Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 19-ի տնօրենության նիստում

2014թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ կազմակերպելու, 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուսանողների հաճախումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց Գիտական խորհրդի` այս տարվա վերջին ընդլայնված նիստն անցկացնել դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում:

Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին համապատասխան հրամանով մինչև 90 ժամ բացակայություն ունեցող ուսանողներին ներկայացնել հեռացման:

Տնօրենության նիստի վերջում մատուցվեց հաճելի անակնկալ. Ս.Առաքելյանի կողմից տնօրենության անդամներին տրվեցին հուշանվերներ` 2015 տարվա խորհրդանիշի տեսքով:

Տնտեսագիտության ֆակուլտետում ներկայացվեց «NLS» բիզնես-ծրագիրը

2014թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Լուիզա Ալեքսանյանը, Սևաչյա Խառատյանը և Նաիրա Թիրաբյանը ներկայացրին «NLS» (New Life Style) բիզնես-ծրագիրը:

Ներկա էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ Էդգար Հովհաննիսյանը, Անուշ Սարիբեկյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Ծրագիրը նախատեսված էր «Միկրոտնտեսագիտություն» առարկայի շրջանակներում` որպես խմբային աշխատանք:

Համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողները ներկայացրին իրենց կազմած բիզնես-ծրագիրը, նախատեսվող ծախսերը, հնարավոր ռիսկերի կանխատեսումը, մարքեթինգային ռազմավարությունը, ծրագրի SWOT վերլուծությունը:

Ցուցադրվեց նաև «NLS» ժամանցային կենտրոնի գովազդը:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Է.Հովհաննիսյանը` ներկայացված ծրագրի կապակցությամբ արտահայտելով մեծ գոհունակություն:

Ուսանողական ամանորյա միջոցառում

2014թ. դեկտեմբերի 17-ին  Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ուսանողական  ամանորյա միջոցառում:

Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Տավուշի մարզպետի խորհրդական Կ.Իսկանդարյանը, մարզպետի օգնական Գ.Ազատյանը, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հ.Պողոսյանը, զինծառայողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ»  ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ուսանողներ, դասախոսներ, հյուրեր։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ամանորյա և ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, պարային կատարումներ, որոնց մեծ ոգևորությամբ միացան նաև զինծառայողները:

Վերջում շնորհակալական խոսք ասացին զինվորները` ակնկալելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական` ի շահ բանակ-հասարակություն կապի ամրապնդման:

Մասնաճյուղում կայացավ պատանի երկրապահների համար անցկացվող ռազմահայրենասիրական հերթական դասընթացը

2014թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ պատանի երկրապահների համար անցկացվող ռազմահայրենասիրական հերթական դասընթացը, որին մասնակցում էր Իջևանի դպրոցների 94 աշակերտ:

Դասընթացի պատասխանատուն «Պատանի երկրապահ» ակումբի Տավուշի մարզային ջոկատի հրամանատարի տեղակալ Արման Չապուխյանն էր:

Պատանի երկրապահների համար մեկամսյա սերժանտական դասընթացները կազմակերպվում են` հիմք ունենալով ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը:

Դեկտեմբերի 16-ին նախատեսված էր «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն, որն անցկացրեց ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Պատանի երկրապահներին հղելով իր բարեմաղթանքները` Վ.Չոբանյանը ներկայացրեց ռազմական հոգեբանության նպատակներն ու խնդիրները:

Նա կոչ արեց միջոցառման մասնակիցներին չտրվել թշնամու քարոզչական կեղծ հնարքներին, որոնց նպատակը Հայաստանի հասարակությանն ահաբեկելն է, հոգեպես ընկճելն ու բարոյապես պարտության մատնելը, չթերագնահատել թշնամուն ու միշտ զգոն լինել, չգերագնահատել ու չվախենալ նրանից և, ամենակարևորը, սիրել հայ զինվորին, Հայոց բանակն ու պետությունը:

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» նոր գիրքն առցանց

Լույս է տեսել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի հեղինակած «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: 

Ինչպես գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին:

Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված:

Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում:

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը:

Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները:

Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերող արտասահմանցիները, քանի որ նյութերը թարգմանվելու են անգլերեն:

Գրքի շրջանակներում ուսումնասիրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը:

Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններից տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ:

Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:

Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:

Գիրքն անշուշտ շատ հետաքրքիր և ուսանելի կլինի Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:

Աշխատանքը բաժանված է մի շարք մասերի, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ խորությամբ և ամբողջական ըմբռնել և հասկանալ գրքում ներկայացվող հիմնախնդիրները:

  • Նախաբան
  • Ժխտումից ժխտում
  • Կանխամտածվածության փաստումը Հայոց ցեղասպանությունում
  • Հայոց ցեղասպանության զոհերի թիվը
  • Բռնագաղթը որպես ցեղասպանություն իրականացնելու միջոց
  • Հայերի ինքնապաշտպանական մարտերը 1915 թվականին և Հայոց ցեղասպանությունը
  • Հայոց ցեղասպանության դատապարտումը օսմանյան դատարանում 1919-1920 թթ.
  • Բաց և փակ հայկական ու թուրքական արխիվները Հայոց ցեղասպանության մասին
  • «Արդար հիշողությունը» և «համատեղ ցավը»
ԳԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ

Աղբյուրը` armscoop.com