Ijevan Branch of Yerevan State University

Վոլեյբոլի և բազկամարտի մասնաճյուղային առաջնություններ

 

2015թ. փետրվարի 24-ից 25-ը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի, իսկ փետրվարի 26-ին` բազկամարտի մասնաճյուղային առաջնություններ:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 23-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Դպրոցականների օլիմպիադա

2015թ. մարտի 14-ին`  ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկանների գծով`

  • մաթեմատիկա,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • ֆիզիկա,
  • հայոց լեզու և գրականություն,
  • քիմիա,
  • ռուսաց լեզու,
  • ինֆորմատիկա,
  • անգլերեն,
  • կենսաբանություն,
  • ֆրանսերեն,
  • աշխարհագրություն,
  • գերմաներեն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • ստեղծագործական  աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի  մասնակիցները  մարտի 14-ին` ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նիստերի  դահլիճ, որը գտնվում  է  Կիրառական  արվեստի  ֆակուլտետի  առաջին հարկում:

Հասցե` ՀՀ, ք.Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Մինչև փետրվարի 26-ը  անհրաժեշտ է հաստատել  աշակերտների  մասնակցությունն ըստ առարկաների` նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկելով  vahanagha@yandex.ru էլ.փոստին:

Օլիմպիադայի  փակման և պարգևատրման  արարողությունը  տեղի  կունենա մարտի 27-ին`  ժամը 15:00-ին, ԵՊՀ  մեծ  դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի  վարիչ  Վ.Աղաբաբյան, հեռ. 096-557-556

 

Սիրահարներների օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

2015թ. փետրվարի 14-ին` Սիրահարների օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր տոնական միջոցառում, կազմակերպել էր բաց նամակագրություն, որին մասնակցեցին բոլոր ֆակուլտետների ուսանողները:

Այնուհետև մասնաճյուղի բակում ուսխորհրդի անդամները ուսանողներին նվիրեցին սրտաձև փուչիկներ:

Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր:

Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։

Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։

Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։

Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:

Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:

Իտալիայում, որտեղից, ըստ լեգենդի, առաջացել է Սուրբ Վալենտինի տոնը, փետրվարի 14-ը անվանում են «քաղցր» օր: Այս օրերին այնտեղ մարդիկ միմյանց նվիրում են կոնֆետներ, թխվածքաբլիթներ և սրտաձև շոկոլադներ:

Քաղցրավենիք նվիրելու սովորությունը կա նաև Ամերիկայում: Դեռ ոչ վաղ անցյալում այստեղ սիրահարված աղջիկները և տղաները իրար նվիրում էին մարցիպաններ, դա համարվում էր շատ թանկարժեք նվեր, որովհետև մարցիպանը պարունակում էր շաքար, որն այն ժամանակ շատ թանկ արժեր:

Ֆրանսիայում Սուրբ Վալենտինի տոնի առիթով միմյանց առաջներում նվիրել են գեղեցիկ քառատողերով բացիկներ: Բացի այս բացիկներից՝ Ֆրանիսայում նվիրում են նաև կոնֆետներ, ռոմանտիկ ճանապարհորդության տոմսեր, արհեստական ծաղիկներ և այլն:

Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը նման է մարտի 8-ին, սակայն այս օրը սեր խոստովանում, նվերներ են տալիս միայն աղջիկները:

Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը:Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Սիրահարների տոնը:

Ուելսում (Միացյալ Թագավորության չորս կարևոր վարչադիվանագիտական մասերից մեկում) սիրահարները այս օրը շատ յուրովի նվեր են միմյանց համար պատրաստում: Նրանք, ծառը փորելով, հանում են գդալանման մի հատված` «սիրո գդալներ», այնուհետև դրանք զարդարում են տարբեր սրտերով և բանալիներով, որից հետո նվիրում իրար: Այս ամենը նշանակում է` «Դու գտել ես դեպի իմ սիրտը տանող ճանապարհը»:

Գերմանիայում Սուրբ Վալենտինը ոչ թե սիրահարների պաշտպանն է համարվում, այլ հոգեկան հիվանդների: Այս օրվա կապակցությամբ այստեղ հոգեբուժարանները զարդարում են, իսկ եկեղեցում հատուկ պատարագ են մատուցում:

Իսպանիայում այս տոնը նշվում է ոչ թե փետրվարի 14-ին, այլ մայիսի 1-ին, Բրազիլիայում ` հունիսի 12-ին:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:

Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։

Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։

Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։

Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։

Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։

Այս ավանդույթը մինչև օրս էլ մեզանում պահպանված է։

«ՀՀ տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտաժողով

2015թ. ապրիլի 29-30-ը Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով` «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով:

Գիտաժողովի ուղղություններն են.

1. ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի կատարելագործման և զարգացման հիմնախնդիրները,

2. ՀՀ մարզերի և սահմանամերձ ու բարձրլեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները,

3. Տարաբնակեցման, վարչատարածքային բաժանման և տարածքային կառավարման հիմնախնդիրները,

4. Սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրները,

5. Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները,

6. Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման հիմնահարցերը,

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջներն են.

• Բխեն խորագրից,

• Պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

• հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman տառատեսակով (տառաչափը` 12, տողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ, հղումները` տեքստում, թեման` մեծատառ` տառաչափը` 14),

• ունենան հիմնաբառեր, ամփոփում` անգլերեն և ռուսերեն,

• վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 8 էջ ծավալը,

• երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:

• տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանուն ուանունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում` կազմակերպության անվանումը: Այնուհետ, 2 ինտերվալ, խորքից տեքստը:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները հոդվածները մինչև 2015 թ. ապրիլի 1-ը ուղարկեն էլեկտրոնային հետևյալ հասցեով. margarit@ysu.am. կամ chikmarg@mail.ru, հոդվածի ձեռագրի մեկ օրինակ հանձնել ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն (թիվ 422 և 427 սենյակներ):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060710445 քաղաքային և 094769669, 091490031, 093864162 բջջային հեռախոսահամարներով:

Գիտաժողովի կազմկոմիտե

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեց հոգևոր գրականություն

2015թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախադպրոցական ոլորտի պատասխանատու, Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննեսի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը, գրադարանի աշխատակիցները, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, ուսանողական կառույցների անդամներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հանդիպման նպատակը մասնաճյուղի գրադարանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լույս տեսած հետևյալ գրքերի նվիրաբերումն էր.

1. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Համապատում, 4 Ավետարանների պարունակությունը շարադրելով, բաղդատելով և բացատրելով պատմված, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997:

2. Ռուբեն Սևակ, Երկեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1997:

3. Վահրամ Մավեան, Ամբողջական երկեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1996:

4. Ստիլիանոս Պապադոպուլոս, Մի մեծի կյանքը, (Սուրբ Բարսեղ Կեսարացին), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2009:

5. Տեր-Մինասեանց Երուանդ վարդապետ, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Ս. Էջմիածին, 2013:

6. Ստիլիանոս Պապադոպուլոս, Վիրավոր արծիվը: Սուրբ Գրիգոր Աստվածաբան, Ս. Էջմիածին, 2012:

7. Գիրք երկրորդումն օրինաց, Քննական բնագիր, աշխատասիրութեամբ Անդրանիկ Սահակի Զէյթունեանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2002:

8. Առակներին ուսուցանում են, կազմող` Հովհաննես սարկավագ Գալստյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2014:

9. Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

10. Տուք զկայսերն` կայսեր եւ Զաստուծոյն Աստուծոյ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1998:

11. Խրիմյան Հայրիկ, Դրախտի ընտանիք, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

12. Տրոիցկի Իլարիոն արքեպիսկոպոս, Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2011:

13. Խորեն աբեղա Առաքելյան, Սուրբ երրորդության մասին` «Եհովայի վկաների» ուսմունքի քննադատությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2010:

Բարեշնորհ Դավիթ սարկավագը ուսանողների հետ բանախոսության ընթացքում ներկայացրեց նվիրաբերվող գրքերի ընդհանուր բովանդակությունը, խոսեց հոգևոր արժեքների մասին, ուսանողներին կոչ արեց հաճախակի ընթերցել հոգևոր գրականություն:

Ելույթ ունեցավ գրադարանի վարիչ Ն.Ստեփանյանը` Գրադարանի խորհրդի և ուսանողության անունից մեծ գոհունակություն հայտնելով այդ արժեքավոր գրականությունն ընծա բերելու համար, որը կօգնի բուհում ավելի բարձր մակարդակի հասցնել հոգևոր դաստիարակությունը:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, որի ընթացքում տնօրենը նվիրաբերված գրքերի համար շնորհակալություն հայտնեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին, նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում քրիստոնեական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է, մասնաճյուղը սերտ համագործակցում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հետ, նախատեսվում է մասնաճյուղում բացել հոգևոր լսարան:

«Այս հանդիպումը բարի առիթ է համագործակցության, որ մասնաճյուղի գրադարանը հետայսու համալրվի Սուրբ Էջմիածնում լույս տեսնող հրատարակություններով»,- համոզմունք արտահայտեց Դավիթ սարկավագը: