Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

2015թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ.Ալեքսանյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

2. Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսուցանվող հինգ մասնագիտությունների` 2015-2019 թթ. ուսումնական պլանների քննարկում:

3. Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքների քննարկում:

4. 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների արդյունքների ամփոփում:

Զեկուցող` Վ. Ալեքսանյան:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետի կանոնադրության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ: Ֆակուլտետի խորհուրդը վերակազմավորվել է գիտական խորհրդի: Նոր ձևավորված գիտական խորհրդում ընդգրկվել են ֆակուլտետի հինգ մասնագիտությունների հետ կապված արտահամալսարանական մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական խորհուրդներով կնպաստեն ուսուցման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանը:

Որոշվեց ընդունել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի նոր կանոնադրությունը, հաստատել ֆակուլտետի գիտական խորհրդի կազմը:

Երկրորդ հարցի մասին նշվեց, որ ֆակուլտետի ամբիոններում քննարկվել և վերանայվել են ուսուցանվող հինգ մասնագիտությունների` 2015-2019 թթ. ուսումնական պլանները, դրանցում կատարվել են փոփոխություններ, որոնք հետապնդում են պատշաճ կրթություն իրականացնելու և խորը մասնագիտական գիտելիքներով զինված կադր թողարկելու նպատակ:

Նշվեց, որ այս տարի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության փոխարեն կիրականացվի բակալավրիական ընդունելություն «Հոգեբանություն» մասնագիտությամբ:

Մասնակի փոփոխություններ են կատարվել «Պատմություն» մասնագիտության ուսումնական պլանի «Ընդհանուր մասնագիտական դասընթացներ» բաժնում:

Նվազեցվել է «Մասնագիտության ներածություն» առարկայի ժամաքանակը, դրա փոխարեն ավելացվել է «Հայոց պատմություն-1» մոդուլի ժամաքանակը: Նվազեցվել է «Գրաբար-1» և «Գրաբար-2» մոդուլների ժամաքանակը և ավելացվել է «Հայոց պատմություն-2» և «Հայոց պատմություն-3» մոդուլների ժամաքանակը:

Փոփոխություններ են կատարվել «Հայ գրականության պատմություն», «Միջին դարերի պատմություն», «Պատմության դասավանդման մեթոդիկա» առարկաների ժամաքանակներում:

Հանվել է «Փիլիսոփայության պատմություն» առարկայի դասընթացը: Մանկավարժական պրակտիկան յոթերորդից տեղափոխվել է ութերորդ կիսամյակ:

Այս փոփոխությունը հիմնավորվեց այն հանգամանքով, որ պրակտիկանտ ուսանողների դպրոց մտնելը ավելի արդյունավետ կլինի տվյալ առարկայի դասավանդման մեթոդիկայի դասընթացը յուրացնելուց հետո:

«Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսումնական պլաններում ևս տեղի են ունեցել փոփոխություններ. ավելացվել են դասավանդվող լեզուների գործնական պարապմունքներին հատկացվող ժամաքանակները:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսումնական պլանում ավելացվել են գործնական պարապմունքների ժամաքանակները:

Կրճատվել են «Լեզվաբանության ներածություն», «Ընդհանուր լեզվաբանություն» դասընթացների ժամաքանակները: Վերջինների փոխարեն ավելացվել են հայոց լեզվի տարբեր բաժինների և հայ գրականության դասընթացների ժամաքանակները:

Մասնաճյուղի տնօրեն, ֆակուլտետի խորհրդի անդամ, պ.գ.թ., դոցենտ Ս. Առաքելյանը նշեց, որ առայժմ հնարավոր չէ ռուսաց լեզվի ուսուցման մասնագիտություն բացել:

Դպրոցում ռուսաց լեզվի ժամաքանակները մեծ չեն, ուստի եթե մասնագետը տիրապետի միաժամանակ երկու օտար լեզվի, խնդիրը մասամբ կլուծվի:

Անդրադառնալով երկրորդ մասնագիտական օտար լեզվի հարցին` նա նշեց, որ այդ լեզվի ժամաքանակները ուսումնական պլաններում նախատեսված են բավականին շատ, և շրջանավարտը դպրոցում հեշտությամբ կարող է դասավանդել թե՛ իր հիմնական, թե՛ երկրորդ օտար լեզուն:

Ս.Առաքելյանը նաև առաջարկեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ, որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու, անցնել ռուսերենը:

Որոշվեց հաստատել Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսուցանվող հինգ մասնագիտությունների՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», 2015-2019 թթ. ուսումնական պլանները:

Երրորդ հարցի հետ կապված` ամփոփվեցին 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակում ֆակուլտետում անցկացված ուսանողական հարցումների արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ ուսանողների կողմից գնահատվել է ֆակուլտետի 57 դասախոս:

Հարցման թերթիկներում ուսանողները գոհունակություն են հայտնել մի շարք երիտասարդ դասախոսների կիրառած մեթոդներից և ընդհանուր դասավանդման որակից:

Ներկայացվեցին ամբիոնների ստացած միջին գնահատականները.

1. Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն` 4.46,

2. Հայոց լեզվի և գրականության ամբիոն` 4.50,

3. Մանկավարժության և հոգեբանության ամբիոն` 4.78,

4. Օտար լեզուների ամբիոն` 4.60,

5. Ֆակուլտետի միջին գնահատականը` 4,54:

Որոշվեց համապատասխան քայլեր ձեռնարկել հարցումների թերթիկներում արտացոլված թերություններն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով չորրորդ հարցին` ամփոփվեցին 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների արդյունքները:

Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպված էր պատշաճ կերպով, քննություններն ու ստուգումները իրականացվել են ժամանակացույցի համաձայն:

Շեշտվեց, որ ֆակուլտետի դասախոսները նկատելիորեն կատարելագործել են թեստերը:

Ըստ մասնագիտությունների` ներկայացվեց ֆակուլտետում երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների արդյունքում արձանագրված ակադեմիական պատկերը:

Այսպես` «Պատմություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.61 և 6.77 միավոր:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.63 և 6.10 միավոր:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.85 և 6.58 միավոր:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.36 և 6.20 միավոր:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ընթացիկ քննություններից և ստուգումներից միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.21 և 6.18 միավոր:

2014-2015 ուստարվա առաջին քննաշրջանի արդյունքներով ֆակուլտետի միջին գնահատականը կազմել է համապատասխանաբար 2.53 և 6.35 միավոր:

Ընդգծելով խոսքի մշակույթի դերը` Ս.Առաքելյանն առաջարկեց ոչ մասնագիտական բաժիններում «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի փոխարեն ներդնել «Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ» դասընթացը:

Նա առաջարկեց նաև Հայոց լեզվի և գրականության ամբիոնում ստեղծել Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների սեկցիա` ղեկավար նշանակելով Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանին:

Որոշվեց`

• 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ընթացիկ ստուգումների արդյունքները համարել բավարար:

• Հայոց լեզվի և գրականության ամբիոնում ստեղծել Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների սեկցիա` ղեկավար նշանակելով նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանին: