Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր

2024 թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր՝ կարևորելով կրթության և համագործակցության միջոցով Դիլիջան քաղաքում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հաշվի առնելով, որ հիմնադրամի նպատակներից է Դիլիջանի, ինչպես նաև ՀՀ այլ համայնքների վերածումը միջազգային ճանաչում ունեցող զբոսաշրջային և կրթական կենտրոնների:

Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի զբոսաշրջային պրոդուկտների զարգացնող Անի Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Սվետա Սաֆարյանը:

2022 թ. հոկտեմբերին  ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի և «ԳոԹուԴիլի» հիմնադրամի միջև արդեն կնքվել էր համագործակցության հուշագիր, որի իրականացման շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում  են «ԳոԹուԴիլի» հիմնադրամում:

Հաջող փորձի հիման վրա կողմերը վերակնքեցին հուշագիր՝ փոխհամագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով:

Ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ը հիմնադրամին կտրամադրի իր տարածքը և գույքը համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար, հիմնադրամի հետ համատեղ կիրականացնի զբոսաշրջության ոլորտի հետազոտական ու կրթական նոր նախագծեր, այդ թվում՝ կփորձարկի աշխատանքի վրա հիմնված ուսուցում և դասընթացներ ուսանողների համար:

Հիմնադրամը պատրաստակամ է՝

  • իր կարողությունների սահմաններում աջակցել ուսանողների մասնագիտական գործնական ուսուցումը կազմակերպելուն, ապահովել անհրաժեշտ պայմաններ ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հմտությունների և կարողությունների ձեռքբերման և զարգացման համար, մասնաճյուղի հետ սահմանել գործնական ուսուցման ընթացքում ուսանողի մասնագիտական պրակտիկայի բովանդակությունը,
  • հնարավորության դեպքում ԵՊՀ ԻՄ-ին ներգրավել Դիլիջան քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման մեջ,
  • զբոսաշրջային արդյունքների մշակման աշխատանքներում ներգրավել ԵՊՀ ԻՄ ուսանողներին (որպես կամավորներ) և պրոֆեսորադասխոսական անձնակազմին՝ ըստ անհրաժեշտության:
  • ԵՊՀ ԻՄ-ին աջակցել մտավոր ներուժի կարողություններով:

Հուշագրի ստորագրման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր և մանրամասներ:

«Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթաց

1. գլխավոր

2024 թ. փետրվարի 21-22-ը ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը:

Դասընթացը, որին մասնակցում էին բուհի երկու տասնյակ դասախոսներ, նպատակ ուներ աջակցելու դասախոսներին ԵՊՀ ուսուցման կառավարման «E-learning» առցանց հարթակում («Moodle»), բացի դասընթացների տեղադրումից, կազմակերպելու և իրականացնելու ուսանողների ձեռքբերումների ընթացիկ ստուգումներ և գնահատումներ՝ կիրառելով համակարգի տված լայն հնարավորությունները:

Մ. Ճաղարյանը ներկայացրեց, որ «E-learning» համակարգի կիրառությունը ուսումնական գործընթացում հեշտացնում է դասախոս-ուսանող համագործակցությունը, այն տեղափոխում է միասնական ընդհանուր էլեկտրոնային հարթակ, հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանքային մեկ տիրույթում ձեռք բերել ուսումնական անհրաժեշտ նյութերը, ստանալ խորհրդատվություն, կատարել առաջադրանքներ և ձևավորել կարողություններ ու հմտություններ, նաև կուտակել միավորներ:

Ընդգծվեց, որ «Moodle» հարթակը բավականին ճկուն գործիք է դասախոսի համար՝ յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում իր գործունեությունը ամբողջական, բազմակողմանի և բովանդակալից ներկայացնելու, ուսանողներին ուսումնառության գործընթացի մեջ ակտիվ ներգրավելու և նրանց դասընթացի արդյունավետ իրականացման շարժիչ ուժը դարձնելու համար:

Վերապատրաստման ժամանակ նախ քննարկումների միջոցով պարզաբանվեցին այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են դասախոսները «E-Learning» համակարգում աշխատելիս, ապա դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին գնահատում իրականացնելու համար համակարգի կողմից տրամադրվող հնարավորություններն ու ռեսուրսները, մասնավորապես՝ ամենաշատ կիրառելի երկու գործիքները՝ «Հանձնարարություն» և «Վիկտորինա»:

Դասընթացավարը մանրամասն անդրադարձավ այդ գործիքների հետ աշխատելու հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին, ապա ներկայացրեց «Հանձնարարություն» և «Վիկտորինա» ռեսուրսները դասընթացում ներդնելու, դրանք ուսանողներին հասանելի դարձնելու, նրանց հետ հետադարձ կապն ապահովելու և գնահատում իրականացնելու քայլերը:

Մասնակիցները գործնականորեն իրենց դասընթացներում ներդրեցին գնահատման ուսումնասիրված ռեսուրսները և քննարկեցին արդյունքները:

«Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» հանրապետական գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (17) (1)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը 2024 թ. մայիսի 24-25-ը կազմակերպում է «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի խթանելու ուսանողական հետազոտությունները, բացահայտելու ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժը, զարգացնելու ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցությունը, կենտրոնացնելու երիտասարդության ուշադրությունը ՀՀ-ում ժամանակակից զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրների վրա, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ:

Գիտաժողովի աշխատանքային  լեզուն  հայերենն է:

Այն իրականացվելու է առկա ձևաչափով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3):

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև 2024 թ ապրիլի 1-ը (ներառյալ):

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ:

Զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում ամփոփվելու են գիտական հոդվածների ժողովածուում:

Ուսանողները հոդվածները պետք է ներկայացնեն իրենց ղեկավար-դասախոսի երաշխավորությամբ:

 

Հոդվածներին վերագրվող պահանջները.

  • Հոդվածի ծավալը՝ 4-5 էջ, թղթի ֆորմատը՝ A4, տառատեսակը՝ Time New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, հեռավորությունը ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2սմ:
  • Աղբյուրներին հղումները ուղղանկյուն փակագծերում՝ [12, էջ 2], տառաչափը՝ 12:

Նշված պայմանները չբավարարելու դեպքում համաժողովի կազմակերպիչները

հոդվածը չեն կարող ընդգրկել հրապարակվող ժողովածուում:

 

Հոդվածի ձևավորման օրինակ.

Հոդվածի անվանումը (14 տառաչափ)

Հեղինակի ԱԱՀ (12 տառաչափ)

(եթե կա ղեկավար, ղեկավարի ԱԱՀ, գիտ. աստիճան, կոչում, ամբիոն, համալսարան) (12 տառաչափ)

Կուրս, ֆակուլտետ (12 տառաչափ)

Համալսարան (12 տառաչափ)

Ծանոթագրություն (անոտացիա, ռուսերեն, անգլերեն)՝ 200 բառից ոչ ավել (12 տառաչափ)

Բանալի-բառեր՝ 5-10 (12 տառաչափ)

Տեքստ (12 տառաչափ)

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով (12 տառաչափ):

 

Աղբյուրի ձևավորման օրինակ.

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով.

Գիրք.

  1. Капица С. П. Парадоксы роста: Законы глобального развития человечества. – М.: Альпина нон-фикшн, 2013. – 204 с.

Հոդված.

  1. Некипелов А. Д. Экономика и культурные ценности // Диалог культур и партнерство цивилизаций: IX Международные Лихачевские научные чтения (14-15 мая 2009 г.). – СПб.: СПбГУП, 2009. – 881 c. – С. 476-478.
  2. Кадочников Д. В. Теоретико-экономический взгляд на языковую политику // Вопросы экономики. – 2016. – No2. – С. 128-140.

Էլեկտրոնային աղբյուրներ.

  1. Кокшаров А. С. Влияние культуры на экономическое развитие // Гуманитарные научные исследования. 2013. No 11 URL: http://human.snauka.ru/2013/11/4609 (дата обращения: 17.05.2020).

 

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այս հղումով՝ https://forms.gle/WPvDfsWs7cKvAPUz6:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն (ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին՝ հեռ.՝ 091 22 05 29, էլ. հասցե՝ ghovhannisyan@ysu.am, դասախոս Սվետա Սաֆարյանին՝ հեռ.՝ 093737924, էլ. հասցե`sveta.safaryan@ysu.am):

 

Կոնտակտային տվյալներ՝

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն

ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3

(+374) 263 40050, (+374) 93737924

Մասնագիտական պրակտիկա «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ

glxavor 2024 թ. փետրվարի 8-9-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակն էր աջակցել ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպմանը:

Հյուրերը նախ հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ և քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:

2024 թ. փետրվարի 8-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք իրականացվելու են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Դրանք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն. Գրիգորյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ. Աղաբաբյանը, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Է. Թեմրազյանը և նույն ամբիոնի դասախոս Մ. Աղբալյանը:

Իրականացվող պրակտիկայի նպատակն է Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվելու են խմբային աշխատանքներում, հավաքագրելու և համակարգելու են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության, գրականության, համաշխարհային պատմության և գրականության մասին տեղեկություններ, իրականացնելու են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ, թարգմանություններ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, այնուհետև համակարգչային սրահում փետրվարի 8-ին և 9-ին ուսանողները, ըստ խմբերի, ծանոթացան Վիքիպեդիայի հայերեն տիրույթում հոդվածներ տեղադրելու և խմբագրելու նրբություններին:

Ընդունվում են ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին դիմումները

ԵՊՀ ԻՄ (11)ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի համար ընդունվելու են միայն առցանց եղանակով առկա համակարգում սովորող ուսանողների համար 2024 թ․ փետրվարի 7-ից մինչև մարտի 6-ը ներառյալ, հեռակա համակարգում սովորող ուսանողների համար՝ 2024 թ․ մարտի 4-ից մինչև մարտի 18-ը ներառյալ e-request.ysu.am համակարգի միջոցով: Անհրաժեշտ է, որ դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված):

ԵՊՀ ԻՄ աշխատակիցները և նրանց երեխաները իրենց և/կամ ծնողի   աշխատանքային ստաժի վերաբերյալ ամփոփ տեղեկանք դիմումին կից չեն ներկայացնում:

ՀՀ կառավարության՝ 27 հուլիսի 2006 թվականի N 1183-Ն որոշման կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ուսանողների խմբերի (պետության կողմից մասնակի փոխհատուցում ստացող) վերաբերյալ տվյալները 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի համար հարկավոր է ներկայացնել Ուսումնամեթոդական վարչություն մինչև սույն թվականի մարտի 6-ը ներառյալ:

Նշված ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի, ուստի խնդրում ենք հետևել ժամկետների և կարգի վերաբերյալ նշված ժամանակացույցին:

Ժամանակացույցի խախտումով և թղթային եղանակով (բացառությամբ պետության կողմից մասնակի փոխհատուցման դիմումների) մուտքագրված մասնակի փոխհատուցման դիմումները, անկախ շահառուների կարգին  համապատասխանելու հանգամանքից, չեն դիտարկվի և ենթակա կլինեն մերժման:

Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում, դիմումներն առցանց ներկայացնելու համակարգից օգտվելու ուղեցույցին՝ այստեղ: