Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՜ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ

նոր նկարՍիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ:

Մաղթում ենք մասնագիտական և անձնական նշանակալի ձեռքբերումներ, նախաձեռնողականություն, հաստատուն կամք և նպատակասլացություն՝ ձեր ստեղծարար և հետաքրքիր մտահղացումները, երիտասարդական ավյունը, գիտելիքները, կարողությունները և հմտությունները ի նպաստ մեր երկրի բարօրության և առաջընթացի իրացնելու գործում:

Օրեցօր փոփոխվող ու մարտահրավերներով լեցուն այս դարաշրջանում ժամանակին համընթաց քայլելու, համաշխարհային շահերի ու տեսակետների բախման այս խաչմերուկում տանուլ չտալու և խոչընդոտները հաղթահարելու համար առավել քան երբևէ կարևոր է ճկուն մտքով, հիմնավոր գիտելիքներով օժտված, առաջադեմ, կիրթ և զարգացած հասարակություն ունենալը, որի շարժիչ ուժը, ներկայի հույսն ու գալիքի երաշխավորը դու՛ք՝ երիտասարդներդ եք:

Եվս մեկ անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, հաջողություններ և ամենայն բարիք…

 

Տոնի նախապատմությունը

1939 թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները, շրջափակելով Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց: Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել: Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր: 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Կարիերայի խթանման ծրագիր ԵՊՀ Իջեվանի մասնաճյուղում

1. glxavor 2023 թ․ նոյեմբերի 9-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց կարիերայի խթանման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում մասնաճյուղի ուսանողները ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի, կենտրոնի աշխատակիցների և ԵՊՀ ԻՄ ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանի հետ շրջայց կատարեցին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացան գործարանի պատմությանը և գործունեությանը, գինու և կոնյակի ամենապահանջված և արվեստի գործ համարվող նմուշներին: Գործարանի աշխատակցուհին համալսարանականներին նաև ներկայացրեց հետագայում գինու թանգարանի և դեգուստացիոն սրահի կառուցման մասին, որը լավ հնարավորություններ կընձեռի մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում:

Այնուհետև ուսանողները հանդիպեցին «Դը Գուրուս», «Արմենիա ինշուրանս» և «Միասնական սոցիալական ծառայություն» կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: «Դը Գուրուս» ընկերության HR մենեջեր Անի Խաչատրյանը և մարքեթինգի մենեջեր Արմենուհի Հարությունյանը ուսանողներին ներկայացրին իրենց կողմից իրականացվող անվճար դասընթացների և ընձեռվող հնարավորությունների մասին: «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության տարածաշրջանային վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Նարեկ Գուլքանյանը և մասնագետ Վլադիմիր Նանյանը ներկայացրին իրենց ընկերությունում առկա աշխատանքային հնարավորություններն ու պրակտիկաները: Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը ներկայացրեց զբաղվածության պետական աջակցության ծառայությունները:

Համագործակցության շրջանակներում մասնաճյուղի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպություններում հետագա թափուր հաստիքների առկայության դեպքում տեղեկացնել մեր ուսանողներին և շրջանավարտներին:

Այնուհետև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, թե որ կազմակերպությունների հետ է այն համագործակցում: «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթացի շրջանակներում կենտրոնի մասնագետներ Մարինե Մարգարյանը և  Արուսյակ Սահակյանը  մասնաճյուղի ուսանողներին ներկայացրին գրագետ CV կազմելու, պատշաճ կերպով հարցազրույցի ներկայանալու կանոնները և նրբությունները: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետ Ժաննա Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի կողմից տրամադրվող աշխատանքային և պրակտիկայի հնարավորությունների մասին տեղեկատվություն:

Մասնաճյուղի ուսանողները շատ տպավորված էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով, Իջևանի գինու և կոնյակի գործարան այցով ու ցանկություն հայտնեցին, որ այդպիսի միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն:

https://shorturl.at/bpR45

«Ֆինտեք Էթիկա» երկօրյա հեղինակային դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

1. glxavor

 2023 թ. նոյեմբերի 7-8-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆինտեք Էթիկա» երկօրյա հեղինակային դասընթացի 3-րդ հոսքը, որը նախաձեռնել էր «ԱուրԷքսչենջՔլաբ» («OurExchangeClub») կրիպտոարժույթի փոխանակման միջազգային նորարարական ընկերությունը:

Դասընթացի նպատակն էր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, նորարարական ոլորտում տասնամյա գործունեության ընթացքում կուտակված գործնական գիտելիքների ու ոլորտային փորձառության փոխանցումը:

«Ֆինտեք Էթիկա» դասընթացը վարում էր նորարարական ոլորտի գործարար, «ԱուրԹիմՔլաբ», «ԱուրԷքսչենջՔլաբ», «ՔլաբՕն» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը:

Դասընթացում ներգրավված էին ֆինանսական ոլորտին առնչվող ութ տասնյակ մասնակիցներ, որոնց մեջ գերակշռող էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները:

Երկօրյա արագացված դասընթացի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները՝ «Փողի էվոլյուցիա», «Էլեկտրոնային փող», «Բանկային քարտեր», «Բանկոմատներ», «Օնլայն գնումներ (կիրառությունը և անվտանգ օգտագործման կանոնները)», «Բլոկչեյն», «Կրիպտոարժույթ», «Կրիպտոպանակներ», «Կրիպտոընկերություններ»:

Դասընթացը մասնակիցներին օգնեց հաղորդակցվելու ֆինտեք ոլորտի նորարար և հետաքրքիր տեղեկություններին, ավելացնելու գիտելիքները ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ և զերծ մնալու մի շարք ռիսկերից, այլ խոսքով՝ ֆինտեք ոլորտում կայացնելու ճիշտ, արագ և անվտանգ որոշումներ:

Վերջում դասընթացի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

 

Սիրով շնորհավորում ենք…

IMG_9018

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, բուհի պատասխանատու և բարեխիղճ աշխատակից, սիրված դասախոս Մելանյա Սաշայի Բարսեղյանին  ծննդյան հոբելյանի առթիվ:

Տիկին Բարսեղյանին մաղթում ենք երջանկություն, առողջություն, շարունակական ձեռքբերումներ և հաջողություններ անձնական կյանքում և մասնագիտական ոլորտում, նպատակների իրականացում, ամենայն բարիք…

ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանձնում

1. գլխավոր

2023թ. նոյեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հերթական ատեստավորում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի անդամները, վերապատրաստումն իրականացրած պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, վարչական աշխատակիցներ:

Սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերապատրաստվել են Տավուշի և Գեղարքունիքի մարզի 19 դպրոցների շուրջ հինգ տասնյակ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներ:

Վերապատրաստումն իրականացվել է հետևյալ մոդուլներից` Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, Տարիքային հոգեբանություն, Համընդհանուր ներառում, Գնահատում, Դիրքորոշում և արժեք, Առարկայի դասավանդման մեթոդիկա, Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ:

Հանդիսավոր արարողությունը ողջույնի խոսքով բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա շնորհավորեց վերապատրաստումը հաջողությամբ ավարտած բոլոր ուսուցիչներին՝ համոզմունք հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կգտնեն նպատակային կիրառություն և արդյունավետ կերպով կներդրվեն մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնին, վերապատրաստում իրականացրած բոլոր դասախոսներին և վերապատրաստված ուսուցիչներին:

Ուսուցիչներին շնորհավորեցին նաև դասընթացավարներ Ասյա Սարգսյանը, Էդվարդ Այվազյանը և Աիդա Մարդանյանը:

Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Զվարթ Քեշիշյանը և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լուսյա Գյուլումյանը բոլոր ուսուցիչների անունից շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ վերապատրաստումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: