Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մատներով հաշվարկից մինչև ժամանակակից սուպերհամակարգիչներ

2014թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ բաց դաս, որի  նպատակն էր  ներկաներին ներկայացնել սկզբունքորեն նոր հասարակական-արտադրական պայմանների արդյունավետ գործունեության կարևորագույն գործիքների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փուլերը, նոր դարաշրջանի  հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների պատմությունն ու նրանց կիրառությունները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պատմական փուլերը ներկայացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը:

Նա իր ելույթում ներկայացրեց մատներով հաշվարկից սկսած մինչև մեխանիկական տարբեր հաշվիչ սարքերի, առաջին էլեկտրոնային հաշվիչ  մեքենաներից մինչև արագ մեր կյանք մտած անհատական համակարգիչների  և ապագայի ինտելեկտուալ համակարգիչների զարգացման պատմությունը: Ամբողջ նյութն ընթանում էր այդ համակարգերի մասին համապատասխան հետաքրքիր փաստերով  և նկարներով:

Դասի երկրորդ մասն անցկացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը: Նա ներկայացրեց նանոտեխնոլոգիաների, տիեզերքի նվաճման  և կենդանի օրգանիզմների կլոնավորման դարաշրջանի` 21-րդ դարի հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների ստեղծման, զարգացման պատմությունը և նրանց կիրառությունները:

Ներկայացվեց, թե  ինչպես են փոխվել մարդիկ, և ինչպես են նրանք մտածում,  ինչ են անում այս “հանկարծ եկած ապագայում”, կոմպյուտերիզացիան և համաշխարհային սարդոստայնն արդյոք միայն հեշտացրե՞լ են մարդկային աշխատանքը, թե  նրան ստիպել են հետ գնալ` իր վրա վերցնելով նրա ողջ մտավոր գործունեությունը:

ժամանակակից տեխնոլոգիաները չեն ծնվել հենց այնպես, նրանց ծնել է մարդը: Մարդն աշխարհստեղծման գագաթն է, որը դադարել է պրպտալ երկրի վրա և սլանում է տիեզերք: Բարձր արտադրողական համակարգիչների ստեղծման խնդիրը  ժամանակակից ամենաբարդ գիտատեխնիկական խնդիրներից մեկն է: Եվ պատահական չէ, որ հաշվիչ տեխնիկայի զարգացման պատմությունը գիտատեխնիկական  հետաքրքրաշարժ լուծումների ամբողջություն է` լի հաղթանակների ուրախությամբ, պարտությունների ցավով:

Ներկաներն իմացան աշխարհի ամենաարտադրողական հաշվողական համակարգերի Top500  ցուցակի մասին: Տրվեցին այդ ցանկում առաջին 6 հորիզոնականները զբաղեցնող սուպերհամակարգիչների բնութագրերը, կատարվեցին համեմատություններ տարբեր սերունդների համակարգիչների միջև` ընդգծելով 60 տարում հաշվիչ տեխնիկայի հիասքանչ առաջընթացը:

Ապա խոսվեց գիտության, արտադրության, արդյունաբերության այն ոլորտների մասին, որոնցում արդյունավետ կիրառվում է սուպերհամակարգիչների ողջ պոտենցիալը:

Վերջում մասնակիցները  հայտնեցին իրենց գոհունակությունը դասընթացից: