունիսի 5-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2016թ. հունիսի 15-ը:

Կրթաթոշակներ համալսարանների առաջին կուրս ընդունվածների համար. «Մաթևոսյան կրթավճար» ծրագիր

 

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են

ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն/միայն սերվիս բաժինը/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

ՀՊՏՀ- Կառավարման, ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

ՀՊՃՀ- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները:

ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

բ)    ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ)    սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2016թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1 ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),  
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել   060526660 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://armacad.info