Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2015թ. մարտի 2-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2014-2015 ուսումնական տարվա` հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանի և առկա ուսուցման համակարգի քննաշրջանի ամփոփման մասին հարցեր:

Ամփոփելով հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանը` մասնավորապես նշվեց, որ Հեռակա ուսուցման համակարգում ընդգրկված 1008 ուսանողներից քննաշրջանին մասնակցել են 972-ը: Ընդհանուր առաջադիմությունը կազմել է 42%:

Ամենաբարձր առաջադիմությունը (100%) ունեցել են «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Բարձր առաջադիմություն են ցուցաբերել նաև «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները (73,9%), նույն մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները (72,2%), «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները (66,7%), «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները (65,9%):

Նիստի ընթացքում 2014-2015 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի առաջին լուծարքային շրջանի և առկա ուսուցման համակարգի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

2015թ. հունվարի 18-ի տնօրենության նիստում

2015թ. հունվարի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալ. Գրիգորյանը, տնօրենության անդամները, հրավիրված էին Հեռակա ուսուցման բաժնի վարիչի տեղակալ Մ.Սարուխանյանը, Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Գ.Գյոզալյանը:

Տնօրենության նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների, ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2-րդ կիսամյակի աշխատանքային պլանի և ժամանակացույցի, մասնաճյուղի ֆակուլտետների խորհուրդների ընդլայնված նիստեր անցկացնելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ կազմված են 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցները, ուսումնական ծրագրերը լիակատար իրականացնելու նպատակով առկա ուսուցման համակարգի` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը նախատեսված է սկսել փետրվարի 5-ից:

Հաջորդ հարցի կապակցությամբ որոշվեց մասնաճյուղի առաջիկա գիտական խորհրդի նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել 2-րդ կիսամյակի աշխատանքային պլանը և բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման` 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ժամանակացույցը:

Օրակարգային մյուս հարցի հետ կապված` որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին և բաժինների վարիչներին կազմել ու տնօրենությանը ներկայացնել ֆակուլտետների խորհուրդների ընդլայնված նիստերի և բաժինների վարիչների հաշվետվությունների ժամանակացույցները:

Դեկտեմբերի 19-ի տնօրենության նիստում

2014թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ կազմակերպելու, 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուսանողների հաճախումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց Գիտական խորհրդի` այս տարվա վերջին ընդլայնված նիստն անցկացնել դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում:

Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին համապատասխան հրամանով մինչև 90 ժամ բացակայություն ունեցող ուսանողներին ներկայացնել հեռացման:

Տնօրենության նիստի վերջում մատուցվեց հաճելի անակնկալ. Ս.Առաքելյանի կողմից տնօրենության անդամներին տրվեցին հուշանվերներ` 2015 տարվա խորհրդանիշի տեսքով:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

2014թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ բոլոր ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը հանձնված են ուսանողներին:

Քննաշրջանի բոլոր գրաֆիկները կազմված և ներկայացված են հաստատման:

Ըստ գրաֆիկների` դեկտեմբերի 8-27-ը անցկացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգումները, իսկ դեկտեմբերի 15-27-ը` ստուգարքները:

Հանրագումարային քննությունները սկսվելու են 2015թ. հունվարի 8-ից:

Հոկտեմբերի 27-ի տնօրենության նիստում

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմին խրախուսելու կարգ սահմանելու, մասնաճյուղում 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 30-ը ուսումնական ժամատախտակը ժամանակավոր փոխելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելիս պետք է հաշվի առնվեն նրանց աշխատանքային կարգապահությունը, բարեխղճությունը, նոր մեթոդների կիրառումը, լրացուցիչ աշխատանքի կատարումը և այլն:

Իրենց գործառութային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, շարունակական անբասիր աշխատանքի, նորամուծությունների, գիտահետազոտական և հասարակական ակտիվ աշխատանքների համար ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու նպատակով որոշվեց`
1. Մասնաճյուղում ստեղծել համապատասխան կարգ մշակող հանձնաժողով` հետևյալ կազմով.

• Արկադի Ցոլակի Դավթյան – Ուսումնամեթոդական վարչության պետ,

• Ալբերտ Սարգսի Հովհաննիսյան – ԱԿ բաժնի վարիչ, իրավախորհրդատու,

• Կամո Բենիկի Այվազյան – Վարչատնտեսական վարչության պետ,

• Ալեքսան Շամիլի Մարգարյան – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ժ/պ, արհբյուրոյի նախագահ, ՄԿՈԱ բաժնի վարիչ,

• Մելանյա Մեսրոպի Մխիթարյան – գլխավոր հաշվապահ,

• Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ:

2. Հանձնաժողովի նախագահ Ա.Դավթյանին հանձնարարել մինչև նոյեմբերի 10-ը ավարտել և հաստատման ներկայացնել մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելու կարգը` առաջնորդվելով ՀՀ Աշխատանքային օրենսդրության և մասնաճյուղի կանոնադրության ու ներքին կարգապահական կանոնների համապատասխան դրույթներով և հոդվածներով:

3. Մինչև խրախուսելու կարգի մշակումը լիազորել տնօրենությանը` որոշելու տվյալ ամսում պարգևատրման ներկայացվող աշխատակիցների ցանկն ու չափորոշիչները:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց.

1. 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել 75 րոպեանոց դասաժամեր` հետևյալ ժամատախտակով.

I դաս – 9:15 – 10:30
II դաս – 10:40 –11:55
III դաս – 12:15 – 13:30
IV դաս – 13:40 – 14:55
V դաս – 15:05 – 16:20
VI դաս – 16:30 –17:45:

2. Հանձնարարել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին, ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին` ներկայացված ժամանակահատվածում կազմակերպել ուսումնական գործընթացը` համաձայն հաստատված ժամատախտակի: