Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի համատեղ ջանքերով կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի համադպրոցական մրցաշարը

2018թ. հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող շախմատի համադպրոցական  մրցաշարը, որը կազմակերպվել էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Այգեհովիտի կամավորական խմբի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնի կողմից:

IMG_20181018_153347

Շախմատի համադպրոցական  մրցաշարին մասնաճյուղից ներկա էին բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ, կամավորական խմբի անդամներ:

IMG-9fe1a3f987bd6693858e4ce25432bbaf-V

Մրցաշարին մասնակցում էին Իջևանի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ հիմնական, ինչպես նաև Այգեհովիտի, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Լուսաձորի միջնակարգ  դպրոցների երկուական սան՝ տասից  տասներեք  տարեկանների տարիքային խմբից:

IMG_20181018_150014

Շախմատի մրցաշարի նպատակն էր ապահովել համընդհանուր ներառումը՝ սերմանելով հավասարը հավասարի հետ միասին ապրելու, միասին սովորելու ուղեցուցային գաղափարը, նորովի զարկ տալ երեխաների մտքի զարգացմանը:

IMG_20181018_145903

Մրցաշարի ավարտից հետո աշակերտները ստացան շնորհակալագրեր և խրախուսական նվերներ (գրքեր):

IMG_20181018_173120

Խորին խոնարհումով ու երախտագիտությամբ և շուտափույթ հանդիպման ակնկալիքով՝ վաստակաշատ և սիրելի դասախոսին՝ ընկեր Վարդանյանին

2018թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնաճյուղի վաստակաշատ դասախոս, ներհուն գրականագետ, փորձառու մանկավարժ, բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Վարդանյանի մեծարման ցերեկույթը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր եղել են պարոն Վարդանյանի ուսանողները և այսօր նույն ամբիոնի դասախոսներ են:

1.DSCN4085..N1.

Միջոցառումից առաջ սիրված դասախոսը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների համար կարդաց հետաքրքիր ակնարկային դասախոսություն՝ անդրադառնալով մարդու և մարդկայինի, գեղեցկի, բարու, ճշմարտի գեղագիտական ընկալումներին, գրողի, ուսուցչի (դասախոսի) և մարդու կոչմանն ու առաքելությանը՝ խոսքը համեմելով հայ և համաշխարհային մեծերի, դասական գրողների կյանքին ու գրական գործունեությանը վերաբերող ուշագրավ փաստերով ու օրինակներով, դասախոսեց ուսանողների առաջարկած գրական թեմաներով (Րաֆֆի (Սամվելի հոգեկան ապրումները), Դանիել Վարուժան, Պարույր Սևակ («Սուլամիթա») և այլն):

DSCN3996...N2

Այնուհետև պարոն Վարդանյանի բազմամյա անուրանալի վաստակի, մասնաճյուղում ներդրած հսկայական ավանդի կապակցությամբ գնահատանքի, արժևորման ու մեծարանքի խոսք ասացին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ Մ.Սարուխանյանը, Ա.Հասանյանը, Ա.Ադամյանը:

DSCN4013...N3

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներն էլ հանդես եկան ընկեր Վարդանյանին ուղղված սրտաբուխ ելույթներով, ակնածանքի ու երախտագիտության խոսքերով:

DSCN4028...N4

Տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, իր խոսքում ընդգծելով պարոն Վարդանյանին բնորոշ հատկանիշները, հավելեց. «Ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ Ձեզ ճանաչում եմ և նման պատիվ ունեմ համարվելու Ձեր կրտսեր ընկերը, Ձեր կրտսեր գործընկերը և Ձեր ծանոթներից մեկը… Ընդունեք մեր բոլորիս երախտիքի խոսքը Ձեզ՝ որպես իմաստուն, որպես բազմավաստակ մարդ, որպես մասնաճյուղում մեծ ավանդ ներդրած մարդ, ով և՛ անձնական, և՛ մասնագիտական որակներով շատ-շատ բարձրացրել է այն ասպարեզը, որտեղ ինքը գտնվել է: Շնորհակալություն Ձեզ»:  

DSCN4003....N5

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Ընկեր Վարդանյանը իր դասախոսություններով մշտապես մղել է սովորելու, խորանալու գրականության ակունքներում: Ես պիտի ասեմ, որ ընկեր Վարդանյանը մեծ խանդավառությամբ ու կրքով վարակել ու վարակում է իր բոլոր գործընկերներին. մենք ևս ամեն անգամ ընկեր Վարդանյանի հետ ունեցած մեր զրույցներում ինչ-որ մի բան նորից սովորում, նորից վերցնում ենք իրենից… Ցանկանում եմ ընկեր Վարդանյանին ստեղծագործական մեծ հաջողություններ, որ իր՝ դեռևս անավարտ նախաձեռնությունները կարողանա իրականացնել, քաջառողջություն, երիտասարդական ավյուն (որ ինքն ունի) և եռանդ… Եվ հուսանք, որ այսպիսի հանդիպումներ ուսանողների հետ պարբերաբար կլինեն, որովհետև մեր ուսանողները իրենից սովորելու և վերցնելու շատ բան ունեն»:

DSCN4008....N6

Բավականին հուզիչ և ազդեցիկ էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ա.Ադամյանի ելույթը, ով եղել է ընկեր Վարդանյանի լավագույն ուսանողուհիներից. «…Իր սիրած հեղինակներից մեկի՝ մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ողջ գունաշխարհը նրա հոգում է ծփում, ծիածանվում, և նրա բնագեղ և գեղապաշտ հոգում այդ գույները մշտապես եղել են, լուսավառվել են, և այդ գույներով նա միշտ գեղեցկացրել և երփնավառել է նաև մեզ, այն ժամերը, այն օրերը, երբ որ մեզ հետ է եղել, երբ որ Իջևանում է եղել… Ուղղակի անզուգական գեղեցկության կրող է, անզուգական գեղեցիկ հոգու տեր անձնավորություն է նա, և իսկապես շատ-շատ ենք հուզվում, շատ-շատ ենք տխրում… համենայն դեպս գուցե դասախոսությունների շրջանակում ընկեր Վարդանյանը Իջևանում չի լինելու, բայց, կարծում եմ, որ այդ կապը չպետք է կտրել և երբեք չի կտրվելու, որովհետև ընկեր Վարդանյանի ներկայությունը միշտ էլ մեզ համար լինելու է ցանկալի, անկրկնելի: Ես Ձեզ բարեմաղթում եմ, ընկե՛ր Վարդանյան, ամենակարևորը, այն կենսախնդությունը, որ միշտ էլ Դուք կրել եք (ես կարծում եմ՝ դա անանց է, դա միշտ է մնալու), ուզում եմ այդ Ձեր կենսախնդությամբ, աշխարհի և մարդկանց հանդեպ Ձեր հոգու լեցուն բարությամբ Դուք երկար, շատ-շատ երկար տարիներ ապրեք, և այդպես էլ լինելու է, որովհետև դա մեր բոլորիս ցանկությունն է, մենք Ձեզ շատ ենք սիրում, ես Ձեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում և անկեղծորեն հուզվում եմ, որ հիմա կանգնած այս խոսքերն եմ Ձեզ ասում…  Ձեզ երջանկություն, մե՜ծ երջանկություն, առողջություն, և մշտապես մեզ հետ լինեք, մեզ հետ եք լինելու, շա՜տ ենք Ձեզ սիրում…»:

DSCN4074.....N7

Ելույթներն ընդմիջվեցին մեր շնորհալի ուսանողուհիների գրական-գեղարվեստական ու երաժշտական գեղեցիկ կատարումներով:

DSCN4034....N8

«ՀԼԳ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև իրենց սիրելի դասախոսին նվիրված էսսեներ, որոնցից մեջբերենք հետևյալը.

 «Աշուն է… Գունազարդ և խայտաբղետ հեքիաթ… Բայց մեր սրտերն ու հոգիները համակված են ոչ թե տերյանական թախծաժպիտ տխրությամբ, այլ վարդանյանական սիրով ու ջերմությամբ, կյանքով և արգասաբերությամբ Մարդ, ում կարելի է և՛ մեծ հայրենասեր կոչել, և՛ անվանի գրականագետ, և՛ ուղղակի հայ, ում ստեղծած գրականագիտական ժառանգությունը կատարյալ է իր բացառիկությամբ և հայեցիությամբ: Խաչատուր Վարդանյան, անուն, որ անհնար է արտաբերել առանց սիրո և անսահման հպարտության:

DSCN4094...N9

Մեր շատ սիրելի՛ ընկեր Վարդանյան, Դուք մեզ համար սոսկ դասախոս չեք եղել, և Ձեր տված դասերը՝ դասախոսություններ: Ձեզ հետ լսարան են մտել հայոց մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Տերյանն ու Վարուժանը: Ձեր շուրթերով է ծաղկել Լոռվա չքնաղ բնաշխարհը, վերաիմաստավորվել կյանքի վերջին գարունը, մթնշաղի անուրջներում պարզվել կյանքի ոսկե երազը, պատկերացել ու ոգեղենացել հայոց հեթանոս անցյալը:

Այնքա՜ն շատ է ասելիքը, և այնքա՜ն մեծ մեր ցանկությունը՝ նկարագրելու մեր հույզերն ու տպավորությունները, մեր որդիական ջինջ ու մաքուր սերը Ձեր նկատմամբ… Սեր ու նվիրում, որոնք, ծնվելով մեկ հանդիպումից, պիտի հավերժեն դարեր…» («ՀԼԳ» IV կուրսի ուսանողուհի Նարա Մարտիրոսյան):

Միջոցառման վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը տնօրենության անունից նվիրվեց ընկեր Վարդանյանին:  

DSCN4066...N10

Ի պատասխան իր բոլոր գործընկերների և ուսանողների ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների՝ ելույթ ունեցավ պարոն Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի ու գնահատանքի համար և բոլորին նվիրեց մի ոգեշունչ կատարում:

DSCN4069....N11

Ի դեմս մեր շատ սիրելի և վաստակաշատ դասախոս ընկեր Վարդանյանի՝ ևս մեկ անգամ մեր խորին խոնարհումը, երախտագիտությունն ու մեծարանքն ենք արտահայտում գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների հանդեպ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, և որոնց սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիքի և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:

DSCN4090....N12

Կայացավ «Դասախոս-ուսանող» ինտելեկտուալ խաղը

 2018թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում կայացավ «Դասախոս-ուսանող» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղը, որը վարում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:

IMG_0849

Ժյուրիի անդամներն էին Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լարիդա Ղազումյանը և «Տնտեսագիտություն» մասնագիտության    3-րդ կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանը:

IMG_0846

Ընկերական խաղն ընթացավ երկու թիմերի միջև: Դասախոսների թիմում ընդգրկված էին մասնաճյուղի 6 դասախոսներ՝ Ազատյան Արա (Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս), Աթոյան Մհեր (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ), Օթարյան Քնար (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս), Սարիբեկյան Անուշ (Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս), Ծատուրյան Սյուզաննա (Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահի օպերատոր), Ամիրզյան Մերի (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս):

IMG_0844

Ուսանողների թիմում խաղում էին տարբեր ֆակուլտետների և մասնագիտությունների ուսանողներ՝ Նազարյան Լավրենտ («Պատմություն» մասնագիտություն, 4-րդ կուրս), Գասպարյան Շիրակ («Պատմություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Մարգարյան Արգիշտի («ԻԿՄ» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ասրյան Անի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ներսիսյան Լիանա («ԻԿՄ» մասնագիտություն,   2-րդ կուրս),Ասիլբեկյան Նարե («ԻԿՄ», 2-րդ կուրս), Շահնազարյան Արայիկ («ԻԿՄ», 2-րդ կուրս):

IMG_0875

Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց դասախոսների թիմը՝ պարգևատրվելով պատվոգրով և հուշանվերներով, իսկ ուսանողների թիմն ստացավ հավաստագիր:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը

2018թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը, որը նախաձեռնել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն։

DSCN3938

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի երեք տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ:

Դասընթացը անգլերենով վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Մարիետա Սարգսյանը ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

DSCN3941

Ողջույնի խոսքով հանդես եկավ հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը: Նա ներկայացրեց դասընթացավարին, շեշտեց, որ երիտասարդները ապագայի առաջնորդներն են, և նրանց համար շատ կարևոր է նմանատիպ ծրագրերին մասնակցությունը:

Ջոդի Դոշերը նշեց, որ ունի 35 տարվա փորձ ուսուցչության և առաջնորդության ոլորտներում, դեռ մանկուց է առնչվել առաջնորդությանը՝ ներգրավված լինելով իր քոլեջի, եկեղեցու և այլ կազմակերպությունների աշխատանքներում, աշխատելով տարբեր ոլորտներում՝ սկսած ռեստորանային բիզնեսից մինչև ԱՄՆ-ի նախագահի նախընտրական քարոզարշավ:

DSCN3945

Նրա համար առաջնորդության կարևոր մաս է կազմում գիտելիքը:

Նա խոսեց Թվիթթերի տարածվածության և ազդեցիկության մասին, մասնակիցներին տվեց առաջադրանք մտածել Թվիթթերի հաշվի հետաքրքիր անվանում, հասցե և կայք, որով նրանք կիսվեցին րոպեներ անց:

Այնուհետև դասընթացավարը խոսեց մարդկանց հասկացողության տարբերությունների մասին, բերեց օրինակներ և նշեց, որ առաջնորդի կարևոր հատկանիշներից  է անծանոթների հանդեպ հոգատարությունը:

Գործելիս նա առաջնորդվում է հետևյալ քայլերով.

  • լինել տեղում,
  • ընտրել վերաբերմունքը երևույթների նկատմամբ,
  • որևէ մեկի օրը լավը դարձնել,
  • զվարճանալ:

Նա առաջնորդի կարևոր հատկանիշներից համարեց նաև ոլորտի փոփոխությունը:

DSCN3952

Խոսելով Մարտին Լյութեր Քինգի մասին՝ նա շեշտեց քրիստոնեական արժեքների քարոզը և խոսքի ու արարքների համապատասխանությունը:

Ջ.Դոշերը ընթացքում անդրադարձավ նաև մեդիա-գործիքներին, նշեց, որ առաջնորդները փնտրում են հնարավորություն և կիրառում են հմտությունները:

Այնուհետև նա բերեց անցյալի և ներկայի մի շարք առաջնորդների օրինակներ (Նելսոն Մանդելա, Մարտին Լյութեր Քինգ, Բարակ Օբամա, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քենեդի, Հռոմի պապ, Դալայ Լամա, Չէ Գևարա, Դոնալդ Թրամփ, Դաք Փրեսքոթ, Կոմիտաս, Եղիշե Չարենց, Հենրիխ Մխիթարյան), նշեց նրանց բնորոշ հատկանիշները, ներկայացրեց նրանց կատարած կարևոր քայլերը:

DSCN3971

Ի մի բերելով ներկայացված կերպարներին բնորոշ գծերը՝ պարոն Դոշերը որպես առաջնորդի կարևոր հատկանիշներ առանձնացրեց բանակցելու կարողությունը, ուժը իմաստուն կերպով օգտագործելը և այլոց ոգեշնչելը, հզորացնելը:

Դասընթացի երկրորդ հանդիպումը տեղի կունանա ս.թ. հոկտեմբերի 22-ին:

 

Համալսարանականները մասնակցեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլին

 2018թ. հոկտեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը, ուսանողներ Հրանտ Ղարագյոզյանը և Դավիթ Գասպարյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Նկար 1

Դասընթացաշարն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում են ընդհանուր առմամբ 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Երեք օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան գիտելիքներ ինքնաներկայացման, թիմերի կառուցման, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների վերաբերյալ, այլև ձեռք բերեցին նոր ընկերներ և անցկացրին հետաքրքիր ժամանց:

Նկար 2

Սեմինարները վարեցին վկայագրված կառավարման խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի և մի շարք կազմակերպությունների դասընթացավար Արտակ Ալոյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սերգեյ Թանթուշյանը, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Գևորգ Բաբայանը:

Նկար 4

Առաջին օրը մասնակիցները կատարեցին սեփական ուժերի SWOT վերլուծություն, ծանոթացան թիմերի ստեղծման գործընթացի փուլերին, կոնֆլիկտների լուծման ոճերին, բաժանվեցին թիմերի և կատարեցին առաջադրանք՝ ներկայացնելով խմբին և թիմին բնորոշ հատկանիշները:

Նկար 5

Այնուհետև Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց զգացական ընկալման խնդիրները, այն գործոնները, որոնք ազդում են շրջապատի (իրականության) ընկալման վրա և հաճախ հանդիպող իմացաբանական սխալները՝ ընտրողական ընկալում, պիտակավորում, համեմատում, պրոյեկտում, կարծրատիպային մտածելակերպ:

Նկար 6

Օրվա վերջում սկսվեց և հաջորդ օրն առավոտյան շարունակվեց վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության վերաբերյալ սեմինարը: Մասնակիցները սովորեցին 7  «ազդեցիկ» բառերը, ծանոթացան մարմնի շարժումների լեզվին և դրանց մշակութային տարբերություններին, մարդկանց 3 տիպերին (նայող, լսող, շոշափող) և նրանց համոզելու նրբություններին:

Նկար 7

Երկրորդ օրը դասընթացը շարունակեց Արտակ Ալոյանը՝ ներկայացնելով հաղորդակցման հմտությունները, արդյունավետ լսելու և համոզիչ խոսքի մեթոդները: Նա մասնավորապես նշեց, որ խոսքը համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ է բերել փաստեր և օրինակներ, հղում կատարել հեղինակավոր անձնանց կամ աղբյուրների, կատարել կանխատեսումներ և հերքել հակառակ տեսակետը:

Նկար 8

Ստացած գիտելիքները մասնակիցները տեղում կիրառեցին՝ փորձելով հիմնավորել անհավանական թվացող գաղափարներ:

Նկար 9

Այնուհետև սեմինարավարները խոսեցին անձի բրենդավորման, CV կազմելու և արդյունավետ գրավոր հաղորդակցության մասին:

Մասնակիցները կրկին բաժանվեցին թիմերի և պատրաստեցին CV-ներ, ապա գնահատեցին այլ թիմերի CV-ների որակը:

Նկար 10

Ս.Թանթոշյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստի այնպիսի կառուցվածք, որի դեպքում նամակագրի ասելիքը կընդունվի հասցեատիրոջ կողմից և այն հարցը, ինչի համար գրվել է նամակը, կունենա դրական հանգուցալուծում: Մասնակիցները կատարեցին ինքնուրույն առաջադրանք՝ գրելով տրված խնդրի վերաբերյալ էլեկտրոնային նամակ:

Նկար 11

Երրորդ օրը Ա.Ալոյանը ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ ներկայացրեց նպատակի հստակեցման SMART գործիքը, ժամանակի կառավարման Էյզենհաուերի մատրիցան և այլ գործիքներ:

Մասնակցիները նաև ծանոթացան աշխատանքի հարցազրույցին մասնակցելուն նախապատրաստվելու սկզբունքներին, գործատուների կողմից գնահատվող անձնական հատկանիշներին, տպավորություն թողնելու նրբություններին, հաճախ տրվող հարցերին, աշխատանքային (գործնական) էթիկային, որոշումների կայացման քայլերին: Այս փուլումն նրանք քննարկեցին աշխատանքային իրավիճակներ և առաջարկեցին դրանց լուծման մի քանի այլընտրանքներ:

Նկար 12

Վերջում մասնակիցներին ներկայացվեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունք հանդիսացող 8 ունակությունները.

  1. գրագիտություն,
  2. օտար լեզուների իմացություն/բազմալեզվություն,
  3. մաթեմատիկական, գիտության, տեխնոլոգիական և ինժեներական ունակություն,
  4. թվային ունակություն,
  5. անձնային, սոցիալական և «սովորել, թե ինչպես սովորել» ունակություն,
  6. ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և տարբեր մակարդակների հասարակական գործընթացներում մասնակցելու ունակություն,
  7. ձեռներեցություն,
  8. մշակութային տեղեկացվածության/իրազեկվածության և արտահայտչամիջոցներին տիրապետելու ունակություն:

Ամբողջ դասընթացն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Նկար 13

Դասընթացաշարի երկրորդ փուլը տեղի կունենա ս.թ. նոյեմբերին: