Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

13164_hunisi1_M

 Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children’s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:

Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր:

Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների և նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաև Ժնևում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ:

1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են, որպես երեխաների երջանկության երաշխիք, հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին, անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Սիրով շնորոհավորում ենք աշխարհի բոլոր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով անսպառ խինդ ու բերկրանք, անհոգ ու երջանիկ մանկություն:

 

ԵՊՀ ՈՒԳԸ 2018-19 ուստարվա II կիսամյակի ընդլայնված նիստում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն արժանացավ գերազանց վերապահմամբ գնահատականի

изображение_viber_2019-05-30_14-17-54

 2019թ. մայիսի 29-ին ԵՊՀ գիտխորհդր նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ  2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը: 

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով բոլորին, փաստեց, որ չնայած այն հանգամանքին, որ այս կիսամյակի ընթացքում ուսումնառությունն արտերկրում շարունակելու պատճառով չի կարողացել մասնակցել ՈՒԳԸ-ի գործունեության համակարգման և կոորդինացման աշխատանքներին, այնուամենայնիվ թե՛ ֆակուլտետային ստորաբաժանումները, թե՛ կառույցի կենտրոնական մարմինն արդյունավետ աշխատանքներ են իրականացրել:

Վանատուր Շերենցը խոսեց կիսամյակի ընթացքում ՈԻԳԸ-ի ձեռքբերումների և թերացումների մասին, ներկայացրեց տեղի ունեցած կադրային փոփոխությունները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ուսանողական կառույցը պատասխանատվությամբ կիրականացնի իր աշխատանքները:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՈՒԳԸ կիսամյակային ամփոփիչ նիստի շրջանակում տեղի է ունենում հանդիպում-դասախոսություն, որն այս անգամ վարեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հաղորդակցման էթիկա և հաջողության բանաձև» խորագրով տեղեկատվական նյութը:

Գևորգ Մկրտչյանն ՈՒԳԸ-ականների հետ խոսեց էթիկայի, էթիկետի և հաղորդակցության մասին: Նրա հավաստմամբ, էթիկան գիտություն է բարոյականության մասին. «Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկետը սահմանված որոշակի նորմերի համակարգ է, որը կանոնակարգում է մարդկային հարաբերությունների վարքային դրսևորումները»:

Խոսելով հաղորդակցության մասին՝ նա ասաց, որ դա լինում է խոսքային և ոչ խոսքային. «Խոսքայինն իր հերթին լինում է բանավոր, ներքին և գրավոր, իսկ ոչ խոսքայինը՝ հարալեզվական և մարմնական»: Գևորգ Մկրտչյանն անդրադարձավ դրանց ենթատեսակներին, խոսեց հաջողակ հաղորդակցման հմտությունների և տարածված սխալների մասին:

Այնուհետև ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանը ներկայացրեց ՈՒԳԸ-ի կիսամյակային գործունեությունը՝ փաստելով, որ այդ ընթացքում կազմակերպվել է 184 միջոցառում: Անի Հակոբյանը ներկայացրեց նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների՝ կիսամյակի ընթացքում ստացած և կորցրած միավորների վիճակագրական աղյուսակը, համաձայն որի՝ գերազանց գնահատականի են արժանացել Փիլիսոփայության և հոգեբանության,Պատմության, Իրավագիտության և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների  ՈՒԳԸ-ները, իսկ գերազանց վերապահմամբ գնահատականի՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Հայ բանասիրության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների  և Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ները:

Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հավաստագրեր և խրախուսական մրցանակներ ստացան գերազանց և վերապահմամբ գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, կիսամյակի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած քարտուղարները և անդամները:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի հետ

13. Արմինե Ներսիսյան

 2019թ. մայիսի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2001թ. շրջանավարտ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Անդրանիկի Ներսիսյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1980 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրել եմ մեծ ընտանիքում. ծնողներս՝ հայրս, ինժեներ-շինարար է, մայրս՝ գրադարանավար: Ամուսնացած եմ, ամուսինս գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Ունեմ 2 բալիկ ՝ տղա և աղջիկ: Տղաս 12 տարեկան է, ունի երաժշտական օժտվածություն, կարծում եմ՝ այդ ասպարեզում հաջողություններ կունենա, աղջիկս դեռ փոքր է՝ 3 տարեկան:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Փոքր հասակից երազել եմ ուսուցչուհի դառնալ, կարծում եմ՝ երազանքս իրականություն է դարձել. արդեն 18 տարի է մանկավարժահոգեբանական ոլորտում եմ աշխատում:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ստացել մանկավարժ-հոգեբանի որակավորում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Կյանքիս լավագույն տարիներից են ԵՊՀ ԻՄ-ում սովորելու տարիները. այդտեղ ես մասնագիտական բազային կրթություն եմ ստացել, սովորել եմ ինքնուրույն սովորել, որն էլ հիմք ու հնարավորություն է դարձել աշխատելու և արժանապատիվ ապրելու:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ունեմ 18 տարվա աշխատանքային փորձ: 2001-2003 թվականներին աշխատել եմ Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան և կյանքի հմտությունների ուսուցիչ: 2003-ից մինչ այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրենն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Թումանյան անվերջ կարող եմ կարդալ, զարմանալ ու հպարտանալ այդքան խորը բովանդակություն ունեցող հանճարով:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Վերջին կարդացածս գիրքը Ռ. Պալացիոյի «Հրաշք» վեպն է:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Շատ սիրում եմ դասական երաժշտություն, էստրադային, ժողովրդական. երգը թևեր է տալիս ինձ ճախրելու, երազելու:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Շատ սիրում եմ սեղանի թենիս:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Օ՜, Հայաստանում շատ եմ սիրում իմ բնակավայրը՝ իմ Տավուշը, իմ Իջևանը, չեմ կարող չնշել նաև մայրաքաղաք Երևանը: Իսկ արտերկրում իմ երազանքի քաղաքը Փարիզն է:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Անկեղծությունը, ազնվությունը, աշխատասիրությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– «Լավություն արա, ջուրը գցիր». շատ եմ սիրում այս ժողովրդական ասացվածքը և հաճախ այդպես եմ վարվում:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Հայրենիքս երբեք չեմ թողնի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակ մնալուց:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ հասցնելու ամեն բան և չափսոսալու:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Խուճապի չմատնվելը, ավելի հավասարակշռված դատելը: Կյանքում դժվարին իրավիճակները ինձ ավելի են ուժեղացրել և դրդել են դասեր քաղելու:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Իմ ամենամեծ ձեռքբերումը միանշանակ երեխաներս են:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Լավատեսությունը, հավատը այն առաքելության հանդեպ, որի համար ես ապրում եմ, և սերը կյանքի հանդեպ:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ցանկացած բան ճիշտ պլանավորելու դեպքում հաջողում ես:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ես հավատում եմ մեր լուսավոր երիտասարդների ուժերին, պարզապես կուզենայի, որ նրանք գնահատեն կյանքի յուրաքանչյուր պահը և երբեք չծուլանան:

Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:   

Վանյան Հասմիկ Սամվելի

 

Կայացավ տղամարդկանց շախմատի մասնաճյուղային առաջնությունը

Տղ շախ 16

 2019թ. մայիսի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տղամարդկանց շախմատի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության, մասնավորապես՝ «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանի և «ԻԿՄ» 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանի ջանքերով, մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի մարզիչ Էմիլ Մատինյանը:

Շախմատի առաջնությանը մասնակցեցին 3 դասախոսներ և տարբեր մասնագիտությունների 7 ուսանողներ:

Առաջնությունն ընթացավ շվեյցարական մրցակարգով (5 տուր), իսկ խաղի համար յուրաքանչյուրին տրվեց 15 րոպե ժամանակ:

Այն ընթացավ թեժ մրցակցության պայմաններում. «ՔԿԳ» 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը, «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը և «ԲԲ» 2-րդ կուրսի (հեռակա) ուսանող Արթուր Գևորգյանը հավաքեցին հավասար (4-ական) միավորներ, որից հետո երեքի միջև անցկացվեցին բլից խաղեր:

Կրկին հավասար միավորներ հավաքելուց հետո մրցանակային տեղերը որոշվեցին համակարգչի օգնությամբ՝ Բուխհոլցյան համակարգի կողմից տրված լրացուցիչ գործակիցներով:

Հաղթող ճանաչվեց Արթուր Գևորգյանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Գերասիմ Ալավերդյանը և Տիգրան Գասպարյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Տղամարդկանց շախմատի մասնաճյուղային առաջնության փոխանցիկ գավաթը տրվեց Արթուր Գևորգյանին:

Առաջնության մրցավար Էմիլ Մատինյանին տրվեց շնորհակալագիր և նվեր:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանին և Վարսիկ Իսախանյանին տրվեց կրթաթոշակ

E8OsHH6R

 2019թ. մայիսի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերենի ուսուցման սրահում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամներ Ջոս Միլինեղը,  Ֆիլիպ Դրոմզեն, Լորանս Դրոմզեն կրթաթոշակ հանձնեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանին և Վարսիկ Իսախանյանին:

Ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց կազմակերպությունը գոհ է մեկ կիսամյակի ընթացքում ուսանողուհիների կատարած հետազոտական աշխատանքներից, որոնց համար նրանց տրամադրվել է կրթաթոշակ:

ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա.Մարդանյանը ներկայացրեց հայ-ֆրանսիական բարեկամության պատմությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպության նախագահ տիկին Պոլետ Կուտանին:

Շնորհակալական խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, ով տնօրենության կողմից հյուրերին հանձնեց մի գեղեցիկ գոբելեն՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի կազմակերպության կողմից տրամադրվում է կրթաթոշակ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին՝ նրանց կատարած աշխատանքներին համապատասխան: Այս տարի լրացավ նաև «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, որի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ, աշխատակիցներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ: