Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկարը 2019թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին դեկտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստի, դասամատյանների և առարկայական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ ՈՒՄՎ վերլուծության նախնական արդյունքներին մասին և կազմակերպչական ու ընթացիկ հարցեր:

Դեկտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ում կայանալիք գիտական խորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ Ա.Մակարյանի հաղորդումը ընդունվեց ի գիտություն:

ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը, ներկայացնելով դասամատյանների և առարկայական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ վարչության կողմից իրականացված վերլուծության նախնական արդյունքները, մասնավորապես նշեց, որ վարչությունը, տնօրենի հրահանգի համաձայն, մեկ շաբաթվա ընթացում մասնագիտական բլոկում իրականացրել է առարկայական ծրագրերի, հարցաշարերի և դասամատյաններում դրանց համապատասխանության վերաբերյալ ստուգում և հայտնաբերել որոշակի բացթողումներ:

Որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել 2020թ. հունվարին վերանայել 2019-2020 ուստարվա II կիսամյակում աշխատանքային պլանով նախատեսված առարկայական ծրագրերը: Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ամբիոններում առարկայական փաթեթների ապահովման հարցում:

Ընթացիկ հարցերից էին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ազնար Ռևազյանի՝ 2019-20 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը զեղչելու, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Մելոյանին 120 և ավելի անհարգելի բացակայության պատճառով մասնաճյուղից հեռացնելու հարցերը:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Դեկտ.-ի 11-ի տնօր. նիստի նկար2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի մի քանի ուսանողների հեռացմանը, «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի լիցենզիային վերաբերող, գիտահետազոտական կենտրոն ստեղծելու և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգի 3 ուսանող չի մասնակցել 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի դասերին, և ԵՊՀ ԻՄ-ի  ներքին կարգապահական կանոնների 62-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նրանք ենթակա են հեռացման, իսկ 1 ուսանող տարկետման ժամկետը լրանալուց հետո ուսանողական իրավունքները վերականգնելու դիմում չի ներկայացրել և դարձյալ ենթակա է հեռացման: Որոշվեց հեռակա ուսուցման համակարգի 4 ուսանողին հեռացնել մասնաճյուղից:

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և Ուսումնամեթոդական վարչության կողմից կազմվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի լիցենզիա ստանալու փաթեթը: Այդ համատեքստում նշվեց, որ  2020թ. նախատեսվում է կատարել կառուցվածքային որոշ փոփոխություններ, ստեղծել փոքր գիտահետազոտական կենտրոն, որին տրվեց հավանություն:

Որոշվեց համապատասխան փաթեթը ներկայացնել Երևանի պետական համալսարան:

Ընթացիկ հարցերից էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. ընդունելության տեղերի և ուսման վարձավճարների հարցը: Որոշվեց ընդունելության տեղերը թողնել անփոփոխ, 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «ԻԿՄ», «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՏՄՄ») համար կատարել ուսման վարձավճարների փոփոխություն՝ հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության կողմից իրականացված համեմատական վերլուծությունները:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար

 2019թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ, ըստ ուսումնական պրոցեսի կազմակերպման ժամանակացույցի, ս.թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը մասնաճյուղում անցկացվելու են 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումները: Նա նշեց, որ ամբիոնները առարկայական փաթեթներին համապատասխան պետք է դեկանատներ ներկայացնեն ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ձևերը, և ըստ այդմ՝ պետք է կազմվեն քննաշրջանի ժամանակացույցները: Ընթացիկ քննությունների և ստուգումների տոմսերն ու թեստերը պետք է բխեն առարկայական հարցաշարերից, չպետք է լինեն անհամապատասխանություններ:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը Ուսումնամեթոդական վարչություն և ուսանողներին ներկայացնել առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների ժամանակացույցները և դրանք տեղադրել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

Ուսումնամեթոդական վարչությանը, ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվեց հետևել առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների պատշաճ անցկացմանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր, որոնց վերաբերյալ նշվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի համապատասխան պետք է վերանայի 2019-20 ուստարվա իր աշխատանքային պլանը:

Որոշվեց, որ ստորաբաժանումների ղեկավարները մինչև ս.թ հոկտեմբերի 20-ը կազմեն ու հաստատման ներկայացնեն իրենց ստորաբաժանումների աշխատանքային պլանները, հետևեն իրենց աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը:

Շեշտվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ԵՊՀ ԻՄ-ի իրավախորհրդատուից վերցնի իր և իր աշխատակիցների պաշտոնների անձնագրերը՝ իրենց աշխատանքային պարտականություններին ևս մեկ անգամ ծանոթանալու և դրանք պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև պետք է  հետևեն իրենց  աշխատակիցների  կարգապահությանը:

Անդրադառնալով առարկայական փաթեթներին՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն ընդգծեց, որ 2019-2020 ուսումնական տարում առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասավանդվող բոլոր դասընթացների փաթեթներն ամբիոններում պետք է հաստատված լինեին սեպտեմբերից: Այսուհանդերձ, պետք է ամբիոնների վարիչներին ևս մեկ անգամ զգուշացնել, որ ուշադիր լինեն առարկայական փաթեթների առկայությանը, քննարկմանն ու հաստատմանը:

Ամբիոնների վարիչներին որոշեցին հանձնարարել մինչև հոկտեմբերի 20-ը կարգավորել բացակա կամ թերի առարկայական փաթեթները:

Նշվեց, որ ամբիոնների վարիչներն իրենց անհատական ծանրաբեռնվածություններին համապատասխան պետք է իրականացնեն դասալսումներ: Դասալսումից հետո նրանք պետք է ներկայացնեն համապատասխան հաշվետվություն, կատարեն գրանցումներ դասալսումների մատյանում:

Որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև վերոնշյալ ժամկետն անցկացնել դասալսումներ՝ ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կանոնակարգի համաձայն:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ տնօրենության նիստ

1. գլխավոր 2019թ. հոկտեմբերի 1-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը վերաբերող և ընթացիկ հարցեր:

2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփեց Ա.Դավթյանը՝ նշելով, որ առկա ուսուցման համակարգի 562 ուսանողներից առարկայական պարտքեր ունի 2 ուսանող, իսկ հեռակա ուսուցման 648 ուսանողներից առարկայական պարտքեր ունի 23 ուսանող, հեռացվել է 13 ուսանող:

Նիստի ընթացքում որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2018-19 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ Ա.Դավթյանի զեկուցումը ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերից էր Տավուշի թեմի կողմից տրամադրվող դրամական պարգևատրումը ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ՀԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Աշոտի Մխիթարյանին հատկացնելու վերաբերյալ հարցը, որի կապակցությամբ որոշվեց, ելնելով ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի՝ 2019թ. սեպտեմբերի 13-ի №2 նիստի որոշումից, տվյալ պարգևատրումը հատկացնել Գոհար Մխիթարյանին:

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

DSCN9313

 2019թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ` Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության՝ 2018-19 ուսումնական տարվա գործունեությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարում ՈՒՄՎ կողմից իրականացված գործունեության մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունն իր գործունեությունն իրականացրել է ըստ հաստատված աշխատանքային պլանի, որը բխում է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից:

Սահմանված ժամկետում վարչության կողմից, ըստ կրթական ծրագրերի չափորոշիչների, ստուգվել են թվով 8 կրթական ծրագրեր, դեռևս ընթացքի մեջ է «Դիզայն» կրթական ծրա­գիրը:

Ուսա­նող­ների տեղեկացվածությունն ապահովելու նպատակով լրամշակվել են առկա և հեռակա ուսուց­ման համակարգերի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների 2019-2023 թթ. և 2019-2024 թթ. համար նախատեսված «Կրեդիտային համա­կարգով ու­սումնառության ուղեցույց և դասըն­թաց­ների տեղեկագիրք» տեղեկատվական ձեռ­նարկ­ները: Ընթացքի մեջ են «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերը:

Ֆակուլտետների և մասնագիտական ամբիոնների հետ համատեղ «SuperVision YSU» հա­մակարգի միջոցով կազմվել են ուսում­նական պլանները, աշխատանքային ուսումնական պլանները, ամբիոնների ժամերի հաշվարկները, դասախոսների ուսում­նական բեռնվածությունները, ըստ ֆա­կուլ­տետների դասատախտակների համապա­տասխանելիությունը, ժամավճարային հի­մունք­ներով դասավանդող դասախոսների ժամերի հաշվարկները, առարկայական մուտքերի կատարողականի հաշվարկները:

Կազմվել են քննաշրջանի ամենօրյա ժամանակացույցներ: Ընթացիկ քննությունները և ամփոփիչ ատեստավորումը իրականացվել են տեսախցիկներով վերազինված 4 լսարան­ներում:

Շարունակվել են ուսանողական շարժի հաշվարկման և վերահսկման գործընթացները: Աշխատանքներ են տարվել սովորողների՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու, ազատման, տեղափոխման, վերականգնման, հիվանդությունների պատճառով տարկետ­ման, ինչպես նաև ուսումնական գործընթացին առնչվող այլ հրամանների ուղղությամբ:

Իրականացվել է ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման գործընթացը՝ առաջնորդվելով գործող կանոնակարգով:

Ըստ մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների՝ պետության կողմից ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ  տրամադրվել է ուսանողական նպաստ 116 ուսանողի, կատարվել է ընդհանուր 17 փոխատեղում: Կրթաթոշակ է տրամադրվել 1-ին կիսամյակում 101 ուսանողի, 2-րդ կիսամյակում՝ 140 ուսանողի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուհի վճարովի համակարգում սովո­րող ուսանողներին հատկացվել է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, որից օգտվել են սոցիալապես անապահով 80 ուսանող, սահմանամեր­ձ համայնքի բնակիչ 225 ուսանող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ֆինանսական միջոցներից 2018-2019 ուստարվա կտրվածքով ուսանողական նպաստի ձևով տրամադրել է  100% փոխհատուցում 13 ուսանողի, կատարել  ուսման վարձավճարի 286 մասնակի փոխհատուցում (քառօրյա պատերազմի մասնակից 23 ուսանող, տնօրենի հայեցողությամբ՝ 140 ուսանող):

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել և իրականացվել են մանկավար­ժի որակավորման լրացուցիչ դասընթացներ՝ 5 կրթական ծրագրերով («Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»), որոնց մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի 77 ուսանող  (II  կուրս՝ 45 ուսանող, III կուրս՝ 32 ուսանող), մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել առաջին կուրսի 22 ուսանող:

Թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում առցանց եղանակով իրականացվել են դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանող­ների կիսամյակային հարցումները (ամփոփված են I կիսամյակի հարցումների արդյունքները, II կիսամյակի հարցումները դեռևս ընթացքի մեջ են), ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների ամենամյա հարցումները:

Հաշվետու ուստարվա I կիսամյակի հարցումներին մասնակցել են մասնաճյուղի՝ առկա ուսուցման 342 ուսանողներ (ուսանողական հիմ­նական համակազմի 61.73 %-ը), հեռակա ուսուցման 347 ուսանողներ (ուսանողական հիմնական համակազմի 40.58 %-ը):

2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատես­տա­վորումը մասնաճյուղում իրականացվել է հաստատված գրաֆիկի համաձայն սույն թվականի  մայիսի 18-ից մինչև հունիսի 23-ը, որի մասին հաշվետվությունը ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում:

Տվյալ ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է ընդհանուր 377 շրջանավարտ, այդ թվում առկա ուսուցմամբ` 154 շրջա­նա­վարտ (38 անվճար, 116 վճարովի) և հեռակա ուսուցմամբ` 223 շրջանավարտ, որոնցից 6-ը նախորդ տարիներից:

Գերազանցության դիպլոմ ստացել է 22 շրջանա­վարտ­ (20 առկա, 2 հեռակա):

Առաջին փուլով մագիստրատուրա կրթական աստիճանում ուսումը շարունակելու համար հայտ է ներկայացրել 16 շրջանավարտ:

Հաշվետու ուստարում ևս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությանն են ներկայացվել 3-ԳՄ ձևաչափերով հաշվետվությունները, որոնք ներառում են ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմին առնչվող տեղեկատվություն: Ուսանողների առաջադիմության վերաբերյալ տվյալները, ըստ ուսուցման ձևերի՝ անվճար, վճարովի, ընդհանուր (ձև 34) և (ձև 10), ամփոփվել և ներկայացվել են ԵՊՀ:

Համաձայն ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի 2018-2019 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի՝ բաժնի կողմից իրականացվել են 38 պրակտիկաներ (առկա ուսուցմամբ՝ 6 ուսումնական, 9 արտադրական /մանկավարժական/, 7 արտադրական, հեռակա ուսուցմամբ` 4 ուսումնական, 7 արտադրական, 5 արտադրական  /մանկավարժական/), որոնց մասնակցել են 831 ուսանողներ:

Ուսանողների պրակտի­կայի կազմակերպման մասին 39 պայմանագրերից 9-ը կնքվել է 2018-2019 ուստարում, բացի այդ՝ ձեռք է բերվել մեկ համաձայնագիր:

ՄԿՊԿ բաժնի կողմից իրականացվել է ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը, որին մարզի 34 հանրակրթական դպրոցներից մասնակցելու հայտ են ներկայացրել 268 աշակերտներ, մասնակցել՝ 235-ը: Օլիմպիադայի 2-րդ փուլ է անցել 27-ը, որոնցից 2-ը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, 18-ը՝ գովասանագրի:

2018-19 ուստարում Տավուշի և հարակից մարզերի  ավագ և միջնակարգ դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում ՄԿՊԿ բաժինն իրականացրել է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ: ԵՊՀ ԻՄ կողմնորոշված դպրոցների շրջանավարտների թիվը (216, որից 200-ը՝ հստակ կողմնորոշված, 16-ը՝ մասնակի կողմնորոշված), համապատասխանում է ԵՊՀ ԻՄ-ի դիմորդների թվին:

Հաշվետու ժամանակահատվածում Ուսումնամեթոդական վարչության գործունեության վերաբերյալ ՈՒՄՎ պետի հաշվետվությունը տնօրենության նիստի ընթացքում ընդունվեց ի գիտություն, իսկ վարչության գործունեությունը գնահատվեց բավարար: