Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս

2015թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս, որին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի ռազմական և հոգևոր գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր Վարուժան Կարապետյանը` Հերոսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը` ողջունելով ներկաներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարելով պատմական համառոտ ակնարկ, մեկնելով ընտրված չորս` «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար» և «Վերածնունդ» գաղափարների խորհուրդը, ներկայացնելով քննարկվելիք հարցերը:

Հայոց եղեռնի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար աղոթեց, ոգեկոչման խոսք ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը` մասնավորապես նշելով. «Ոչ միայն հիշում ենք, այլև ոգեկոչում, լինում պահանջատեր: Աստված օրհնի բոլորիս, Աստծո հովանավորչությունն ու համերաշխությունը մեր ընտանիքներին և երկրին»:

Ազդեցիկ ելույթով հանդես եկավ Հերոսը` Վարուժան Կարապետյանը` խոսելով Հայոց ցեղասպանության դաժան հետևանքների մասին, ընդգծելով, որ թուրք եղեռնագործները փորձեցին հայ ժողովրդին ոչ միայն ֆիզիկական ջարդի ենթարկել, այլև սպանել նրա ոգին, որը նրանց չհաջողվեց:

Ընդհանուր գծերով ներկայացրեց 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողության մասին, ապա «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրման և գործունեության մասին` նշելով, որ եղեռնից մազապուրծ, ճղակոտոր, աշխարհասփյուռ հայերի սրտում արյան մեծ կանչն էր, արյան ցավը, նրանց ճակատին` ստրկության, ամոթի, անպատվության սև մուրը, որից ազատվել էին ուզում:

Հերոսը մատաղ սերնդին պատգամեց հոգու և մարմնի բոլոր բջիջներով, անմնացորդ կերպով սիրել ու պաշտպանել հայրենիքը, նրան ծառայելը համարել մեծագույն պատիվ, երբևէ չկորցնել զգոնությունը, պատգամեց, որ առաջին հերթին պահանջենք ինքներս մեզանից, հետո ուրիշներից, որ այլևս երբևէ դատապարտված չլինենք ցեղասպան լինելու…

Այնուհետև «Ցեղասպանության պատճառները և հետևանքները» թեմայով զեկուցում ներկայացրեց պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը` իր դիրքորոշումը տալով սեղմ բանաձևված հիմնադրույթների տեսքով, հետո առանձին-առանձին հիմնավորելով դրանք:

Ապա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը հակիրճ անդրադարձ կատարեց Մ.Գալշոյանի արձակին, որը անմար արձագանքն է եղեռնից մազապուրծ սասունցիների ցավի ու կարոտի. «Հայաթափուր Արևմտյան Հայաստանի բարձրիկ լեռների, նրա Մարութա սարի լանջերին գինաարբ ծաղիկներ են բուրում, բայց ո՞վ է քաղում այդ նուրբ թերթիկներով ծաղիկները, ու՞մ մնացին նրա սարերն ու ձորերը, արտ ու անտառները, երբ հայի աղոթքի վերջին շշունջները մարեցին վանքերի ավերակ խորաններում, և Էրգիրը դարձավ որբ, դարձավ հուշ ու հիշողություն… Հարյուր տարի է անցել, բայց ո՞վ է ասում հարյուր տարի: Եղեռնը երեկ էր, նախորդ օրը, մի շաբաթ առաջ… Եղեռնի ականատեսը, զոհն ու վիշտը կրողը մեր ժողովրդի միայն մի` արևմտյան հատվածը չի եղել: Մեծ ողբերգության ահազարհուր կսկիծն այս և բոլոր հարյուրամյակներում ապրող հայերի բոլոր սերունդներն են ապրելու միշտ…»:

Կոնֆերանսը եզրափակվեց գրական-երաժշտական միջոցառումով, որը կազմակերպել էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սաները: