Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց Նոր տարին։
Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:
Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:
Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:
Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց:
Այդ պատճառով ժողովուրդը հատուկ ծիսակատարություններ է արել` կապված տիեզերական ծառի հետ: Տիեզերական ծառն ուղղահայաց գիծ է` երկրից երկինք, որն արտահայտվում էր գերանի տեսքով: Այն ուղղահայաց դիրքով դնում էին խարույկի մեջ, և յուրաքանչյուր մարդ, տուն մտնելով, մի ճյուղ էր ավելացնում գերանի կողքին` այդպիսով վառ պահելով կրակը մինչև հունվարի 6-ը` Քրիստոսի Ծնունդը:
Տարեմուտի գիշերը նաև գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանք: Քանի որ պասից շրջան էր, և ժողովուրդը պատրաստվում էր Սուրբ Ծննդյան տոնին, Ամանորի առաջին օրերին մատուցվում էին առանց մսի պատրաստված կերակուրներ. տոնական սեղանի անբաժան մասն էին պասուց տոլման, կլոր գաթան, (որը խորհրդանշում է արևը), քառանկյուն փախլավան (որը խորհրդանշում է աշխարհի չորս կողմը կամ խաչը):
Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել: Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:
Այս Նոր տարին՝ 2013 թվականը, ջրային օձի տարի է, որը ենթադրում է հավասարակշռված և հանգիստ ապրելակերպ, ոչ աղմկոտ մթնոլորտ:
Տարվա խորհուրդն է՝ «Դեն նետել հին մաշկը, և ամեն ինչ սկսել նորից»:
Թո՛ղ այս տարին բարի լինի բոլորիս համար. լինի նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, անկատար ծրագրերի ու նվիրական իղձերի իրականացման տարի, խաղաղության, երջանկության, բարեկեցության տարի:
Գալդ բարի՜, Նոր տարի: