Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Աչքերը հոգու հայելին են»

2014թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Աչքերը հոգու հայելին են» թեմայով զեկուցումների ընթերցում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Զեկուցումների թեման առաջարկել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Աիդա Սարհատյանը:

Ներկա էին մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումներ կարդացին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Հովսեփյանը, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Գրիգորյանը և Մարուսյա Հովհաննիսյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ղազարյանը:

Զեկուցումների նյութը ներկայացնում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Ամիրխանյանը:

Զեկուցողները ընտրված թեմային մոտեցել էին ըստ իրենց մասնագիտությունների. նրանք ոչ միայն ներկայացրին զեկուցումներ, այլև հանդես եկան բանաստեղծություններով ու երգերով:

Հնչեցին հայ անվանի գրողներ Պարույր Սևակի, Համո Սահյանի բանաստեղծությունները` նվիրված աչքերին, նրանց գեղեցկությանն ու խորությանը:

Ուսանողների այս հետքրքիր նախաձեռնության կապակցությամբ վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին դասախոսները:

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին տրվեցին Երկրապահ կամավորների միության վկայականներ

2014թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին Երկրապահ կամավորների միության վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին Երկրապահ կամավորների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Կիլիկիա», «Զինվորի երգը», «Մարտիկի երգը», «Գարեգին Նժդեհ», «Սասնա պարը» և այլն), թնդաց «Հաղթանակի պարը»:

Ներկայացվեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համառոտ պատմությունը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` հայրենասիրական բարձր ոգով ներշնչված անկեղծ ու անմիջական ելույթների համար. «Մենք հպարտ ենք, որ ունենք ձեզ նման երիտասարդություն, որն իր հայրենիքի, իր հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունի, հայրենիք, առանց որի գոյության` ամեն ինչ դառնում է անիմաստ…»:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը և ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին հանձնեցին Երկրապահ կամավորների միության «Երիտասարդ երկրապահ»-ի վկայականները:

Ճանաչողական այց Վանաձոր

2014թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին հրավիրված էին նաև մասնաճյուղի «Մանկավարժություն և հոգեբանություն» ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը, ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը, նույն մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման նպատակն էր կարևորել սոցիալական մանկավարժի դերը սոցիալական ինստիտուտների (հասարակություն, ընտանիք, կրթական հաստատություններ և այլն) կայացման և զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը` Սոցիալական մանկավարժի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, կարևորելով «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության դերը:

Վերջում Վանաձորի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական իստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:

Մեր ուսանողները գործնական ուսուցման նպատակով այցելեցին Վանաձորի մանկատուն, որտեղ մանկատան մանկավարժահոգեբանական աշխատակազմը նրանց ծանոթացրեց նախադպրոցական խմբի երեխաների հետ, ներկայացրեց նրանց խնդիրները, իրավունքներն ու պարտականությունները:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողները այցելեցին նաև Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարան (սեպտեմբերի 25-ին լրացել էր Ստ.Զորյանի ծննդյան 125-ամյակը):

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հետ` ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի վերաբերյալ

ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը հարցազրույց ունեցավ  մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հետ:

 

-Պարո՛ն Դավթյան,  ԵՊՀ գիտական խորհրդի 2014թ. սեպտեմբերի 25-ի նիստում հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել, հատկապես ո՞ր ենթակետերին կցանկանայիք անդրադառնալ:

– Նոր կանոնակարգում փոփոխություններ են կատարվել գլխավորապես 10-րդ կետի դրույթներում: Այսպես` նախկին կանոնակարգից հանվել է մեկ ենթակետ, և ավելացվել են մի շարք նոր ենթակետեր: Հանվել է նախկին կանոնակարգի 10.4 ենթակետը, այն է` մասնակի փոխհատուցում տրվում է վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:

Ավելացել  են 10.2, 10.7, 10.10 ենթակետերը, որոնց համաձայն` մասնակի փոխհատուցում տրվում է.

  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը (10.2),
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում) (10.7),
  • մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում) (10.10):

Կատարված փոփոխություններից հատկանշական է և այն, որ նոր կանոնակարգում ըստ կետերի նշված են զեղչերի տոկոսները:

-Պարո՛ն Դավթյան, հայտնի է, որ եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.4), ապա այժմ երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին (10.5): Ի՞նչ եք կարծում` արդյոք այդ փոփոխությունը բացասաբար չի՞ անդրադառնա դիմորդների թվի վրա:

-Կարծում եմ, որ բացասաբար չի ազդի, քանի որ այսօր կրթական համակարգը բավականին ճկուն է. այն լավ սովորողին թույլ է տալիս վճարովի ուսուցման համակարգից անցնել անվճարի: Ինչու՞ օգտվել մասնակի փոխհատուցումից, եթե մրցույթով կարելի է անցնել անվճար համակարգ:

-Սույն կանոնակարգով, պարո՛ն Դավթյան, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն ի՞նչ առավելություններ ունեն:

-Այդ առումով ուշագրավ է 10.9 ենթակետում կատարված փոփոխությունը. եթե նախկինում մասնակի փոխհատուցում տրվում էր ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը բարձր է 18-ից) ունեցող ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով, ապա այժմ երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Մարդու ծագման նոր գյուտ Հայաստանում

Մարդաբանությունը Հայկական լեռնաշխարհում սենսացիոն հայտնագործություն է արել: 2008-ից Հրազդանի կիրճում՝ Նոր Գեղիի տարածքում, հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է իրականացրել: Տևական ուսումնասիրությունների ու արտասահմանյան լաբորատորիաներում անցկացված անալիզի արդյունքում հաստատվել է այն, ինչ մասնագետները ենթադրում էին, բայց դեռ չէին հրապարակում. Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրան է:

Հնագիտական հուշարձանը հայտնաբերվել է շատ պատահական: Հայկական բանակի զինվորները Նոր Գեղիի տարածքում դեպի աղբյուր ճանապարհ գցելու ժամանակ տրակտորով հողը փորել են ու բազալտի շերտեր բացել:

Երկու շերտերի արանքում եղել է հրաբխային մոխիր, որի տարիքը 330 հազար տարվա միջակայքն է: Հենց այդ շերտում էլ հայտնաբերվել են քարե գործիքներ և առարկաներ, որոնք էլ հենց սենսացիոն գյուտի հիմքն են:

Նոր Գեղիում հայտնաբերված հնավայրը ստիպում է գիտնականներին մարդկության ծագման մասին մինչև այժմ եղած տեղեկությունների կողքին դնել ավելի հիմնավոր ու հստակ թվագրումով հայտնագործություն:

Այն մարդագոյացման ամբողջ մեխնիզմների ընկալման ու տեսական հիմնավորման մեջ նոր ուղի է բացում:

Մինչ այդ միանշանակ էր, որ մարդը ձևավորվել է Աֆրիկայում, հետո Միջերկրական ծովի արևելյան ափերից անցել այսօրվա Առաջավոր Ասիայի տարածք, այնտեղից էլ՝ Եվրասիա:

Մարդկային պոպուլյացիայի վկայություններ ՝քարե գործիքներ են հայտնաբերվել Պաղեստինի, Իսրայելի, Սիրիայի տարածքներում: Սակայն այդ գործիքներն ավելի երիտասարդ են, քան Նոր Գեղիի տարածքում հայտաբերված առարկաները:

Ոչ ոք չի ժխտում, որ Աֆրիկայում կենսաբանական էակ է ձևավորվել, բայց այսուհետև դրա կողքին դրվելու է ևս մի ապացույց, որ Հայկական լեռնաշխարհը նույնպես մարդագոյացման օջախ է: Հայտնաբերված օբսիդիանե գործիքներից մի քանիսը պատմում են, որ 1 մլն 700 հազար տարի առաջ նախամարդը քարի կողքերը տաշել է, ծլեպները հեռացրել՝ որպես աղբ, ու քարը դարձրել գործիք: Իսկ մյուս առարկաները վկայում են, որ նախամարդը քարից միջուկ է սարքել, միջուկից՝ ծլեպներ է տաշել ու այն դարձրել հատիչ, իսկ քարը դեն գցել՝ որպես աղբ: Առաջին դեպքում ծլեպն էր աղբը, երկրորդում՝ քարը:

Մինչև նախամարդն առաջինից հասել է երկրորդին, այսինքն՝ հասկացել, որ քարն ավելի ծանր է՝ որպես հատիչ օգտագործելու և տեղից տեղ տանելու համար, քան ծլեպը, տևել է 1մլն 300 հազար տարի: Հնագետները դա անվանում են քարի դարի շախմատ: Այսինքն՝ նախամարդը գիտակցել է իր քայլերի հաջորդականությունը, ինչպես շախմատում, որպեսզի օգտակար արդյունք ստանա:

Մասնագիտական լեզվով քարի մշակման երկրորդ մեթոդը կոչվում է «լևալուազյան» տեխնիկա: Նոր Գեղիի գյուտի արժեքներից մեկն այն է, որ քարի մշակման երկու մեթոդներն էլ միաժամանակ են հայտնաբերվել:

Շերտերի հստակ թվագրությունն ապացուցում է, որ քարի մշակման երկրորդ մեթոդը հիմնված է առաջինի վրա, ոչ թե մեկը փոխարինվել է մյուսով, ինչպես Աֆրիկայի դեպքում գիտնականներն են կարծում: Այսինքն՝ ժամանակի ընթացքում տեղի է ունեցել մարդկային բանականության ու գիտակցության բնականոն զարգացում՝ ծանր ու կոշտ քարից դեպի թեթև ու հարմար ծլեպից հատիչ:

Սենսացիայի բացառիկությունն այն է, որ առաջին անգամ է քարի կիրառման երկու մեթոդները միաժամանակ ու նույն տեղում հայտնաբերվում: Մարդկության ինդուստրիայի օրրան համարվող Աֆրիկայում թվագրումները շատ վիճելի են ու ոչ հստակ, և հայտնաբերվել են քարի մշակման կա՛մ առաջին կա՛մ երկրորդ մեթոդները. երկուսը միասին ու միաժամանակ դեռ երբեք չի հայտնաբերվել ոչ՛ Աֆրիկայում, ոչ՛ այլ տեղ:Ընդ որում՝ գիտնականներին հաջողվել է նաև ապացուցել, որ վաղագույն շրջանի մարդն օգտագործել է նաև իրենից 130 կմ շառավղով լանդշաֆտը:

Ապացուցվել է, որ գործիքներ են պատրաստվել նաև Սյունիքի օբսիդիանից: Սա նշանակում է, որ մարդը գիտակցական զարգացում է ապրել ու ընտրել լավագույն որակի օբսիդիան:Եթե մինչ այժմ գիտնականները համոզմունք ունեին, թե նախամարդը քարե գործիքների մշակման մեթոդներով զինված՝ Աֆրիկայից տեղաշարժվել է դեպի Եվրասիա և այլ տարածքներ, ապա Նոր Գեղիի հայտնագործության դեպքում հստակ է, որ նախամարդը տեղաբնակ է ու հենց տեղում, տեղական հումքից էլ պատրաստել է իր գործիքները, ոչ թե ներմուծել այլ վայրից:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու գիտաշխատող Բորիս Գասպարյանը սենսացիոն գյուտերի առանցքը հենց այս առավելությունն են համարում:

Այսպիսով, հայ-ամերիկյան արշավախմբի գյուտը փոխում է գիտական պատկերացումները մարդու ծագումնաբանության, զարգացման ու մարդագոյացման մասին: Մեր հնագետները ձեռնպահ են մնում պնդել, թե Հայկական լեռնաշխարհից է վաղագույն շրջանի մարդը տեղաշարժվել այլ վայրեր, այսինքն՝ թե մարդ արարածի սկզբնական ծագումը կապված է նախ և առաջ Հայկական լեռնաշխարհի հետ:

Հրազդանի կիրճի պեղումները դեռ շատ ուսումնասիրություններ են պահանջում, որոնք նոր եզրակացությունների կհանգեցնեն:Բազալտի ստորին շերտի տակը դեռ ուսումնասիրված չէ և նոր բացահայտումների գանձարան է:

Իսկ բազալտի վերին շերտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան դարերը մոտեցել են մեր ժամանակներին, այնքան մարդկային գործոնի առկայությունը պակասել է: Այդ տարածքում ապրող մարդը, որի պատրաստած գործիքները մնացել են հրաբխային մոխրի շերտի տակ, հեռացել է այդտեղից: Նա ապրելիս է եղել ջրերին մոտ, սական տեսել է ժայթքող հրաբուխ. Գութանասարն է հրաբխել, ու մարդն այդ վայրից հեռացել է ավելի անվտանգ բնակավայր:

Սա ենթադրություն չէ, այլ ապացույց: Սակայն մեր հնագետները մինչև վերջ հրաժարվեցին անգամ ենթադրություն անել, որ միգուցե հենց Հայկական լեռնաշխարհի մարդն է Առաջավոր Ասիա կամ հենց Աֆրիկա տեղաշարժված հոմո էրեկտուսը կամ հոմո սափիենսը:

Science ամսագիրը, որը գիտական ուսումնասիրությունների և գյուտերի հայտարարաման ամենահեղինակաոր ամբիոններից մեկն է, սեպտեմբերի 29-ին հրապարակեց Նոր Գեղիի պեղումների արդյունքներն ու ապացույցները:

Աղբյուրը` imyerevan.com