Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անցկացվեց «Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը» թեմայով բաց դաս

2014թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Քրիստոնեական բարոյականության արժեքային համակարգը» թեմայով բաց դաս, որը վարեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Բաց դասի թեման շատ հետաքրքիր էր և արդիական, ներառում էր այսպիսի ենթաթեմաներ` «Տաբու (արգելք)», «Իրավունք թե՞ բարոյականություն», «Տասը պատվիրաններ», «Ոսկե կանոն» և այլն:

Դասի վերջում ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց Հ.Զորոյանը հանգամանորեն պատասխանեց: Այն հարցի կապակցությամբ, թե ինչու է կինն արարչագործության պսակի վերնապսակը, Հ.Զորոյանը մասնավորապես նշեց. «Եթե Ադամի արարման համար իբրև նյութ օգտագործվեց չմշակված հողը, ապա կնոջ պարագայում որպես նյութ ծառայում է արդեն արարված, ընդ որում` արարման պսակ հանդիսացող մարդը: Եվան քնքուշ է ու նրբին, առանց այդ քնքշության, նրբության և գեղեցկության, սերը, որով պիտի լցվեր ողջ իրականությունը, միանգամից ավարտուն ձևով չէր ստացվի: Գորշ հողն անբավարար էր արտահայտելու այն ամենայն գեղեցկությունն ու նրբությունը, որը կոչվելու էր կին քնքշանքի, սիրո և ոգեշնչման աղբյուր: Ասել կուզի` բուն աստվածաշնչական վարդապետության համաձայն` կինն արարչագործության պսակի վերնապսակն է»:

Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Զորոյանի կողմից նախատեսված բաց դասերի շարքի առաջին դասը հաջողությամբ կայացավ: