Ijevan Branch of Yerevan State University

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց համաձայնության հուշագիր

2014թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ` ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Ռոբերտ Թոխմախյանը, Նվեր Սարգսյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Հենրիետա Սուքիասյանը, Ամալյա Խաչատրյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Գայանե Մխիթարյանը, Անահիտ Աբրահամյանը, Գայանե Գևորգյանը, Սիլվա Պապիկյանը, Գարիկ Մկրտչյանը և ուրիշներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև համաձայնության հուշագրի կնքումն էր:

Նախ պարոն Կատվալյանի գլխավորությամբ ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, համատեղ իրականացվելիք ծրագրերը, ապա կնքվեց համաձայնության հուշագիրը:

Հուշագրում կարևորվում են գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, հայոց լեզվի ուսումնասիրման, ուսուցման և անաղարտության պահպանման, ՀՀ գիտակրթական ոլորտի առաջընթացի խնդիրները:

Համաձայնության հուշագիրը ենթադրում է Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավարության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարբերաբար ու համատեղ մի շարք միջոցառումների իրականացում` մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, ուսանողական պրակտիկաներ, խորհրդատվություն, հրապարակային դասախոսություններ, Տավուշի մարզում խոսակցական լեզվի և բարբառային հայերենի դրսևորումների հետազոտման աշխատանքներ և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի ուսանողության հետ, որի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գ.Մկրտչյանը:

Տնօրենը ընդհանուր գծերով խոսեց կնքված հուշագրի մասին, շնորհակալություն հայտնեց պարոն Կատվալյանին կոնկրետ առաջարկների, համատեղ իրականացվելիք ծրագրերի, նվիրաբերած գրքերի համար:

Պարոն Կատվալյանը իր խոսքում կարևորեց մայրենի լեզվի ուսուցման, անաղարտության պահպանման, այս տարածաշրջանի բարբառների ուսումնասիրման հարցերը. «Մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալու մեր ինքնատիպ դեմքով, իսկ դա երևում է առաջին հերթին մեր լեզվում. պետք է պահպանենք այն, ծավալենք լուսավորչական աշխատանք, սկիզբը դնենք ազգային ինքնագիտակցության զարթոնքի, հանդիպումներ ունենանք երիտասարդության հետ, ուսումնասիրենք այս տարածքի բարբառները, որոնք տարիների ընթացքում փոփոխվում, զարգանում են»:

Հանդիպումից հետո Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք: