Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դասերի արդյունքները գոհացուցիչ էին

2013թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց տնօրենության նիստ, որտեղ ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնաճյուղում իրականացված բաց դասերի ամփոփման վերաբերյալ հաշվետվություն:

Մասնաճյուղում իրականացված բաց դասերի շարքը նպատակ ուներ ուսումնասիրել մասնաճյուղի դասախոսների կողմից կիրառվող դասավանդման մեթոդները, վերլուծել դասընթա­ցների վարման բովանդակային և տեխնիկական վիճակը:

Բաժնի մասնագետների կողմից մշակվել էին դասընթացի վարման գնահատման հետևյալ չափա­նիշները.

Դասի վարման մեթոդիկան.

  • Դասի արդյունավետ պլանավորում՝ դասընթացի թեմայի,  նրա կառուցվածքի, տրամաբանության հստակ ներկայացում,
  • Դասի նպատակների, խնդիրների և ակնկալիքների վերհանում,
  • Գիտելիքների մատուցման գիտական պատշաճ մակարդակի ապահովում՝ մասնագիտական համապատասխան տերմինների, գաղափարների, հիմնական հասկացությունների ներկայացման միջոցով,
  • Նյութի մատչելի մատուցում,
  • Խոսքի արտահայտչականության, շփման մեջ մտնելու ունակության առկայություն,
  • Ժամանակի և ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • Հիմնական եզրակացություններով դասի ամփոփում:

Ամրապնդման հնարների կիրառում.

  • ժամանակակից տեխնիկական միջոցների, դիդակտիկ և բաշխիչ նյութերի օգտագործում,
  • Դասընթացի ժամանակ հարցերի և խնդիրների առաջադրում,
  • Կատակային և բանախոսական Տարբեր հնարների կիրառում,
  • Ուսանողներին դասապրոցեսին անընդհատ ներգրավում՝  անհատական և խմբային հարցերի միջոցով:

Ուսանողների մասնակցության ղեկավարում.

  • Ուսանողների ուղղորդում՝  խնդրահարույց հարցեր ձևակերպելու,  մատուցելու, լուծելու գործում,
  • Հարցադրումների միջոցով ուսանողների մեջ  փաստերը վերլուծելու, դրանց  քննադատաբար վերաբերվելու ունակությունների  ձևավորում,
  • Լսարանի արձագանքին հետևելու կարողություն:

Կարգապահության պահպանման հնարների կիրառում.

  • Լսարանում կարգապահության ապահովում:

Ամփոփելով բաց դասերի արդյունքները` ԿՈԱԳ բաժինն արձանագրեց, որ մասնաճյուղի դասախոսներն ունեն դասընթացի արդյունավետ պլանավորման, ուսանողների հետ սերտ աշխատելու, տեխնիկական միջոցներով և բաշխիչ նյութերով աշխատելու մշակույթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաց դասերն անց էին կացվում նախապես հաստատված գրաֆիկով, գրեթե բոլոր դասախոսները յուրահատուկ ձևով էին նախապատրաստվել դասին` կիրառելով դասավանդման տարբեր մեթոդներ: Ցանկալի կլինի, որ մեր դասախոսները, հնարավորության դեպքում, այդ մեթոդները կիրառեն բոլոր դասերի ժամանակ: Այն բոլոր դասախոսները, որոնք լավ տիրապետում էին դասի արդյունավետ վարման ժամանակակից մեթոդներին, ինչ-որ ձևով անցել էին մեթոդական վերապատրաստումներ:

Վերլուծության արդյունքների հիման վրա նեկայացնում ենք դասավանդման և ուսումնառության գործընթացի դրական կողմերը.

  • դասախոսություններն ապահովում էին անհրաժեշտ գիտական մակարդակ, ընդգրկում էին վերլուծական, քննադական և համեմատական տարրեր` անհրաժեշտ դեպքերում հագեցած փաստերով,
  • դասապրոցեսներն  անցնում էին պլանով՝ պահպանելով թեմայի կառուցվածքը, ներկայացվում էին դասի նպատակները, խնդիրները և ակնկալիքները,
  • դասախոսներն ունեին խոսքի մշակույթ, ինքնավստահ էին,
  • դասախոսները տրամադրում էին բաշխիչ նյութեր, դասախոսությունների սղագրեր,   անհրաժեշտ գրականության ցանկ, հետևողական էին ուսանողների գրառումներին,
  • կարողանում էին լսարանի ուշադրությունը պահել մինչև դասի վերջը, ստեղծել քննարկումների համար անկաշկանդ մթնոլորտ, ուղղորդում էին ուսանողներին՝ եզրահանգումներին հասնելու ինքնուրույն,
  • կիրառում էին ուսանողների հետ հետադարձ կապի մեխանիզմներ, մասնավորապես` էլեկտրոնային տարբերակը:

Մեր երիտասարդ դասախոսները չէին զիջում դասի արդյունավետ վարման իրենց հմտություններով և կիրառում էին դասավանդման ժամանակակից մեթոդներ:

Մասնավոր դեպքերում նկատվել են նաև ուսումնառության արդյունավետությանը խոչընդոտող թերություններ: Բաց դասերին գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը քիչ էր: Տեխնիկական առումով կարելի է նշել, որ որոշ լսարանների կահավորությունը համահունչ չէր տվյալ մասնագիտության և դասընթացի ոգուն ու պահանջներին:

Անվիճելի է, որ բաց դասերի անցկացման այս գործընթացը մի առաջընթաց քայլ է և նպատակ ունի բարձրացնել դասավանդման և կրթական ծառայությունների մատուցման որակը և արդյունավետությունը, ամրապնդել մասնաճյուղի նվաճումները:

ԿՈԱԳ բաժինը, ամփոփելով բաց դասերի արդյունքները, առաջարկում է.

  • դասախոսների համար մշակել դասի վարման օրինակելի սխեմա,
  • մշակել բաց դասերի անցկացման կանոնակարգ,
  • ավելացնել մասնաճյուղում լսարանների տեխնիկական հագեցվածությունը (մասնավորապես՝ նոր պրոյեկտորներով, ունենալ լինգաֆոնային լսարան),
  • կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ ժամանակակից մեթոդներով դասավանդման ձևերի ուսուցման նպատակով,
  • օգտագործելով մասնաճյուղի ներուժը` կազմակերպել տեխնիկական հնարավորություններով, բաշխիչ նյութերով, խմբերով աշխատելու ունակություններ ձեռք բերելու դասընթացներ,
  • դասախոսներին ուղղորդել ձևավորելու առարկայական case-փաթեթներ,
  • ամբիոնների ուշադրությունը հրավիրել դասընթացների ծրագրերում մասնագիտության կրթական վերջնարդյունքի ձևավորման գործընթացում տվյալ դասընթացի հիմնավորվածության, նրա արդիականության, միջառարկայական կապերի  և պրակտիկ կիրառության վրա,
  • մշակել հարցաշարեր դասախոսի և ուսանողի համար՝ բաց դասի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Ներկայացված առաջարկները նպատակ ունեն դասախոսների նպատակային գործունեության միջոցով յուրաքանչյուր դասի, թեմայի, դասընթացի շրջանակներում ուսանողին շահագրգռել հաճախելու դասընթացին, վստահություն ներշնչել մասնագիտության պահանջվածության  և իր կրթական վերնարդյունքների ձևավորման գործում դասընթացի կարևորության ու դերի նկատմամբ:

Դեկտեմբերի 9-ի տնօրենության նիստում

2013թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղում սովորող ուսանողների բացակայությունները հարգելի համարելու, ԵՊՀ ԻՄ-ի հաստիքացուցակը հստակեցնելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների բացակայությունները մինչև 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասերի ավարտը համարել «հարգելի», մասնաճյուղի կրեդիտային համակարգով  առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների գնահատման կարգի համաձայն`փոխանցել նրանց մասնակցության առավելագույն 2 միավորը, 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքները թույլատրել նրանց հանձնել մինչև առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտը:

Երկրորդ հարցի կապակցությամբ հանձնարարվեց մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին քննարկել և հստակեցնել  բոլոր հաստիքների ցանկը և մինչև դեկտեմբերի վերջը ներկայացնել առաջարկություններ:

Դեկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

2013թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին հանրագումարային քննությունների կարգի մեջ փոփոխություններ կատարելու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանրագումարային քննությունների կարգի մեջ փոփոխություններ կատարելու հարցի մասին որոշվեց, որ սեմինար և գործնական պարապմունքների գնահատականներն արտացոլվեն հանրագումարային քննությունների մեջ. 4 դրական գնահատականին տրվի 2 միավոր, 3 դրական գնահատականին` 1 միավոր: Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ` մշակելու գործնական պարապմունքների մեխանիզմ և այն ներկայացնելու տնօրենությանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի արդյունավետությունը բարձրացնելու կապակցությամբ հանձնարարվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում կայքի պատասխանատուի էլեկտրոնային փոստին ուղարկել թարմ տեղեկատվություն:

Նոյեմբերի 21-ի տնօրենության նիստում

2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր: Հատկանշական է 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի գրաֆիկի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի կապակցությամբ որոշվեց`

  • 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսը շարունակել մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը:
  • Առանց եզրափակիչ քննություններով ավարտվող առարկաների քննություններն անցկացնել դեկտեմբերի 16-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում:
  •  2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների  համար նախատեսված թեստային համակարգի 4 թեմաներից յուրաքանչյուրի 1-ական ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում ուսանողին գնահատել 2.0 միավոր, 3 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 1.0 միավոր, 2 ենթահարցին ճիշտ պատասխանելու դեպքում` 0 միավոր:
  •  2013-2014 ուստարվա քննաշրջանը սկսել և ավարտել դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. փետրվարի 22-ը:

Նոյեմբերի 19-ի տնօրենության նիստում

2013թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը վարում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` 1991-2008 թթ. ընթացքում կուտակված փաստաթղթերն ու գործերը արխիվ հանձնելու վերաբերյալ հարցը:

Կենտրոնական արխիվի տնօրենի հետ պայմանավորվածության համաձայն` Հայաստանի ազգային արխիվի ՊՈԱԿ Տավուշի մարզային մասնաճյուղ են հանձնվելու հետևյալ փաստաթղթերը.

  • ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստերի արձանագրությունները,
  • գիտական խորհրդի նիստերի արձանագրությունները,
  • աշխատանքի ընդունվելու և ազատվելու մասին, հիմնական գործունեության, սովորողների շարժի վերաբերյալ հրամանները,
  • ուսումնական պլանները,
  • ուսումնական ծրագրերը,
  • ընդունելության քննությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն,
  • ֆակուլտետների և ամբիոնների հաշվետվությունները, պլանները,
  • ֆակուլտետների և ամբիոնների նիստերի արձանագրությունները,
  • բալանսներ,
  • ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ,
  • աշխատավարձերի վճարման ցուցակներ, քարտեր, տեղեկագրեր:

Մասնաճյուղի փաստաթղթերի և գործերի արխիվացման համար որոշվեց ստեղծել հանձնաժողով, որի նախագահ նշանակվեց ԱԿ բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, անդամներ` ԿՈԱԳ բաժնի ավագ մասնագետ Յու.Բեկնազարյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊԾ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը, արխիվավար Գ.Մարությանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը, քաղպաշտպանության շտաբի պետ Ռ.Քամալյանը: