Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երևանում:

 Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունը՝ ենթադրաբար ավելի վտանգված, և երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:

Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաև այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված և փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:  

Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը և մեր պատկերացումները ընդլայնմանը:

Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

  1. ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր
  2. ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը
  3. «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ
  4. Հայաստանի Հանրապետության հետ կապեր
  5. Ռուսահայության ինքնության հարցեր
  6. ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ
  7. Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:

Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] և հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչև 2016 թ. հուլիսի 30-ը` YsuArmenianDiaspora@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության և ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:

Հարցերի համար կարող եք դիմելYsuArmenianDiaspora@gmail.com, էլ. հասցեով կամ(+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն: