2015 թ. հոկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Շահամիրյանների գործունեությանը, «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ», «Որոգայթ փառաց» գրքերին:
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանը, նրան աջակցել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:
Ներկա էի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վ.Ավագյանը` արժևորելով Շահամիրյանների գործունեությունը, «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» (1772), «Որոգայթ փառաց» (1773) երկերը, կարևորելով նման միջոցառումների նախաձեռնումը:
Ապա միջոցառման մասնակիցները իրենց պատրաստած զեկուցումներում ներկայացրին Շահամիրյանների գործունեությունը, «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը` որպես հայ իրականության մեջ առաջին հրապարակախոսական տպագիր աշխատություն, որտեղ ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից, քննադատվում է միապետական կարգը՝ այն համարվելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը:
Ուսանողներն անդրադարձան «Որոգայթ փառաց» երկին` որպես 18-րդ դարի 2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արտահայտության, որի ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, ներկայացվում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։
Գրքի երկրորդ և բուն մասում, որ սահմանադրության նախագիծն է, ներկայացվում են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը, ապագա հանրապետության գլխավոր նեցուկը դիտվում է մշտական զորաբանակը:
Այսպես` «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Էլլարյանը ներկայացրեց 16-17-րդ դդ. Հնդկաստանում հաստատված հայերի կյանքը և Շահամիր Շահամիրյանի ծավալած գործունեությունը: Ընդգծեց Մադրասի հայրենասիրական խմբակի և հայկական տպարանի նշանակությունը հնդկահայ հասարակական-քաղաքական-մշակութային կյանքում:
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքի մասին զեկուցումներ կարդացին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Վանուհի Աղինյանը, Մարուսյա Դավթյանը, Իսկուհի Շաղբաթյանը, Մերի Սարգսյանը, Ալբինա Սարհատյանը և Տաթևիկ Հովսեփյանը (հեռակա ուսուցման համակարգի համապատասխան կուրսից):
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը՝ բարձր գնահատելով Շահամիրյանների գործունեությունը, ‹‹Նոր տետրակ, որ կոչի հորդորակ››, «Որոգայթ փառաց» երկերը, ողջունեց ուսանողներին կրթագիտական նման միջոցառման համար: