Yerevan State University Ijevan Branch

Happy new year 2016

Շնորհավո՛ր նոր՝ 2016 թվական

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ. տոն, որ լի է նոր հույսերով, հավատով ու սպասելիքներով, իղձերով ու նպատակներով, նոր ձեռնարկումներով և իհարկե հրաշքներով…

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:
Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց:

Այդ պատճառով ժողովուրդը հատուկ ծիսակատարություններ է արել` կապված տիեզերական ծառի հետ: Տիեզերական ծառն ուղղահայաց գիծ է` երկրից երկինք, որն արտահայտվում էր գերանի տեսքով: Այն ուղղահայաց դիրքով դնում էին խարույկի մեջ, և յուրաքանչյուր մարդ, տուն մտնելով, մի ճյուղ էր ավելացնում գերանի կողքին` այդպիսով վառ պահելով կրակը մինչև հունվարի 6-ը` Քրիստոսի Ծնունդը:

Տարեմուտի գիշերը նաև գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանք: Քանի որ պասից շրջան էր, և ժողովուրդը պատրաստվում էր Սուրբ Ծննդյան տոնին, Ամանորի առաջին օրերին մատուցվում էին առանց մսի պատրաստված կերակուրներ. տոնական սեղանի անբաժան մասն էին պասուց տոլման, կլոր գաթան, (որը խորհրդանշում է արևը), քառանկյուն փախլավան (որը խորհրդանշում է աշխարհի չորս կողմը կամ խաչը):

Այս Նոր տարին՝ 2016 թվականը, ըստ արևելյան օրացույցի, կարմիր կրակոտ կապիկի տարի է, որն ուժի մեջ է մտնելու 2016թ. փետրվարի 8-ին և տևելու է մինչև 2017թ. հունվարի 27-ը: Հենց այդ օրը, ըստ չինական հորոսկոպի, կանաչ փայտե այծն իր տեղն է զիջելու կրակոտ կապիկին։

Կապիկը խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ անկանխատեսելի, նա կարող է փոխվել ըստ տրամադրության. լինել բարի, ուրախ, ագրեսիվ, չար։

2016թ. խորհրդանիշը սիրում է շրջագայություններ, սարեր, գեղեցիկ բնություն և նոր տպավորություններ։ Այս տարի նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տքնաջան և դժվար աշխատանքի վրա կենտրոնանալ՝ անկախ խնդիրներից և անախորժություններից։

2016 թվականի գլխավոր գույներն են կարմիրը և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը (ռուբին, նռնաքար, սաթ) հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից  է նաև մետաղը: Երջանիկ թվերն են 4-ը և 9-ը։ Ծաղիկներն են յասամանը, ոսկեծաղիկը:

Թո՛ղ կարմիր կրակոտ կապիկի տարում անհուն-անհատակ սեր, երջանկություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն լինի մեր ընտանիքներում, աշխարհում կայուն խաղաղություն լինի, մեր հոգիներում՝ լույս, ջերմություն ու ներդաշնակություն և անկախ այս տարվան բնորոշ անկանխատեսելի հանգամանքներից՝ սիրենք և բարին կամենանք իրար.

Թե աշխարհում փակ դռներ կան,
թո՛ղ որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թո՛ղ ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թո՛ղ լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թո՛ղ ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր…

 

 

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

2015թ. դեկտեմբերի 9-19-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի` շուրջ երեք տասնյակ միջնակարգ և ավագ դպրոցներում:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին, որոնց մասնակցում էին ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Վ.Աղաբաբյանը ներկայացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները, մասնաճյուղում նախատեսվող նոր կրթական ծրագրերը, միասնական քննությունների առանձնահատկությունները:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

 Մասնավորապես նշվել է, որ 2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 2 նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվել են ընդունելության քննությունների ցանկը, անվճար և վճարովի տեղերը, ուսման վարձաչափերը:

Քննարկվել են ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումներ մարզի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ

Հանդիպումների ընթացքում աշակերտներին հետաքրքրել են գլխավորապես կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող հարցեր:

Տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու հետ մեկտեղ ապագա դիմորդներին հատկապես գրավել է ուսման համեմատաբար մատչելի վարձաչափերի առկայությունը մասնաճյուղում: