Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողուհուն տրվեց Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ

asdd ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ հանդիպում, որի ընթացքում Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակը հանձնվեց, և շնորհավորանքներ ուղղվեցին ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Նազելի Եսայանին:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ս.թ. հունվարի 25-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2023 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած 16 ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:

d99a580a-0091-4e46-be9c-1b32421b4c79

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Ի պատասխան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ուղարկած հրավերի՝ ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից «Տարվա լավագույն ուսանող» միջոցառման պարգևատրման համար ներկայացվել էր «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանի թեկնածությունը՝ նկատի ունենալով մարզի դպրոցներում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրայնացման ուղղությամբ նրա կատարած կամավորական աշխատանքները, առաջադիմությունը, ուսանողական գիտական և հասարակական կառույցներում նրա ունեցած  ակտիվությունը:

«Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Նազելի Եսայանին շնորհվել է դիպլոմ և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Նազելի Եսայանին, նրան մաղթում ուսման մեջ և կյանքում նոր ձեռքբերումներ և շարունակական վերելքներ:

Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է

ԵՊՀ ԻՄ (4) 2024 թ. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրն է, որի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք հայ ագին, մեր բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ…

Բանակի օրը հնարավորություն է վերստին հիշելու և արժևորելու, մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն արտահայտելու բոլոր ազատամարտիկներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման բոլոր երախտավորներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, բոլոր զինծառայողներին, մեր այն համալսարանականներին, ովքեր Արցախյան պատերազմների օրերին աննկուն պայքար մղեցին հանուն հայրենիքի, մեր երկրի պաշտպանության, հանուն սեփական հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի…

Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվել է Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվել են վաշտեր: 1991 թ. կառավարության որոշմամբ ստեղծվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մասին որոշում:

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:

1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ Հայոց բանակին ցանկանում ենք հզորացում, բարձր մարտունակություն և հաղթանակներ, մեր բանակի քաջարի արծիվներին՝ փառք ու պատիվ, հաղթական ոգի և տոկունություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…

ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ…

Աիդա Մարդանյան (1)

 Խոր վշտով հայտնում ենք, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ, սիրելի դասախոս, իր գործի ազնիվ նվիրյալ Աիդա Սերոժի Մարդանյանը:

Իսկապես անփոխարինելի ու անգնահատելի են տիկին Մարդանյանի դերն ու ներդրումը, օրինակելի՝ նվիրումն ու պատասխանատվությունը Տավուշի ողջ տարածաշրջանում ֆրանսերենի հիմնավորման, զարգացման և տարածման, սերունդների կրթության և դաստիարակության գործում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ա. Ս. Մարդանյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Աիդա Մարդանյանի՝ որպես իր գործի մեծ նվիրյալի և երախտավորի, սիրված դասախոսի և մանկավարժի, ազնիվ և լուսավոր մարդու կերպարը հաստատապես օրինակ կծառայի իր կրթած սերունդների, մեզ՝ բոլորիս համար, և նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Աստված Ձեր հոգին լուսավորի, ննջե՜ք խաղաղությամբ, սիրելի՛ տիկին Մարդանյան․․․ 

Այսօր Կրթության միջազգային օրն է

ԵՊՀ ԻՄ (5) Հունվարի 24-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով 2018 թ. դեկտեմբերի 3-ին հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:

Ըստ այս հռչակման՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու և կայուն զարգացմանը մասնակից լինելու համար կրթությունն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց է:

Կրթությունը ոչ միայն մարդու իրավունքն է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում, այլև անհրաժեշտ նախապայման Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից Կրթության միջազգային օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի բոլոր պատասխանատուներին և ներկայացուցիչներին այն համոզմունքով, որ կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է վերափոխել աշխարհը, կառուցել գիտելիքահենք արտադրություն և կիրթ հասարակություն, հասնել տեխնոլոգիական առաջընթացի և համընդհանուր բարօրության:

Այդ գործում հաջողություն ունենալու համար շատ կարևոր են յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ներդրումը, հետևողական աշխատանքն ու նվիրումը…

«Քաղաքացիական կրթության կենտրոն» ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

IMG_2379 2024 թ. հունվարի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի, կնքեցին համատեղ գործունեության պայմանագիր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը Տավուշի մարզում գործարկելու վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ը և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում՝ համաձայն 2019 թ. դեկտեմբերի 2-ին կողմերի միջև կնքված պայմանագրի, համալսարանում հիմնել են ուսումնական կենտրոն:

«Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը 2022 թ. ապրիլի 15-ից մինչև 2027 թ. ապրիլի 14-ն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից դրամաշնորհային պայմանագրով ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ: Ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնվի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կանոնադրական նպատակները ներառում են հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, ինչպես նաև սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Կնքված պայմանագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով 2024 թ. փետրվարից գործարկելու «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը (ՔԿԿ):

Նախագծի շրջանակներում համալսարանի վերոնշյալ կենտրոնում առկա ռեսուրսների օգտագործմամբ և վերազինմամբ կիրականացվեն անվճար դասընթացներ և տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:

Համատեղ գործունեության պայմանագրի ստորագրման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և նախագծի մանրամասներ: