Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործարկվել է «Խելացի քարտեզ» սարքը

1. glxavor 2024 թ. հունվարի 16-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խելացի քարտեզ» սարքի գործարկումը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ, մասնակցելով «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող «The Lamp Camp» երիտասարդական ճամբար-աշխատարանին, հիմնադրել են Ուսանողական թվային ակումբ, որի նպատակն է աջակցել ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական և կրթական միջավայրի թվայնացմանը:

Նախագծի մեկնարկային փուլում կնքվել էր համագործակցության հուշագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ԵՊՀ ԻՄ ուսանողական թվային ակումբի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ միջև: Հուշագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ թվայնացրել են մասնաճյուղի հատակագիծը:

«Խելացի քարտեզը», որը հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել բուհում, տեղադրված է ԵՊՀ ԻՄ գլխավոր մասնաշենքի վարչական հատվածում:

Միջոցառման ամփոփման ընթացքում ծրագրի շահառուները և կամավորական աշխատանքներում ներգրավված մասնակիցները արժանացան շնորհակալական խոսքի և գովասանքի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դուրս գրված գույքի վաճառքի հայտարարություն

419331755_899723428829896_2659703980883293790_n ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող դուրս գրված հետևյալ գույքը, որը վերագնահատվել է անշարժ գույքի գնահատման «Օրրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Գնել ցանկացողները մինչև 2024 թ. փետրվարի 17-ը կարող են դիմել ԵՊՀ ԻՄ գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10), 077 10 18 11):

Շնորհավո՛ր նոր՝ 2024 թվական

ԵՊՀ ԻՄ Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Նավասարդ, Ավետիս… այս անուններով է հիշատակվում հրաշքի սպասումն իր մեջ կրող այն տոնը, որն աներևույթ մի թևով պիտի ավելացնի աշխարհի բարին, տա ապաքինում հոգով ցավածին, հիասթափվածին՝ նոր մի հիացում, սիրասթափվածին՝ մի նոր միացում, ձեռքից հավատը փախուստ տվածին՝ նոր հավատի կապակուռ թևեր… բացի փակ դռները աշխարհի, մանկան ճիչով լցնի դատարկ, համր տները…

Առաջին անգամ տարվա գաղափարը ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում, սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը և ըստ այդմ՝ Նոր տարին:

Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ Նահապետը հաղթել է Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:
Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց: Այդ պատճառով ժողովուրդը հատուկ ծիսակատարություններ է արել` կապված տիեզերական ծառի հետ: Տիեզերական ծառն ուղղահայաց գիծ է` երկրից երկինք, որն արտահայտվում էր գերանի տեսքով: Այն ուղղահայաց դիրքով դնում էին խարույկի մեջ, և յուրաքանչյուր մարդ, տուն մտնելով, մի ճյուղ էր ավելացնում գերանի կողքին` այդպիսով վառ պահելով կրակը մինչև հունվարի 6-ը՝ Քրիստոսի Ծնունդը:

Տարեմուտի գիշերը նաև գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանք: Քանի որ պասից շրջան էր, և ժողովուրդը պատրաստվում էր Սուրբ Ծննդի տոնին, Ամանորի առաջին օրերին մատուցվում էին առանց մսի պատրաստված կերակուրներ. տոնական սեղանի անբաժան մասն էին պասուց տոլման, կլոր գաթան, (որը խորհրդանշում է արևը), քառանկյուն փախլավան (որը խորհրդանշում է աշխարհի չորս կողմը կամ խաչը):

Այս Նոր տարին՝ 2024 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Կանաչ փայտե վիշապի տարի է: Վիշապը մարմնավորում է իմաստությունը, հոգևոր զարգացումը, բարգավաճումը և հաջողությունը: Կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը, աճը, թարմությունը և ներդաշնակությունը: Տարվա մյուս նախընտրելի գույներից են ոսկեգույնը և արծաթագույնը:

 

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, ուժ և եռանդ, ամենայն բարիք բոլորիս․․․

 

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ ներքին դրամաշնորհների արդյունքում հաղթած մասնակիցները

ԵՊՀ ԻՄ  (14)

 Հայտնի են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 67/4 որոշմամբ հայտարարված 2023-2024 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհային մրցույթի արդյունքները։

Հիմք ընդունելով ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշմամբ հաստատված ներքին դրամաշնորհային մրցույթի հրավերի պահանջները և հաշվի առնելով արտաքին գիտական փորձաքննության արդյունքները և ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի դրամաշնորհների հատկացման հանձնաժողովի որոշումը՝ հաղթող են ճանաչվել հետևյալ թեմաները՝ 

 «Պատկերի ճանաչման թվային անվտանգության համակարգի տեղադրում և վերահսկում»

Ղեկավար՝ Հովակիմյան Աննա Սեդրակի

Անդամներ՝

  • Օթարյան Քնար Վլադիմիրի՝ ԾԻՏ ամբիոնի դասախոս,
  • Մնացականյան Սաթենիկ Վլադիմիրի՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Ճարտարագիտության ծրագրի ղեկավար, ԵՊՀ ԻՄ դասախոս,
  • Ռոմանովա Էլինա Արթուրի՝ «Իրական դպրոց» ԿՀ
  • Մելիքյան Տիգրան Արմենի՝ ԵՊՀ ԻՄ ԻԿՄ 1-ին կուրսի ուսանող

 

«Տավուշի մարզում ինտենսիվ այգու հաշվառման թվայնացված դրոնային համակարգի մշակում»

Ղեկավար՝ Յոլչյան Ռոբերտ Մառլենի

Անդամներ՝

  • Գուլակյան Գեղամ Վոլոդյայի՝ ԵՊՀ ԻՄ, ուսումնական լաբ. վարիչ
  • Ծատուրյան Սյուզաննա Աշոտի՝ ԵՊՀ ԻՄ, դասախոս,
  • Հովհաննիսյան Վրեժ Արտեմի ՝ ԵՊՀ ԻՄ, ԻԿՄ 4-րդ կուրսի ուսանող

ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

2. Տնօրենի ուղերձի նկար՝ ոչ ամանորյա

 Սիրելի՛ համալսարանականներ և հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում, որ գալիք 2024 թվականը լինի խաղաղության, արարման և ստեղծագործ աշխատանքի, երջանկության և հաջողության, միասնականության, համազգային գաղափարների և բարձր նպատակների իրականացման, մեր երկրի հզորացման և առաջընթացի տարի…

ԵՊՀ ԻՄ գործող ռազմավարությունից ելնելով՝ Մայր բուհի և Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց համատեղ աշխատանքով նպատակաուղղված են ստեղծելու կրթական այնպիսի միջավայր և պայմաններ, որոնցում գերակայող են ուսանողի հաջողության, մատչելի կրթության, ժողովրդավարական միջավայրի, ակտիվ համագործակցության, նորարարության ու ստեղծարարության հիմնարար արժեքները:

Այդ ճանապարհին կարևոր հանգրվան էր 2023 թվականը՝ ռազմավարական 3 նպատակներից (բարձրորակ կրթություն, գիտություն և նորարարություն, հանրային ներգրավում) բխող ուսումնագիտական, մշակութային և մարզական մի շարք միջոցառումների և ծրագրերի իրականացմամբ:

Մասնաճյուղային և մարզային, հանրապետական և միջազգային բնույթի այդ նախաձեռնությունների իրականացման գործում ԵՊՀ ԻՄ-ին աջակցելու համար բուհի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, մարզային և համայնքային իշխանություններին, մեր գործընկերներին: Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հոգու լույս և ջերմություն, խաղաղություն և ամենայն բարիք…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյան