Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

200.000-ական դրամ՝ մագիստրոսական թեզը ավարտին հասցնելու համար

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 10 և Տնտեսագիտության ֆակուլտետի 80-ամյակների կապակցությամբ սահմանված դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր դեռևս 2014 թ-ի դեկտեմբերին: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մասնակցության հայտ են ներկայացրել 7 ուսանող (2-ը` Տնտեսագիտության, 5-ը՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետներից): Սակայն նախատեսված էր մեկական դրամաշնորհ յուրաքանչյուր ֆակուլտետի համար:
«Հետազոտական կրթաթոշակները տրամադրվում են այդ ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներին՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով»,- ասում է «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Աշխատանքների գնահատումը կատարվել է անանուն, փորձագետները հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքանով է տվյալ հետազոտությունը արդիական և ունի՞ արդյոք կիրառական նշանակություն:

Տնտեսագիտության ֆակուլտետից հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Նաիրի Ճաղարյանի աշխատանքը, ով հետազոտում է ներդրումային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները Հայաստանում:

«Այսօրվա գլոբալիզացվող աշխարհում ներդրումների և ցանկացած տնտեսության տնտեսական աճի միջև ուղիղ կապ կա: Ուսումնասիրելու ենք 6 ինդեքսներ, ցուցանիշների մանրամասն վերլուծություն ենք անելու՝ համեմատելով Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների հետ: Նաև կփորձենք ուղիներ մատնանշել մեր երկրում ներդրումային միջավայր ձևավորելու համար»,- նշեց Նաիրին:

Կրթաթոշակակիրները հնարավորություն կունենան մասնակցելու «ՀՌԿԿ-Հայաստան»-ի «Կրտսեր հետազոտողների ծրագրով» նախատեսված դասընթացներին, օգտվելու առկա բոլոր ռեսուրսներից, ստանալու հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:

Կրթաթոշակակիրներին սահմանված 200.000-ական ՀՀ դրամը, ըստ կնքված պայմանագրի, կհատկացվի երկու մասով:

Աղբյուրը` ysu.am