Yerevan State University Ijevan Branch

Ուսումնաճանաչողական այց ԵՊՀ-ի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիաներ

2015թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները կատարեցին ուսումնաճանաչողական այց ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փորձարարական հոգեբանության, անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիաներ:

Ուսումնաճանաչողական այց ԵՊՀ-ի հոգեբանության  գիտահետազոտական լաբորատորիաներ

Ուսումնաճանաչողական այցը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության աջակցությամբ ու Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ:

Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի գիտաշխատողներ Լ.Ստեփանյանը և Է.Ասիրյանը ուսանողներին ներկայացրին լաբորատորիայի սարքավորումները և նրանց հետ փորձեր իրականացրին:

Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության լաբորատորիայի գիտաշխատող Դ.Սարգսյանը ուսանողներին ծանոթացրեց լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներին, մասնագիտական հարուստ գրականությանը (ինչպես ժամանակակից, այնպես էլ մատենագիր), հոգեբանության դասագրքերին (հայերեն և օտարալեզու):

Ուսումնաճանաչողական այց ԵՊՀ-ի հոգեբանության  գիտահետազոտական լաբորատորիաներ

Մեր ուսանողները եղան նաև Կիրառական հոգեբանության կենտրոնում, որտեղ գիտաշխատող Լ.Գևորգյանը նրանց ծանոթացրեց թրեյնինգային սենյակին, ուր իրականացվում էին խմբային և անհատական թերապևտիկ աշխատանքներ:

Ուսումնաճանաչողական այց ԵՊՀ-ի հոգեբանության  գիտահետազոտական լաբորատորիաներ

Վերջում ուսանողներն այցելեցին «Կանաչ սենյակ-ծիածանային պարտեզ» երեխաների սոցիալականացման կենտրոն:

ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Հ.Մարզպանյանի հարցազրույցը Հայաստանի ու Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների մասին

2015թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Հ.Մարզպանյանը Հայաստանի ու Արցախի տնտեսության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» թերթի թղթակից Սվետլանա Խաչատրյանին:

Հ. Մարզպանյանի խոսքով` տնտեսագիտությունը առաջին հերթին գիտություն է, բայց նաև մտածելակերպ, որովհետև տարբեր երկրների, հասարակությունների համար տնտեսական պայմանները տարբեր են, չկան միանշանակ լուծումներ:

ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Հ.Մարզպանյանի հարցազրույցը Հայաստանի ու Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների մասին

Տնտեսությունը հասարակական օրգանիզմի սիրտն է, և եթե այն կանգ առնի, բնականաբար, մյուս օրգանները չեն աշխատի: Դրա համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինչ-որ չափով տնտեսագետ լինի, ունենա տնտեսագիտական մտածողություն: Չէ՞ որ յուրաքանչյուրն իր ընտանիքում ինքնին տնտեսագետ է` բյուջե է կազմում, մտածում է` ինչի վրա գումարները ծախսել, ինչն է կարևոր կամ անկարևոր:

«Եթե ամբողջ երկիրը պատկերացնենք որպես մի ընտանիք, բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես է երկրում ստեղծվում եկամուտը, որ ճյուղերը առաջնահերթ զարգացման անհրաժեշտություն ունեն, ինչ հեռանկարներ կան և այլն: Գլոբալիզացվող աշխարհում մեզ նման փոքր երկրները պետք է կարողանան գտնել այն շուկաները, որոնք կլինեն գրավիչ և որոնք կապահովեն բարգավաճում: Եթե մենք վերցնենք Սևծովյան ավազանի երկրները, ապա կարող ենք ասել՝ այստեղ երեք հին ազգեր են ապրում՝ հույները, հրեաները և հայերը: Եվ եթե ամենավերջին իրողություններով իրար հետ համեմատում ենք ներկա դրությամբ այս հին ազգերի տնտեսության վիճակը, տեսնում ենք, որ Հունաստանի տնտեսությունն ինչ-որ տեղ փլուզման մատնվեց, որովհետև Հունաստանը, մտնելով Եվրամիություն, ընդունեց միասնական արժույթ՝ եվրո, ինչն էլ նրան տարավ մի գաղափարախոսության, որ կարելի է շատ ծախսել՝ չմտածելով ապագայի մասին: Դա հնարավոր է, բայց ժամանակավոր էֆեկտ է տալիս, քանզի գալիս է ժամանակ, երբ պետք է այդ պարտքերը մարել: Բայց այդ ազգը գտնվեց խելամիտ և հանրաքվեի միջոցով «ոչ» ասաց, այսինքն՝ դուրս է գալիս այդ համակարգից՝ հասկանալով, որ պարտքերի հետագա կուտակումը բնավ տնտեսական բարգավաճում չի ապահովի: Այնպես որ մեր տնտեսության համար, ճիշտ է, պետք են ներդրումներ, բայց եթե մենք ներքին կազմակերպվածություն չունենանք, չհստակեցնենք մեր ազգային տնտեսության գերակայությունները, չենք կարող ունենալ հեռանկարներ»,- ասում է անվանի տնտեսագետը:

Գիտնականի կարծիքով, Իսրայելն ինչ-որ տեղ կարող է մեզ համար օրինակ ծառայել, որովհետև, լինելով նույնպես աշխարհասփյուռ, պատմական ճակատագրով ինչ-որ տեղ մեզ նման չունենալով հողային-տարածքային մեծ ռեսուրսներ, այդ երկրի ժողովուրդը կարողացավ ստեղծել տնտեսապես և ռազմական ուժով հզոր պետություն և հատկապես գիտելիքի վրա հիմնված հասարակություն:

«Հայ ժողովրդի համար կրթությունը, գիտությունը միշտ էլ եղել են բարձրագույն արժեք, այսինքն՝ մենք ունենք անհրաժեշտ ներուժ, որպեսզի մեր երկրում նույնպես կառուցենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Այսօր փաստորեն տնտեսության դեմքը որոշում են ոչ թե միլիոնավոր տոննաներով պողպատի, ցեմենտի և այլ նյութերի արտադրությունը, այլ նոր տեխնոլոգիաների, նոր ճյուղերի զարգացումը, որոնք ապահովում են հսկայական եկամուտներ»,- գտնում է Հ. Մարզպանյանը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին` զրուցակիցը նշեց, որ մենք 3-րդ հազարամյակ ենք մտել աճի բավականին բարձր տեմպերով: 21-րդ դարի առաջին տարիներին ՀՀ-ում ապահովվում էր մինչև 10-12 տոկոս տնտեսական աճ:

Բայց 2008 թվականից աշխարհում սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն ազդեց բոլոր երկրների, հատկապես փոքր և դեռևս տնտեսապես կայունություն չունեցող Հայաստանի վրա: Այդ պատճառով մեզ մոտ ի հայտ եկան լուրջ դժվարություններ, տնտեսական անկում, և դա ուղեկցվեց սոցիալական հետևանքներով. մարդկանց մի մասը դարձավ գործազուրկ, մի մասը հայտնվեց աղքատության մեջ, իսկ որոշ մասն էլ հուսահատվելով թողեց-հեռացավ երկրից:

«Բայց պետք է տեսնել, որ մեր երկիրն ունի անհրաժեշտ ներուժ, և հուսահատվել պետք չէ: Շատ ոլորտներում արդեն ունենք լավ փորձ, առաջադիմություն: Վերցնենք թեկուզ շինարարությունը. շատերը, հավանաբար, հիշում են, թե անցյալ դարի 90-ական թվականներին ինչ վիճակում էին մեր մայրաքաղաքը, մեր ճանապարհները: Մի քանի տարվա ընթացքում ունեցանք շինարարության բուռն զարգացում: Եվ սա ոչ միայն մեզ է բնորոշ, այլև բոլոր զարգացած երկրներին: Արաբական երկրները շինարարության հաշվին են զարգացել: Դա այն ճյուղն է, որը պետք է շարունակել զարգացնել, որովհետև եթե մենք ունենք համապատասխան ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, շենքեր, հյուրանոցներ և այլն, ապա կարող ենք ունենալ նաև տնտեսության աճի համար կայուն նախադրյալներ»,- ասում է Հ. Մարզպանյանը:

Հիմնավորելով իր այս կարծիքը` տնտեսագետը գտնում է, որ թեպետ Հայաստանը ռեսուրսներով աղքատ երկիր է, սակայն զարգանալու իրական հնարավորություններ ունի: 100-120 տարի առաջ այն տարածքները, որտեղ նավթ էր հայտնաբերվում, անվանում էին Աստծո կողմից անիծված տարածքներ, որովհետև այդտեղ ոչ կենդանիներ էին արածում, ոչ էլ հնարավոր էր գյուղատնտեսությամբ զբաղվել: Սակայն անցավ որոշ ժամանակ, և ստեղծվեց ճիշտ հակառակ պատկերացումը. դա Աստծո շնորհն է, որ տրվել է արաբական երկրներին, որտեղ մեծ քանակությամբ նավթ կա:

Բայց փոխարենը մենք ունենք մարդկային, ինչպես նաև այլ տիպի՝ ոչ վառելիքային կամ ոչ մետաղական ռեսուրսներ: Հայաստանը ջրով, շինաքարով և այլ շինանյութերով հարուստ երկիր է: Մեր ամենամեծ հարստությունը, որ Աստված տվել է, բնությունն է: Ամենաարևոտ երկրներից մեկն ենք, իսկ ապագան պատկանում է ոչ թե նավթի վրա հիմնված, այլ արեգակի և բնության այլ հնարավորությունների օգտագործմամբ ստեղծված էներգիային:

Այսօր Եվրամիությունը կարողանում է զարգանալ այնպես, որ էներգիայի մոտ կեսն այլևս չի ստանում նավթի և գազի այրումից, անգամ հրաժարվել է Ռուսաստանից ներմուծվող գազից ու նավթից: Եվրոպական երկրներն ունեն էներգիայի այլ աղբյուրներ, ինչպես արեգակնային, քամու, ատոմային և այլն: Այս առումով Հայաստանում ևս ապագան պատկանում է գիտելիքի վրա հենված տնտեսությանը:

«Այսինքն՝ մենք մեր հասարակության օրգանիզմը պետք է ուժեղացնենք գիտելիքի և դրա պրակտիկ կիրառման շնորհիվ: Հետևաբար, հայրենասիրությունը ոչ միայն զենքը վերցնել և հայրենիքը պաշտպանելն է (դա, իհարկե, անվերապահորեն այդպես է), այլ նաև իր երկրի տնտեսության զարգացման գործում անձնական ներդրում ունենալը»,-ասում է Հ. Մարզպանյանը` հավելելով, որ ընտանիքի բարեկեցությունը պետք է համահունչ լինի հասարակության բարեկեցությանը, քանզի պետությունը դրանով է դառնում ուժեղ:

Տնտեսության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ թռիչքներ են կատարվում: Օրինակ՝ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ անապատային գոտում գտնվող մի երկիր, որպիսին Արաբական Միացյալ Էմիրաթներն է՝ շատ վատ բնակլիմայական պայմաններով, կդառնար աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը: Կամ էլ Սինգապուրի նման փոքր երկիրը կարող էր կարճ ժամանակում ապահովել շատ բարձր կենսամակարդակ:

Այս օրինակների շեշտադրումով Հ. Մարզպանյանը կարծում է, որ Հայաստանն իր տարածքով, բնակչությամբ, մարդկային ներուժով նման է Սինգապուրին, Իսրայելին կամ Շվեյցարիային:

«Եթե մենք ճիշտ կարողանանք օգտագործել առկա ներուժը, համոզված եմ, մեր երկրի տնտեսությանը մեծ թռիչք է սպասվում, և ապրելու ենք շատ ավելի բարեկեցիկ հասարակության մեջ»,- ասում է անվանի տնտեսագետը:

Աղբյուրը` ԱԶԱՏ ԱՐՑԱԽ 

Օտար լեզվով դասախոսություններ կարդացին Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսները

2015թ. նոյեմբերի 18-ին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսում ռուսերեն լեզվով դասախոսություն կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանը:

Դասախոսության թեման էր «Վերջավոր և անվերջ չափանի կոմպակտ օպերատորների սահմանումները և հատկությունները»:

Դասի ընթացքում ցույց տրվեց, որ կոմպակտ օպերատորները իդեալ են գծային սահմանափակ օպերատորների բազմությունում:

Օտար լեզվով դասախոսություններ կարդացին Ընդհանուր  մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսները

Ներկայացվեց կոմպակտ օպերատորների բազմության լրիվությունը: Դասական մաթեմատիկական անալիզի թեորեմները կիրառվեցին միավոր օպերատորների կոմպակտությունը վերջավոր չափանի տարածության մեջ և ոչ կոմպակտությունը անվերջ չափանի տարածության մեջ ցույց տալու համար:

Դասախոսության վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Նոյեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսում ռուսերեն լեզվով դասախոսություն կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ.Նավոյանը:

Օտար լեզվով դասախոսություններ կարդացին Ընդհանուր  մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսները

Ներկա էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը:

Դասախոսության թեման էր «Անիսկական ինտեգրալների մոտավոր հաշվումը» (“Приближенное вычисление несобственных интегралов”):

Դասի ընթացքում ուսանողներին ներկայացվեց առաջին և երկրորդ սեռի անիսկական ինտեգրալների մոտավոր հաշվումը:

Քննարկվեցին անվերջ սահմաններով անիսկական ինտեգրալների հաշվման մեթոդները, կիրառվեցին քառակուսացման բանաձևերը` ինտեգրալները տրված ճշտությամբ հաշվելու համար:

Երկրորդ սեռի անիսկական ինտեգրալները հաշվելիս շեշտվեց ինտեգրալի գլխավոր արժեքը Կոշիի իմաստով հաշվելու դեպքը: Բերվեց նաև եզակիությունների ադիտիվ անջատման Կանտորովիչի մեթոդը:

Օտար լեզվով դասախոսություններ կարդացին Ընդհանուր  մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսները

Դասախոսության վերջում ուսանողների մասնակցությամբ ծավալվեց ակտիվ քննարկում:

Ինտելեկտուալ խաղ

Ինտելեկտուալ խաղ

2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել է մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը: